четверг, 20 октября 2016 г.

***

Կարմիր ավտոբուսը հորիզոնում արյան բիծ էր հիշեցնում։ Այժմ շոշափելի է։ Կամրջի մոտ հասնո՞ւմ եք։ Հա։ Բարեբախտաբար ազատ տեղ կա նստելու։ Ականջակալներով փակում եմ ականջներս։ Ինչո՞վ շոյվել։ Լակրիմոզայի Սատուրան։ Հա։ 10 րոպե։ Կխլի ողջ ժամանակը մինչ իջնելս ավտոբուսից։ Չէր խանգարի մի քանի անգամներ էլ օծվել սրանով, բայց... բայց 10 րոպե ունեմ մինչ կամուրջ։ Դեմքս ծամում են անգույն հայացքներ։ Յուրահատուկ է օրը։ Այսօր չեմ վախենում ծամվելուց։ Նրանցից գեթ մեկը գիտի՞ `ուր եմ գնում։ Գրողը տանի։ Ո՞ւմ է պետք` հոտս նորից առնել կամ չառնել ավտոբուս նստելիս
փողոցներում երազելուց
տանիքներում թռչելիս
Մթում սրճվելուց
Մարդիկներ հորինելուց
Կամ։ եսիմ։
Հիմա ավտոբուսում եմ։ Ոչինչ չես փոխի։ Օրը տաք է։ Բայց ես դողում եմ։ Ավելի շատ գալիք անորոշ աբսուրդից։ Ծեր կին է բարձրանում ավտոբուս, որ մի իսկական պատմվածք կդառնար, եթե գրեի։ Բայց ես գրելու փոխարեն տեղիցս վեր եմ կենում։ Նստեք։ Գոնե մի օգտակար բան արած լինեմ գրողի տարած կյանքումս։ Ամեն անգամ ավտոբուս նստելիս ժպտացել եմ մայրամուտ ուտելուց ու ինքս ինձ համոզել թե արժի ապրել հանուն դրա։ Մայրամուտ է։ Չեմ ժպտում։ Եթե զանգեիր, երևի կորոշեի չգնալ։ Կվերասովորեցնեի քեզ կարմիր սիրո
ապրելու
ժամերով հենց ընենց ցնդաբանելու արվեստը,
որ շուտ մոռացության մատնեցիր։ Կգրեի գրողի տարած 100 նամակները, վերջում թողնելով շրթներկիս հետքը, ինչպես խոստացել էի։ Եվս մեկ խոստում պիտի խախտեմ։ Կլցնեի ներսիդ ողջ կապույտ քաոսը երակներս ու կզգաի մանուշակագույն կայծակներ ստամոքսումս։ Հիմա դու գրողի տարած չգիտես ինչով ես զբաղված, ու միտքդ չափից ավել հեռու է ինձնով լցվելուց։ Իսկ ես փրկվել եմ ուզում։ Երևի։ Հասկանո՞ւմ ես։ Թե հանկարծ մտքիդ փչեր զանգել ինձ` կկործանեինք իրար թունելի կենտրոնում, հետո կպարեինք միմյանց մինչ արևածագվելը, կերազեինք իրար մի ամբողջ հավերժություն, կթռչեինք ցախավելով մինչև Սատուրն ու մեր վախճանը կգտնեինք մի սև անցքում։ Էս վայրկյանին երազներդ ցեցերիս հետ ներսումս խուճապի պար են բռնել, ու ես մտածում եմ, թե նրանց հետ ինչ պիտի լինի ինձնից հետո և միաժամանակ մտքումս երգում եմ սատուրայի վերջին կուպլետը։ Կյանքն ականջիս շշնջում է, որ ինչ գրողի տարած երազող եղել եմ, նույնն էլ մնացի։ Զանգդ չստացա։ Կանգառում կանգնեք։

Комментариев нет:

Отправить комментарий