вторник, 25 октября 2016 г.

Այնտեղ, որտեղ չկան երկինքներ...



- Տեսնես, քանի՞ տարի է անցել Երկիր մոլորակի վրա: Մոտ մեկ ամիս կլինի ինչ այստեղ ենք:
- Մի քանի հարյուր կամ հազար, ով գիտի:
- Գրողը տանի, ուրեմն ի՞նչ է մնում անել ինձ ու քեզ, եթե ոչ վայելել իրար մի ամբողջ հավերժություն: Երկուսս էլ երիտասարդ ենք, էներգիայով լի ու մենակ ենք այս գրողի տարած սև անցքում: Ետ գնալ չենք կարող, իմաստ էլ չկա: Այնտեղ երևի մարդկությունը վաղուց արդեն հօդս է ցնդել, մենք Երկիր մոլորակում անելիք չունենք, հասկանո՞ւմ ես: Չափից ավել օտար ենք:
- Բայց, գրողը տանի, չեմ ուզում ողջ կյանքս այս ահռելի, դատարկ տարածությունում անցկացնել, որտեղ չկա երկինք, հատակ, գույն, երազանքներ... ոչինչ:
- Ելք չկա, հասկացիր վերջապես: Պիտի համակերպվենք: Դուրս կարող ենք գալ այստեղից միայն եթե շարժվենք լույսից ավելի մեծ արագությամբ և հատենք իրադարձությունների մանուշակագույն հորիզոնը: Սև անցքի ամենամութ կողմն էլ այն է, որ անգամ լույսի պատառիկներն են այստեղ հավերժ կողպվել և երկուսիս նման դուրս սողալ են ուզում: Տեսնո՞ւմ ես այն ալ կարմիր փայլերը հեռվում:
- Ոնց որ լուսատիտիկներ լինեն: Միակ գույն ունեցող երևույթն է այս անվերջանալի խավարում: Բայց ժամանակ անց նրանք էլ են հանգում, նկատել եմ:
- Դրանք հենց լույսի մանր հատիկներն են, որ ապրել են ուզում: Հայտնվելով սև անցքի ներսում դառնում են կարմիր, մի փոքր երազում ու մեռնում են։
- Երանի ես ու դու էլ լույս լինեինք...
- Հետս այստեղ չլինեիր, կխելագարվեի: Վախենում եմ անգամ պատկերացնել...
- Մեզ միշտ պարտադրում էին այն գաղափարը, թե իբր ցանկացած մարդկային էակ եթե անգամ մի փոքր մոտենա սև անցքին` մանր մասերի կբաժանվի: Գրողը տանի, բայց մենք այստեղ ենք և ինչո՞ւ...
- Սև անցքում ամեն բան ճիշտ հակառակն է: Երկիր մոլորակում ժամանակն ու լույսը հավերժ էին: Այստեղ նրանք մեզ նման մահկանացուներ են: Ես էլ դու էլ տեսանք, թե ինչպես ժամանակը այս լաբիրինթոսում հայտնվելով սկսեց դանդաղել և վերջում քարացավ: Այստեղի ձգողականությունը ժամանակասպան է: Ու քանի-որ ժամանակը թաղված է, մենք չենք ծերանում, հետևաբար ես և դու բացահայտել ենք անմահության գաղտնիքը:
- Որքան կուզեի ժամանակը ետ տանել և հայտնվել մեր հնահոտ տանը, տաք, գրքերով լի սենյակումս:
- Ցավոք, այս պահին մենք մոտավորապես 253.000.000 լուսային տարի հեռավորության վրա ենք Երկիր մոլորակից:
- Եվ այստեղի յուրաքանչյուր վայրկյանը այնտեղ մի քանի տարի է:
- Հա... ու ես քեզ սիրում եմ:
- Հավերժ:
- Փաստորեն սև անցքում սերն անմահ է: Ի տարբերություն երկիր մոլորակի սիրո, այստեղ այն կարմիր է ու հավերժ:
- Երկիր մոլորակից առավել` դիմագծերդ եմ կարոտել, բույրդ, գույնդ... այսպիսի խավարի մեջ միմյանց տեսնելն այնքան անհնար է, որքան ելք գտնելը: Իսկ հոտ ու համ, գրողը տանի, այստեղ չկա:
- Ոչ մի կաթիլ համ, ոչ մի կաթիլ բույր: Շունչները փչել են:
- Լավ, քանի-որ պատրաստվում ենք այստեղ մի քանի միլիոն տարի էլ անցկացնել, ստացվում է, որ սա մեր մշտական տունն է, մոլորակը, տիեզերքը: Անուն է պետք նրան:
- Երբ փոքր էի, պապս միշտ տարբեր պատմություններ էր պատմում մի երկրի մասին, որի անունը Նամսէկի էր: Դրանք ավելի շատ լեգենդներ էին հիշեցնում և չափից ավել հեռու էին Երկիր մոլորակի իրականությունից: Պապս համոզված էր, որ տիեզերքները շատ են և դրանցից մեկում Նամսէկին է, որտեղ մեզ հետ զուգահեռ նրանք էլ պատերազմներ, հիվանդություններ, հաղթանակներ էին տանում, ուղղակի մի տեսակ այլ կերպ, այլ տիեզերքին բնորոշ: Ինձ թվում է մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք Նամսէկին, մեր Նամսէկին:
- Որոշված է: Մեր տունն այսուհետ Նամսէկին է:

***
- Որքա՞ն ժամանակ է ինչ Նամսէկիում ենք:
- 3 տարուց ավել կլինի:
- Այսօրը պիտի հիշվի: Բացահայտում արեցի փոքրիկ:
- Ի՞նչ բացահայտում:
- Հոտը, համը, գույները գլխավոր բաղադրիչն են հիշողությունների համար: Փորձիր հիշել աշունը երկիր մոլորակում:
- Չեմ կարող, գրողը տանի: Միակ բանը, որ հիշում եմ` աշունը եղանակ է:
- Երազներ էլ այլևս չես տեսնում, չէ՞:
- Չեմ տեսնում:
- Պատկերս էլ գլխիցդ անհետացել է, այդպես չէ՞:
- Աղոտ եմ մտաբերում... թվում է, թե իմ հորինածն է:
- Կարո՞ղ ես ձայնովս գտնել ինձ, ամուր գրկել ու բաց չթողնել այլևս մի քանի միլիոն տարի...
- Տաք է: Չեմ թողնի: Փակիր աչքերդ, մենք էլ հավերժ թաղվենք Նամսէկիում մեր երազանքներ, հիշողությունների, ժամանակի ու լույսի կողքին:

Комментариев нет:

Отправить комментарий