Ոչինչ չասող դեմքը տետրի դատարկ թուղթ էր հիշեցնում: Բոլոր կանգնածներին պարզից էլ պարզ էր, որ միգուցե առաջին, բայց հաստատ վերջին անգամ են տեսնում նրան: Այս փաստը բոլորին էր հայտնի, միայն ոչ նրան: Բոլորի կարմիր ստվերները հաշված րոպեներ անց այլայլվելու են հիասթափության տենդից, ու ողողվելու արնագույն երազանքներով, որ շուտով պիտի միանան մեծամասնությանը, դասվեն ստվերների ժանգոտած աշխարհի ուրվական երազանքների շարքին:
- Շարվեք ըստ երազանքների քանակի: Գալիս է:
Քայլում էի դանդաղ, շտապելու առիթ չկար, անգամ չէր կարող հորինվել: Քանի-որ այս տեսակ հատուկ օրեր հազվադեպ են հանդիպում` որոշեցի հագնել համեմատ նոր բարձրակրունկներս (Ոչ ավել քան 200 տարվա կլինեն): Վզիս ներքևի դուրս ցցված ոսկորները փակեցի ալ կարմիր շալով, թանաքի վառ երանգով պատված հաստ մազերս վեր հարդարեցի` թեթևակի դուրս թողնելով ականջներս և վերջում ամրացրի այն ճոխ հերակալով, որ մինչ օրս կիպ քարշ եմ տալիս, և որը փոխարինում է բարալիկ շողքիս, ինչը ես չունեմ: Վրայի ամեն մի փայլըհիշեցնում է այն յուրաքանչյուր ակնթարթը, որ միասին անցկացնում էինք զմրուխտե ծովի ափին գտնվող խրճիթում (Ու միայն հիմա, երբ հետ հայացք եմ գցում այն օրերին, նկատում եմ, որ խչճիթն այդ մռայլ էր ու մթոտած. մի բան, որ այդպես էլ չընկալեցինք):
Ծերուկ ես հիմա Տարնոս, այ թե հիմա տեսնեիր ինձ,,, Ամենևին էլ չեմ փոխվել: Նույն վայրի գեղեցկությունն եմ կրում` զգում եմ: Չնայած փաստին, որ այն օրից ի վեր հայելու դեմքը չեմ տեսել: Ինչի՞ս են պետք գրողի տարած հայելիները, որ ամբողջ ժամանակ զբաղված են միայն մեզ հետևելով: Տարնոսը, չեմ հերքի` խելք ուներ: Աչքերը գազի վառ կապույտ կրակներ էին հիշեցնում, շուրթերը միշտ հարթ էին` զուրկ ճաքերից, ասես մոմից կերտված լինեին: Քթի վերնամասով պղտոր գետի նման մի բաց կապտականաչ երակ էր թափառում, և երբ դեմ առ դեմ կանգնած հոգիներս էինք ավանդում կեսգիշերվա խավարում ու վերածնվում արևի առաջին շողերի հետ միասին, անխախտելի լռության ներքո լսելի էր արյան վարար հոսքը այդ երակով: Հա, թովիչ երիտասարդ էր` առաջինն ու վերջինը: Հիմա խելքը թռցրած ծերուկ կլինի: Այնքան հին է, որ վախենամ ծերությունն էլ արդեն նրա համար վաղուց անցյալ է գնացել:
Քայլերս հստկ եմ գցում, որ ազդեցիկ թվամ: Լսվում է բարձրակրունկներիս հառաչը: Քամին օրորում է մոխրակապտավուն, երկար զգեստիս փեշերը: Շրթունքներս ծածկել եմ վառ արնագույն շրթներկով: Ես անկրկնելի եմ:
- Հիասթափության տենդը: Ահա' նա: Մոտենում է, - բղավում էին դեռ ստվեր ունեցողները ու խախտում բարձրակրունկներիս հառաչի ու քամու մեղմ օրորի միաձուլված նվագը:
Ախր ես անուն ունեմ: Այնքան եմ սիրում այն` Շամոնէ: Իսկ ինչու՞ են այդպես ահում ինձնից: Չէ՞ որ ես կարող էի վոգեշնչման աղբյուր դառնալ նկարիչների, պոետների, երաժիշտների համար, և վերջիվերջո ապրելու ցանկությունը լինել չապրել ուզեցողների համար: Այն անիծյալ օրից այս կողմ, երբ Տարնոսը դարձրեց ինձ հիասթափության տենդ` հասկացա, որ կլինեմ ոչ թե պատճառ ապրելու, այլ ճիշտ հակառակը: Ի՞նչ է, ձեր այդ բողոքներն ինչի՞ համար են: Միթե՞ հաճույք չէ հրաժեշտ տալ ստվերին` ինձ տեսնելով ու դիպչելով:
-Վերջ չկա՞ այս հրեշախտին: Ախր ոչինչ էլ հավերժ չէ: Պետք է քշենք այս ցնդած պառավին մեր քաղաքից: Մեր խեղճ Նամսեկի: Հիմա էլ հիասթափության տենդի մեջ ես տապակվում: Ինչու՞ պիտի բոլորս`թե' երեխա, թե' ծեր, որ երբևէ չենք զգացել հիասթափության հոտը`անստվեր քանդակների վերածվենք, որ բացի հիասթափության ծանր գույնից, այլ գույն այլևս երբեք ճանաչել չեն կարող:
Դեռ այն մոռացված դարերում, երբ փոքրիկ Շամոնէն էի, ով ստվեր ուներ` երազում էի քանդակագործ դառնալ: Իհարկե ծնողներս չափից ավել զբաղված էին իրենց սեփական գործերով, ու այդ իսկ պատճառով երբևէ չկերտեցի իմ քանդակը: Անգամ չվայելեցի կավի անուշաբույրը, րզգացի նրա ուրիշ սառնությունը ոսկրոտ մատներիս արանքներում: Իսկ այժմ մեծ վարպես եմ: Իրականացնում եմ վաղեմի կարմիր երազանքս: Շուտով այստեղ էլ բոլորը կդառնան Շամոնէի արվեստի նմուշներից ու ոգեշնչում կլինեն նրանց համար, ովքեր դեռևս չեն հասցրել խաչվել հետս:
Այս տոնական օրով ինչու՞ են համատարած սգավորի զգեստներ կրում ու այսպիսի խղճմտանք առաջացնող հայացքներով շփոթահար միմյանց նայում ու ինչ-որ խոսքեր պաղատում:
- Հեռացի'ր խելապակաս: Չհամարձակվե'ս դիպչել երեխաներիս: Բոլորս ի՞նչ մեղք ունենք, որ քեզ մի տղա քանի հարյուր տարի առաջ ցավ է պատճառել:
Ցա՞վ է պատճառել... Իսկ միգուցե նա դեռ վերադառնա ինձ մոտ: Սրտումս սուր ծակոցներ զգացի, մի պահ կանգ առա, աչքերս փակեցի, խորը շունչ քաշեցի ներսս լցնելով բոլոր ասված թունոտ խոսքերն ու առանց վարանելու գնացի անելու այն միակ բանը, որ կարողանում եմ` նոր շողքեր հափշտակել հավաքածուիս համար և հիասթափության կավից նոր քանդակներ կառուցել: Քամու սառը սիմֆոնիան է լսելի հեռվից, որ ցտեսություն է մաղթում այստեղ կանգնածներին, և ես սկսում եմ իմ անմոռաց պարը: Պտտվում է շուրջ բոլորը: Շոյում եմ մեկի ոսկեծամ գլուխը, մյուսին համբուրում եմ, այն մեկի կզակին եմ նուրբ դիպչում: Խենթացում է տիրում ամբողջ Նամսեկիում, խելառ խնջույք, որտեղ միայն ես եմ զվարճանում, սա միայն Շամոնէի խնջույքն է:
Բարձրակրունկներիս ծանրացած հառաչն եմ քարշ տալիս Նամսեկիի խուլ փողոցներով: Պատուհաններից այն կողմ դատարկ է, ինձնով հմայվող հայացքներից զուրկ: Նոր քանդակներով է վխտում Նամսեկին: Այս քաղաքն էլ դասվեց մնացյալ անստվերոտ քաղաքների շարքին: Ձեռքերս կավի մեջ կորած են, մազերս էլ ահագին թափթփված:
Խնջույքն ավարտվել է, ես հանում եմ բարձրակրունկներս, թողնում հաջորդ հատուկ օրերի համար: Ոտաբոբիկ եմ լքում Նամսեկին, որ այլևս երբեք չի կրելու շողքեր ու մնալու է ազատ, բայց հավերժ փաթաթված հիասթափության տենդով:
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий