Մինչև քեզ գտնելը
Եղել եմ ում ստվերն ասես։
Հազարավոր արևներ են դեմքս վառել,
Հարյուրավոր անուններ հոգիս վերցրել։
Հին Եգիպտոսում ոտքերս լվանում էին սառը կաթի մեջ,
Արթնացա` ծառ էի ռազմի դաշտում։
Պոն գրկում էր ինձ, երբ սև կատու էի,
Վան Գոգը վրձնահարում, երբ կապույտ գույնն էի։
Այնպես ստացվեց,
Որ գորգի արանքի
Որդան կարմիրն էի,
Ջուլիետի նամակի վերջում
Տաք շրթներկի հետքը։
Մի ացտեկ քրմապետի մազերից քշված փետուր,
Ու մի վհուկի բերանից թռած բառ։
Աչքերս բացել եմ գիշերվա կեսին
Մոցարտի գլխում,
մի անգամ էլ ժանգոտած գնացքում ինչ֊որ մեկի
Հերոինոտ երակներում։
Թափառել եմ
Սև անցքերով,
Դեղին երազներով,
Խատուտիկների գինիներով,
Բայց չեմ գտել բույրդ
Ոչ մի տիեզերքում։
Այժմ իմն ես
և ես մտածում եմ,
Թե դեռ քանի
Անգամ պիտի երազվեմ ու հանգեմ,
Որ էլի գտնեմ ճամփան դեպի քեզ։
Комментариев нет:
Отправить комментарий