Կապույտ
Ուրբաթ օրը ակվարիումին մոռացել էին շոյել։ Ուրբաթ ակվարիումը երազեց տեսնել տիրոջ ժպիտը, բայց տեսավ ծանոթ ոտքեր օդում օրորվող։ Ուրբաթ է ու ձկնիկները գիտեն, որ ապակուց այն կողմ աշխարհ կա և ամեն օր աղոթում են`մեռնելուց հետո ակվարիումի հակառակ կողմում հայտնվելու համար։ Ձկնիկների երազանքներով խեղդված սենյակից դուրս կյանք կա։ Այնտեղ գարեջուրը գետի պես հոսում է տաք ասֆալտով ու միախառնվում խիտ արյանը, որ ամեն օր ծաղկում է պատերազմից առաջ ու հետո։ Նա ով ուրբաթ օրով տուն է վերադառնում պատերազմից` թեյ պիտի խմի երեկոյան։ Գետի մեջ այդ մեկը կոշիկներն է լվանում ու գլուխն ազատվում է հայհոյանքներից։ Փրկվածը վերադառնում է այնտեղից` նիհարած, երազող։ Կախում է վերարկուն, թերթ կարդում ու քիչ անց հավատում, որ գետի մյուս կողմում երաժշտությունը շատ է։ Գետն ավարտվում է այնտեղ, որտեղ ատում են պատերազմներն և որտեղ չկանք ես ու դու։ Այնտեղ մարդկանց ստվերները մերինից սև են։ Ողջ օրը նրանք տոմատի հյութ են խմում ու հյուսիսափայլ ուտում։ Մեզանից շատ են աղոթում, ահագին` հյուսիսափայլի մեջտեղում հայտնվելու համար։ Հյուսիաափայլի զոնայում ուրբաթ է։ Այնտեղ ես քո ստվերն եմ, ու մենք վերջապես անբաժան ենք։ Դու թիթեռների ետևից ես վազվզում, ու ես հոգնում եմ քո թռվռան բույրը ծամելուց։ Ես էլ, դու էլ երազում ենք թիթեռ դառնալ, որ ազատ ճախրենք հյուսիսափայլից դուրս տիեզերքներով։ Իսկ թիթեռները վաղուց արդեն զզված են թռիչքից և աչքերը սեղմած սպասում են, որ ուրբաթ լինի, ինչ֊որ հրաշքով ձուկ դառնան ակվարիումում և ողջ օրն աղոթեն ապակուց այն կողմ գտնվող աշխարհում հայտնվելու համար։
Դեղին
Քո բույրը մյուս բոլոր ծաղիկների համար ելակային է, իսկ ես երիցուկ եմ, որ պաշտում է կոշիկի սոսնձի հոտը։ Երբ ինձ հողից բաժանեցիր, ես ժպտացի, որովհետև քեզնից իմ պաշտելի հոտն է փչում։ Ամեն անգամ արևի թաղման ժամին մենք թաքնվում ենք նկուղի ճաքապատ լոգարանում, որն անհիշելի ժամանակներից թևերը կորցրել է։ Ստվերիդ սուր սոսնձահոտը վայրկենապես սուզվում է երակներս, ու աղմկոտ հալուցինացիաները սկսում են միմյանց հերթ չտալով ծնունդ առնել։ Մինչ այդ թերթիկներս ճեփ֊ճերմակ էին, հիմա դրանք փոխվում են մեկ մանուշակագույնի մեկ էլ նեոնային կապույտների։ Երբ ես վերջնականապես թաղվեցի սոսնձահոտ խաբկանքներում, դու որոշեցիր ալեհավաք դառնալ և բարձրացար տանիք` ավելի մոտ լինելու երկնքին, իսկ ես այդպես էլ երիցուկ մնացի այն նկուղում, որի պատերը երբևէ երկնքե ծամոն չեն փորձել։ Դու սկսեցիր ողջ օրը հարբել` խմելով թունդ քամի, որն աբսենտի համ է հիշեցնում, շոյել տասնյակներով սիրունիկ թռչունների, իսկ գիշերները ուտել աստղազարդ կտավներ։ Իսկ ես պարապ ժամանակ սկսեցի երգեր և պոեմներ ձոնել քեզ ու թոռոմել, իսկ դու արդեն հասցրել էիր յոթերորդ երկնքի համը փորձել։ Այնտեղ` տանիքներում միշտ ջազ է հնչում ու դու միայն Պառլամենտ ես ծխում. Իմ պոեմները քեզ հարյուր տարի պետք չեն գալու։ Ցուրտ եղանակին, երբ թռչունները կորչում են, քեզ համբուրում է կայծակը ու մերսում անձրևը, դու խելքդ թռցնում ես այդ ամենից, բայց դա քեզ, միևնույն է, չի հերիքում։ Էլ չկանք ոչ ես, ոչ դու, բայց մեր ստվերները հո՞ հիշում են, որ քո բույրը մյուս բոլոր ծաղիկների համար ելակային էր, իսկ ես երիցուկ էի, որ պաշտում էր կոշիկի սոսնձի հոտը։
Սպիտակ
Դու չես էլ նկատել, որ ես քո հնահոտ տան գազի կապույտ լապտերն եմ, գլխիդ վերևում պտույտ եկող թռչնի պոկված փետուրը, ծեր ջերմաչափիդ սնդիկի համը։ Դու անգամ չես հասցրել գլխի ընկնել, որ ուշ գիշերվա երազիդ բույրը ես եմ նկարում ու ամեն ուրբաթ արևի շողերի հետ որպես փոշու հատիկ գալիս նստում եմ գարեջրիդ դատարկ շշին և երկար ժամանակ չեմ համբարձվում։ Այնպես, որ եթե որոշեմ քեզանից շուտ գնալ տիեզերքներով թափառելու` դու ինձ կգտնես, որ անկյունում խելքդ փչի։ Լսածդ բոլոր ջազերը քեզ կթվա, թե իմ մասին են, հատկապես այն մեկը, որ բոլորից շատ ես սիրում։ Մինչ Կաֆկային մի կողմ կհրես ու գլուխդ կթաքցնես ափերիդ մեջ, ես կսավառնեմ այն օդում, որը դու ես շնչում, որպեսզի գեթ մի փոքր մատներդ տաքանան։ Դու կվախենաս, որ մի օր կդադարի ռադիոն ջազ երգել և ինձ դու կկորցնես տուն գալուդ ճանապարհին` տաք ասֆալտի ու աղքատիկ խանութների ցուցափեղկերի մեջ։ Իսկ ես էլ ուրբաթ օրերը չեմ սիրի և մատներդ միշտ կմրսեն։
3D Titanium for sale | iTaniumSports
ОтветитьУдалить3D everquest titanium Titanium for Sale | iTaniumSports, the 3D Printing Company. Made with premium titanium nose hoop materials. Features. titanium dab tool 4D Steel. Iron, Ceramic surgical steel vs titanium & Iron. Manufactured. titanium watch band