понедельник, 12 октября 2020 г.

չ-Աղոթք


Հայր մեր, որ ասում են, թե երկնքում ես, ստիպի՛ր, որ ապրենք այնքան, մինչև կտեսնենք պատերազմի ավարտը, որովհետև այսուհետ հողի տակ են պառկած ամենասիրահարվածները, ուրեմն այնպես արա՛, որ հողի վրա էլ կարողանանք սիրել:

Հանապազօրյա հացը, որ տալիս ես մեզ այսօր` խրվում է կոկորդում որպես փամփուշտ, մի՛ թող, որ վիժեն երազանքները մեր, այլ խաղաղություն իջեցրո՛ւ մեզ վրա, ու թող այն լինի պայծառ այնքան, որ մեկընդմիշտ մոռացնել տա պ ա տ ե ր ա զ մ բառի գրելաձևը։

Դուրս հանի՛ր մեզ նկուղներից, ու թո՛ղ երիտասարդությունը մեր անցնի սրճարաններում, ծերությունը` ընտանեկան ջերմ ընթրիքի շուրջ, իսկ մանկությունը` հեքիաթների գրքերի միջով, և հեքիաթներում բոլոր՝ թո՛ղ բարին հաղթի չարին, և երեխաներից ոչ մեկը չկասկածի, որ այլ վերջաբաններ էլ են հնարավոր։

Մեզ հասնող նամակները բոլոր ներկի՛ր ցանկացած այլ գույն, որովհետև մենք անգիր ենք արել սև նամակներում կախված բառերի շարանը՝ առանց ծրարն իսկ բացելու:

Մի՛ թող, որ փողոցները խեղդվեն միայն հրաժեշտի համբույրներով, և հիշի՛ր, որ մեզ տարվա 5րդ եղանակ ես պարտք, որտեղ վարար հոսում է գետը և տանում իր հետ պ, ա, տ, ե, ր, ա, զ, մ տառերը... Եվ առհասարակ, միթե° մեղք է` դեմ գնալ հող դառնալու կարգին, Հայր մեր։

Ուղղակի խոստացի՛ր, որ մի օր մեր ծիծաղը կրկին կլսվի ավելի բարձր, քան կրակոցները բոլոր։ Լռեցրո՛ւ պայթյուններն այս, որովհետև մենք սկսել ենք ապրել հարյուրների փոխարեն, որոնց ականջները ջազին էին սովոր:

Հայր մեր, որ ասում են, թե երկնքում ես՝ ուղղակի եղի՛ր, ու թո՛ղ լինենք մենք խաղաղության քողի տակ…

ԱՄԵՆ
Էննի-Մէնա
12.10.2020

Комментариев нет:

Отправить комментарий