понедельник, 11 ноября 2019 г.

իջիր երկիր, ինձ կապույտ պետք չէ


Քաղաքի ամենաբարձր էլեկտրասյուների գագաթներին կարելի էր տեսնել այդ կանանց, որոնց թավ մազերը բռնում էր քամին, իսկ հնահոտ զգեստների փեշերը կախվում էին ցած: Ռադիոյի միակ ալիքով բղավում է մեկը. <<Քաղաքում ժամը 2.07 է>>: էլեկտրասյուները խեղդվում են իրենց գլխներին կանգնած կանանց երգից, որ քթի տակ են երգում միայն (սերմնացանի մասին մի հին երգ, որ ոչ մի կապ չունի քաղաքի ու 2.07 րոպեի հետ):
Հորիզոնը ծածկվեց քաղաքացիների սովորականից ավելի մուգ ստվերներով, նրանց բոլորի աչքերում մի տեսակ փայլ ու ինչ-որ սպասում կար (գուցե՝ հրաշքի՞): Երկնքին ավելի մոտ գտնվող կանայք իրենց լայն ճերմակ զգեստների լոճված թևքերից հանեցին ծովագույն երիցուկների թերթիկները և սկսեցին խաղաղ շաղ տալ քաղաքի ու ներքևում սպասող մարդկանց վրա: Հողի վրա ապրողները սկսեցին միմյանց հրմշտելով օդից բռնել թերթիկները և դրանք խցկել հրաշքների սպասումով իրենց գրպանները: Քաղաքում տարածվեց ուրախության արցունքների բույրը: Այդ պահին բոլորն էին մոռացել, թե միայն երբ են այդ կանայք բարձրանում էլեկտրասյուների գագաթներին... Սակայն բավական է, որ տուն վերադառնան և չոր կարտոֆիլ խաշելիս հանկարծ մտաբերեն, որ պատերազմում քաղաքից ինչ-որ մեկն է սպանվել: Իրար խառնված նրանք կբացեն տան ամեն դուռ, լուսամուտներն էլ, որպեսզի տեսնեն արդյոք մեկը պակասե՞լ է հավերժ իրենց տանից, թե՞ այս անգամ էլի հարևանի հերթն է: Բայց հիմա նրանք դեռ չեն համարձակվել տուն վերադառնալ և երիցուկներն են անմոռաց բռնում: Տեսնես՝ ո՞վ առաջինը կհմարձակվի քայլերը դեպի տուն ուղղել:
Քաղաքի բոլոր եղած և դեռ չհորինված ռադիոները միաձայն գոռում են՝ <<Քաղաքում ժամը 3.11 է>>: Շոգից փշաքաղվող, գրպանները ծանր ամբոխը ցրվեց:
Երբ քաղաքի բոլոր տներում կարտոֆիլ կլպելուն 5 էր պակաս՝ կրակոցները սկսվեցին: Կրակոցները, իհարկե, միշտ էլ սարսափելի են, սակայն երբ դրանց գումարվում է նաև շոգը՝ դառնում է անկառավրելի:
1 ծխախոտ, 2, 3... Չի փրկի:Հանկարծ բոլորը մի տեսակ ծանրություն են զգում, և իրենք իրենց շոշափելով հասնում են գրպաններին ու կանգ առնում: Բաղադրատոմսը չափից ավել պարզ է. եռացրած ջուր, 1 գդալ շաքարավազ և կապույտ երիցուկի 3 թերթիկ. մինչև վերջին կաթիլը ըմպելուց հետո կրակոցների ձայները հանկարծ վերածվում են կապույտ թռչունների ծլվլոցի:
***
Ես պատրաստ էի հերոս դառնալ, սակայն այդպես էլ առիթ չստեղծվեց: Ասում են՝ պատերազմի ավարտը միայն մեռյալները կարող են տեսնել, ուրեմն հաջորդ կյանքում սնդիկ ծնվիր ու տարածվիր երակներումս, խնդրում եմ: Քո մազերի բույրը քաղաքում բոլորի պարանոցներին փաթաթված է որպես ելակե պարան: Քեզ ասացի, որ պատրաստ եմ մեռնել, իսկ դու հայտնվեցիր երազումս ու ավելացրիր՝ <<Կկարողանայիր մեռնել, եթե իմանայիր հանուն ինչի>>: Երբ բարձրանում ես էլեկտրասյան գագաթին՝ մենք, ասես, տարբեր ժամանակների մեջ ապրենք, բայց այդ պահին է, որ հավատում եմ՝ զուգահեռ իրականությունում մենք իրար գտնում ենք: Երբեք չես խոսում... իսկ երազներումս, երբ վերջապես խոսում ես՝ բերանիցդ մեխերի համ է գալիս. ի՞նձ ես պատրաստվում խաչել, թե՞ ամբողջ քաղաքը: Վախենում եմ, որ մի օր նորից կգաս երազումս, ու քեզ չեմ ճանաչի: Ինչո՞ւ եմ թեյի բաժակը շուռ տալիս միշտ այն ժամանակ, երբ քեզ եմ փնտրում, և ինչո՞ւ եմ ամենածանր միայնությունն ապրում այն ժամանակ, երբ քո մասին եմ գրում: Որտեղի՞ց ես դու գտնում այդքան կապույտ երիցուկներ, գրողը տանի, և ինչո՞ւ ենք մենք այսչափ միայնակ, սեր իմ, երիցուկներն էլ չեն փրկում, կրակոցներն էլ չեն կործանում:

Հանդիպում առաջին և վերջին

Երբ սովորականի պես թափառում էի մայթեզրերով, հանկարծ կրակոցների արանքից բռնեցի զանգերի աղոտ ձայներ: Հիպնոսացած վազեցի զնգոցների հետքերով: Ասֆալտի ծարաված մարմնին դաջվել էին թաց ոտնահետքեր... դրանցից նարնջագույն բույր էր ծորում: Գիտեի, որ նա է... աստվածնե՜ր: Այդ մտքից՝ երկինքն ավելի մոտեցավ ստվերիս: Քայլերս արագացրի: Նա ոտաբոբիկ էր, երկար փռված վարսերը տատանում էին սրտիս աշխատանքը: Ինձ չկորցնելով՝ խոշոր քարեր հավաքեցի, վազեցի դեպի նա և ծնկներիս վրա իջնելով սկսեցի քարերը շարել նրա ոտքերի առաջ, որպեսզի ջրափոսերի մեջ այլևս չմտնի: Աչքերով թույլ ժպտաց, և մարգարտե օղերն, ասես, մի պահ փայլեցին ի շնորհակալություն: Անունը հարցրի, իսկ հաջորդ վայրկյանին գիտակցեցի, որ նրա անունն իմանալը ոչինչ չէր փոխի, ու սկսեցի ատել ինքս ինձ: Չպատասխանեց: Ավելի ոգևորված հարցրի՝ թե ուր է գնում, թույլտվություն խնդրեցի ուղեկցելու, շարունակեցի մի ամբողջ անհեթեթ հարցերի շարան փաթաթել  ոտքերին. << Չե՞ս մրսում... Էլեկտրասյան գագաթին ինչպե՞ս չես վախենում... Այդքան կապույտ երիցուկներ որտեղի՞ց ես գտնում... Չե՞ս հոգնում կապույտ գույնից... Սիրտդ զբաղվա՞ծ է.. Իմ պատրաստած գինուց կխմե՞ս... Ինչո՞ւ չես խոսում... մի բառ ասա, խնդրում եմ>>: Իսկ նա, ասես, ոչինչ չլսեր: Մի պահ անգամ վստահ էի, որ լսողական ծանր խնդիրներ ունի, քանի-որ ոչ մի կերպ հանդարտ, ծովաբույր դիմագծերը չէին փոխվում: Արդեն փորձում էի ժեստերով խոսել հետը, երբ հանկարծ մտաաբերեցի, որ նա ռադիոյի բղավոցը լսելուց հետո է միայն երիցուկները շաղ տալիս, և ինձ կատարյալ հիմար զգացի: Որոշեցի ուղղակի լռել ու կողքով քայլել՝ սպասելով, որ վերջապես ինչ-որ բան կասի: Առջևում արևը մեռնում էր, ու նրա վերջին հևոցները խեղդվում էին կապույտի մեջ: Սկսեցի մի տեսակ խամրել այն մտքից,որ հերթական անհեթեթ երազներից է: Հպվեցի նրա ձեռքին՝ սա՜ռն էր... իրական է: Մենք հանդիպել ենք, սա իմ ամենաերազանքն էր մի քանի հարյուր տարի շարունակ, և, ահա, իրականացավ, իսկ ես կործանվում եմ ոչ թե պատերազմից, այլ նրա անհատակ լռությունից: Չդիմացա ու փակեցի ճանապարհը, կանգնեցի ուղիղ նրա առջևում ու նայեցի աչքերի մեջ: Դրանք զմրուխտաթույր խազերով էին և ճիշտ կապույտ երիցուկների երանգն էին կուլ տվել: Նա նույնպես անթարթ սուզվում էր իմ մեջ, ասես, թաքցնում էր մի այնպիսի գաղտնիք, որ հայտնի էր միայն կապույտ երիցուկներին և ռազմի դաշտում խելագարվածներին: Անհամարձակ քայլ առաջ դրեցի ու զգույշ փորձեցի գրկել նրան, իսկ նրա դեմքն առաջին անգամ փոխվեց... ծովագույնի վրա թուխ ամպեր կուտակվեցին, և նա իր բարակ ու ոսկրոտ ձեռքերով հրեց ինձ ու շարունակեց իր ճանապարհը: Ջղաձգվեցի, ու շունչս սկսեց կտրվել այդ տեսարանից, բայց շարունակեցի հետևել նրան, այս անգամ արդեն նյարդային քայլեր գցելով: Նա նկատեց ինձ, երևի նաև հասցրեց բռնել դուրս ցցված երակներս և վազել: Այնքան թեթև էր վազում սուր-սուր քարերի վրայով, ասես, փետուրի ծանրություն ունենար: Որքան ուժ կար ներսումս՝ ուղարկեցի ոտքերիս, որպեսզի հասնեմ նրան: Շունչս կտրվում էր, ոչ թե արագությունից, այլ կրկին նրան մոտ լինելուց: Ժպտաց ու առանց բառ նվիրելու՝ գոտու արանքից, որը գրկում էր բարակ իրանը, թերթիկներ դրեց ափերիս մեջ, շրջվեց ու շարունակեց ճանապարհը: Մի քանի վայրկյան սառած մնացի... ինչի՞ս են պետք այդ գրողի տարած երիցուկները: Նայեցի երկինք, թվաց, թե ագռավներ են պտտվում գլխավերևումս, այն ինչ՝ ընդամենը չորացած տերևներ էին: Նրա ծաղկաբույրը լքում էր ստվերս: Որոշեցի թաքուն հետևել նրան: Զգուշանում էի, որ հանկարծ չնկատի ինձ: Դուրս եկանք մի նեղ կածան՝ շրջապատված ահռելի ժայռերով. ամայությունը ճնշում էր: Դրան հաջորդեց ամբողջությամբ դեղին արահետը, որտեղ ոսկեգույն թևերով թիթեռներ էին, որոնք թռչելու փոխարեն շունչները պահած կանգնած էին օդում: Նա մի պահ շրջվեց՝ զգալով, որ իրեն հետևում են, սակայն ես խնամքով թաքնվել էի, ու նա հին խաղաղությամբ շարունակեց ճանապարհը: Սկսվեց փիրուզաթույր գետ, որի շառաչը խժռում էր իմ ոտնաձայները: Նա մտավ գետը ու սկսեց դրա հոսքին հակառակ քայլել: Անգամ գետն էր խաղաղվում նրա հպումներից: Առջևում փակուղի էր, իսկ նա շարունակում էր հաստատուն քայլել, ասես, իր համար պիտի հատուկ դարպասներ հորինվեին: Երբ դեմ առավ փակուղուն՝ առանց վարանելու սուզվեց գետը, դեմքս այլայլվեց: 3,2,1 սուզվեցի նրա ետևից: Գետը սառն էր, բայց այնքա՜ն պարզ: Տարօրինակ էր, բայց այդ ջրից թարմ կաթի համ էր գալիս: Փաստորեն, գետի ներքևում ճեղքվածք կար, որտեղով հնարավոր էր շրջանցել փակուղին: Ներսումս օդը ուր-որ է մեռնում էր, երբ վերջին պահին ինձ գցեցի ափ: Ամբողջովին կապույտ դաշտ էր, ասես, երկնքի շարունակությունը լիներ: Երբ շունչս տեղն եկավ՝ սկսեցի աչքերս քայլեցնել դաշտի մի ծայրից՝ մյուսը, և հասկացա, որ ամբողջությամբ պատված է կապույտ երիցուկներով: Նա ծնկների վրա իջավ ու սկսեց աչքերը սեղմած հոտ քաշել երիցուկներից, ժպտալ, հետո թավալ գալ դրանց մեջ՝ նմանվելով ինչ-որ թռչնի: Օդում ոսկեբույր, անհասկանալի փոշի էր նստել, բաճկոնս այդ տարօրինակ փոշուց ամբողջությամբ փայլփլում էր: Նա տրվեց կախարդանքին ու աչքերն ամենայն ամրությամբ կողպեց: Խանդից, որ նա ոչ թե իմ գրկում է, այլ այդ գրողի տարած երիցուկների՝ հարձակվեցի դաշտի վրա ու սկսեցի ատամներով կրծել հողը, որտեղ թաքնված էին երիցուկների արմատները: Նա վեր թռավ տեղից ու աչքերից սկսվեց մանուշակագույն վախ ծորալ, իսկ իմից՝ կայծ: Սկսեց փակել դիմացս՝ չթողնելով, որ կործանեմ դաշտը, բայց ինչ աստված էլ իջներ երկնքից՝ չէր կարող մեղմացնել կատաղությունս: Ինձ կորցրած սկսեցի ոչ միայն երիցուկներին վերացնել, այլ նաև կոպտորեն նրա երկար մազերից կախվել: Այդ պահին ամենից շատ ուզում էի համոզվել, որ այլևս երբեք չենք հանդիպելու, և վերջապես խաղաղվել: Նա ձեռքիցս պլստաց և անէացավ հորիզոնում: Այն միտքը, որ նրան բաց թողեցի հավերժ՝ կապույտ գլխապտույտը ձգեց մինչև երկինք, ու սկսեցի ավիրել դաշտի յուրաքանչյուր սանտիմետրը: 14 րոպե 6 վայրկյան անց դաշտում չմնաց գոնե մեկ երիցուկ, որի շունչը փչած չլիներ: Ինձ զգում էի դարի չարագործ. այդպիսի հաճույք ապրել էի մեկ էլ նրան առաջին անգամ էլեկտրասյան գագաթին տեսնելիս: Չգիտեմ՝ խիղճս տանջեց, թե ուղղակի չիմանալով՝ հետո ինչ անել՝ հավաքեցի բոլոր երիցուկները, խցկեցի գրպաններս, տաբատիս կարկատանների արանքները, կոշիկներիս բաց բերանները, մի մասն էլ տեղավորեցի ականջիս ետևում ու սուզվեցի գետը: Դրանք լքեցին ինձ ու սկսեցին հանդարտ իջնել գետի հատակը, ուղիղ դեպի Ոչմիտեղ: Երանի՜ այս ամենի վրա վաղը ձյուն իջնի... 
Քաղաք մտա ժամը 34.01-ին, այն անճանաչելի քաոսի էր վերածվել: Մարդիկ, ասես, խելագարվել էին և հորիզոնը շրջվել էր գլխիվայր, գրողը տանի: Յուրաքանչյուր կրակոցի ձայնից՝ մարդիկ բարձր ծիծաաղում էին ու 4 գլուխկոնծի տալիս միմյանց վրա: Մոտեցա թավ, խուճուճ մորուքով մի տղամարդու, իսկ նրա աչքերից դեղին ցնորության շողեր էին նետվում դեմքիս: Վախենալով՝ հարցրի, թե այս ինչ սարսափելի իրարանցում է քաղաքում, իսկ նա սկսեց բառերի տառերը վերջից դասավորելով խոսել. <<լեվրագալեխ քնե, րեկնը մի...>>: Ապշահար շարունակեցի ուսումնասիրել շուրջս. քաղաքում բոլորը հետ-հետ էին քայլում և ամեն բան թարս էին անում: Չհամարձակվեցի մտածել, որ իմ պատճառով է քաղաքն այսպես ավիրվել: Գլուխս որքան հնարավոր է ծանր՝ խփեցի առաջին իսկ պատահած պատին. չէի մտածի, որ այդ կնոջը կկարողանամ մոռանալ, և այլն էլ մի քանի ժամում, և սպասեցի ձյանը, որն այդպես էլ չիջավ:
***
Քաղաքի ռադիոյի միակ ալիքով մեկը ճչաց. <<Մուքաղաք ըմաժ 97:37 է>>: Մեջքով հետ-հետ քայլելով քաղաքի բնակիչները հասան գլխավոր հրապարակ, որտեղ արևի ուղիղ ճառագայթներից ոչ միայն նրանք էին հալվում, այլ նաև իրենց չափից դուրս միայնակ զգացող էլեկտրասյուները, որոնք ասես խնամքով հյուսված պսակներ լինեին քաղաքի վրա: Ինչ-որ մեկը 6 գլուխկոնծի տալով ճեղքեց ամբոխն ու ոսկրոտ ուսերի վրայից մի ահռելի պարկ իջեցրեց, որից ամենաքաղցր մեղրի բույրն էր տարածվում: Պարկը բացեց, իսկ այնտեղ քաղաքի միակ գետից բռնված ձկներն էին...նրանց թեփուկները շատ ծանոթ ոսկեգույն փոշու մեջ էին թաթախված: Բոլորը հարձակվեցին մեղրաբույր ձկների վրա ու սկսեցին առանց միմյանց հերթ տալու խժռել՝ փշերով հանդերձ, որոնք ամենևին էլ սուր չէին, հակառակը՝ բամբակ էին հիշեցնում և կապտահամ ունեին: Քաղաքում մի քանի րոպե բացարձակ լռություն էր տիրում, և միայն նրանց ուտելու ճպճպոցներն էին լսելի: Համը քաղաքացիներին այնքան ծանոթ թվաց, սակայն դա այնքան շուտ էր, որ չփորձեցին անգամ մտաբերել, թե որտեղից էր ծանոթ: Հանկարծ բոլորը սկսեցին դանդաղ պարել՝ զուգահեռ երգելով, նրանց բոլորի գլխներին սկսեցին թարմ կապույտ երիցուկներ ծաղկել... այլևս ոչ մի կրակոց չլսվեց նրանց ականջներում, չնայած նրան, որ պատերազմը այդ քաղաքում դատապարտված էր շարունակվել հավետ, իսկ նրանք պիտի մի քանի հավերժություն դեռ վայելեին երկնքից թափվող մեղրաթույրը...

Էննի-Մէնա

Комментариев нет:

Отправить комментарий