Նամսէկին 385 տարի ձգված ալեհավաքային պատերազմից հետո` վերականգնվում էր (պատերազմն անվանեցին ալեհավաքային, որովհետև երկու կողմի զենքերն էլ ջարդուխուրդ էին եղել, զինվորները բարձրացան տանիքներ ու սկեցին զենքերի փոխարեն` ալեհավաքներով պատերազմել): Զինվորներին թվում էր, որ այդպես ավելի մոտ կլինեն աստվածներին, և վերջիններս իրենց վրա խաղաղություն կիջեցնեն: Եվ իսկապես, տանիքներում 103 տարի պատերազմելուց հետո` մայրամուտին 15 պակաս երկնքից անձրևի փոխարեն խաղաղություն թափվեց: Նամսէկեցիներն ինչպես չէին հիշում, թե երբ և ինչպես էր սկսվել պատերազմը, այդպես էլ չհասկացան, թե ի վերջո ով հաղթեց, և ինչ փոխվեց պատերազմից հետո: Միայն քաղաքի ծայրում կանգնած տաճարն էր հետևել պատերազմի ընթացքին ու տեսել բոլոր հինգ սերունդներին, որ խաչակնքվել են իր պատերից ներս` աղերսելով ու երազելով ապրել պատերազմի ավարտը: Տաճարի աչքերը կիսափակ էին` անթիվ խորշոմների պատճառով, իսկ ականջները կախ ընկած` ռումբի պայթյունային ճիչերից: Նամսէկիի երկինքը փակել էր մի սուր հոտ, որ ծնվել էր վարդագույն երիցուկների նարնջաբույրից ու զինվորների քրտինքի ու մաշված ճտքակոշիկների հոտից: Վերևից հոտը հոսում էր ցած ու արթնացնում կարմիր խատուտիկներին, որոնք ասես զինվորների արյունով էին ներկված: Նամսէկիի գրեթե բոլոր պատերին ծովեր էին պատկերված, և բոլոր բնակիչների տներում պարտադիր գոնե մեկ ծովանկար էր կախված: Նամսէկեցիները ծով երբեք չէին տեսել և այդ բոլոր ծովանկարներով փորձում էին լրացնել բացը: Այնպիսի տպավորություն էր, ասես, ծովանկարները նամսէկեցիների սրբապատկերներին էին փոխարինում: Սա քաղաք է` լի զինվորներով ու լվացքներով, որը սակայն ոչ մի անգամ չի հուզվել ծովի ալեկոծությունից: Տարօրինակն այն է, որ այս անծով քաղաքի անապատված երկինքներում միշտ ճայեր են լողում, որոնք ասես հետևում էին պատերազմի ընթացքին և լուրերն առաջինն էին հասցնում բնակիչներին: Պատերազմից հետո քաղաքը բաժանեցին փոքր թաղամասերի, և քանի-որ նամսէկին հայտնի էր իր լվացքներ կախելու հատուկ սովորությամբ` թաղամասերն անվանեցին տարբեր գույների լվացքների անուններով: Ամենամեծ թաղամասը` կարմիր լվացքներինն էր, ամենաաղքատը` նարնջագույն լվացքներինը, ամենահամեղ շոկոլադ պատրաստողը` կանաչ լվացքներինը և այդպես շարունակ: Թաղամասերը տասնհինգն էին, և յուրաքանչյուր բնակիչ միայն իրավունք ուներ իր թաղամասի անվանման գույն լվացք կախել (ուրբաթները բացառություն էին): Քաղաքում տենդ կար` Ուրբաթասպասում. չափազանց հոգնեցուցիչ էր մի ամբողջ շաբաթ մեռնել ու վերածնվել նույն գույն լվացքների մեջ: Ամեն 64 տարին մեկ ընտրում էին երկու թաղամաս, որոնք դառնում էին միմյանց թշնամի և մրցակցում, թե ում լվացքն է ավելի ուրիշ ու անսովոր թարմ: Թաղամասերի բնակիչներն իրավունք չունեին մուտք ու ելք կամ հաղորդակցում ունենալ մրցակից թաղամասի հետ. Նրանց արանքում ահռելի պարիսպ էին շինում: Այս անգամ մրցակցելու հերթը Կապույտ լվացքների և Արծաթագույն լվացքների թաղամասերինն էր: Հաղթող թաղամասին որպես մրցանակ հնարավորություն կընձեռվեր փոխել իրենց թաղամասի անունը և նոր գույն ընտրել լվացքների համար: Երկու կողմերին միմյանց կապում էր մեկ ընդհանուր վախ, որ հանկարծ մրցույթը կավարտվի <<ոչ ոքի>> և կստացվի, որ անիմաստ են թշնամացել:
***
Համակերպվել եմ ծեր կնոջս անհամաչափ շնչառության հետ, որի սիրտն ասես միշտ կանխազգացել է, որ ամուսինը մեկ այլ բույրի ու ռիթմի շնչառությանն է սիրահարված: Արծաթագույն բաճկոնս զգույշ կախում եմ, վերադառնում հյուրասենյակ ու ուղղում ծաղկամանում փռված կարմիր խատուտիկների փունջը, որ ամեն անգամ Նրան նվիրել չկարողանալու պատճառով` ստիպված կնոջս սիրած ծաղկամանում եմ տեղավորել: Նրա` իմ օրերը փրկել չկարողանալը` կախվել է դեմքիցս ու անհամար խորշոմներ ճանկրտել ամենուրեք: Սթափվում եմ կնոջս ասեղ հիշեցնող ձայնից, որ շնչակտուր վազում է լվացքը հավաքելու. ձյունում է: Այնքան ճերմակ ու խոշոր էր, որ հասել էր լվացքի ճմրթված երակներին: Այդ արծաթագույն փայտացած մարմիններին ոչ մի անձյուն ծակոտի չէր մնացել: Զգացում ունեի, որ եթե դուրս գամ առաջին ձյան հետ` նրանից լուր կստանամ կամ ինչ-որ հրաշքով հեռվից կտեսնեմ: Ցեխահոտ կոշիկներս քաշեցի ոտքերիս, որ պատերազմից էին մնացել, և կնոջս համար ապուշ պատրվակ հորինելով` ինձ դուրս նետեցի: Ոտքերս չէին ենթարկվում, ու քայլվածքս ավելի քան երբևէ` անփույթ էր: Մի փոքր ուշ գլխի ընկա, որ առանց հասկանալու` քայլում եմ դեպի մեր առաջին հանդիպման վայրը: Այս լքված թաղամասից միշտ մրգային աղցանի ու ստվերների հոտ է գալիս, և անգամ ամենամաքուր ձյունը չի կարողանում կուլ տալ հոտը մինչև վերջ: Լվացքների լեշերը դեռ փռված էին պարաններին, որոնք նեխած էին այնքան, որ անհնար էր հասկանալ, թե մի ժամանակ` ինչ գույն ունեին: Այստեղ միայն ավանակներ են շրջում լուսնոտներին հատուկ հայացքներով` տրորելով ձյան շերտի տակ թաքնվող ծերացած սրբապատկերներն ու կծոտելով ժանգահոտ լվացքները: Ուր հայացքդ գցես` ջարդված հայելիների կտորներ են թափված, որ կրկնապատկում են ավանակների թիվը: Կանգնում եմ խղճուկ ցանկապատի առաջ ու անթարթ նայում հորիզոնին` սպասելով, որ նա շուտով կհայտնվի: Փոխարենը` ձյուն է նստում առանց այն էլ ճերմակ թարթիչներիս, և ես հոգնելով դիմադրել` ծածկում եմ կոպերս: Ես Նրան փնտրում եմ կնոջս ամենափայլուն կոշիկների, թաղամասի բոլոր լվացք կախող կանանց անփույթ հավաքած վարսերի խճճանքների մեջ օրորվելիս, տանիքների վրա թառած ճայերի կտուցածայրերին… Ինչ-որ մոտեցող ձայնից սթափվում եմ. ավանակ էր: Առանց մտածելու իջնում եմ` սպասումից մաշված ծնկներիս վրա, փաթաթվում ավանակի աջ ոտքին ու բարձրաձայն աղերսում նրան, որ մրցույթը <<ոչ ոքի>> չվերջանա, փոխենք լվացքի գույնը, և ես գտնեմ Նրան: Ավանակը շրջվում ու լքում է: Ատում եմ Նամսէկին: Այս քաղաքը լվացքե հոգս է, բայց այնքա~ն մերն է: Մենք հոգնել ենք այդ անիմաստ մրցույթներից, ճայերը` ծովանկարներից, տաճարը` պատերազմի ավարտի մասին աղոթքներ ասող հրամանատարներից, երկինքը` կարճ փողոցներից, որտեղ իրար մոռանալ հնարավոր չէ, ալեհավաքները` ձյունից, ես` կնոջիցս, շենքերը` ծանր գլխապտույտներ ծնելուց, ավանակները` լքված լինելուց, Նամսէկին` մեզնից: Թվում է` քաղաքի հատակագիծն այնպես է ստեղծված, որ բոլորը սեր փնտրեն, բայց երբեք չգտնեն, որ ամենանարնջաբույր նամակները երբեք տեղ չհասնեն, որ ես մեռնեմ կարոտասպասումից` այդպես էլ Նրան չհանդիպելով: Անգամ քաղաքի գնացքներն են միշտ հասնում Նրան, և ես թաքուն երազում եմ հաջորդ կյանքում գնացք վերածնվելու մասին: Ցրտից մեջքս փայտանում է, ու ես դժվարանում եմ շարժվել: Ձեռքերս հասցրել են ճաքերով խեղդվել, որոնց արանքներից արյան կաթիլներ են դուրս վազում` միախառնվելով ձյան սառը փաթիլներին և միասին պառկում են հողի այն մասում, որտեղ պատերազմից մնացած սպիներն են: Նա այդպես էլ չհայտնվեց, ու ես սկսեցի անիծել ինքս ինձ, հետո տոհմս, որ Նամսէկիում միշտ հայտնի է եղել` ամեն տեսակ հրաշքներին հավատալու հիմար սովորությամբ: Ամբողջ կյանքումս ոչ մի հրաշք չտեսա, փոխարենը` ամեն օրվա հետ հաշվեցի մազերիս սպիտակելը ու ոչ մի արևածագ չդիմավորեցի առանց սպասման դողի: Մեկ անգամ էլ կապտահոտ հայացք նետեցի ցանկապատի մեջ բանտարկված հեռուներին ու գնացի. ավանակները նորից լքված են: Լվացքները հոգնել են օրորվելուց, նրանք զգաստ շարված էին ասես պատերազմում սպանված զինվորները, որոնց հոգիներն այս լվացնքերի մեջ էին շունչ առել: Թաղամասով մեկ խուճապի համ էր տարածվել` փաթաթվելով կանանց զգեստների երկար փեշերին ու տղամարդկանց ոտքի մատներին: Բոլորը թափվել էին դուրս` մոռանալով անգամ բաճկոն հագնել ցրտաշունչ ձմռան կեսին, և շարվելով իրենց լվացքների կողքին` անհամաչափ ու կտրուկ շարժումներ էին անում` ստիպելով իրենց լվացքներին տեղից շարժվել: Հո, չէի°ն կարող տանը հանգիստ նստած հետևել, թե ինչպիսի մեռած տեսքով են պառկել պարանին լվացքները: Քաոսե պար բռնած ամբոխի մեջ` կնոջս խորթ մատները ճանաչեցի ու միացա պարին` մտքում ինքս ինձ համոզելով, որ այս ամենը հարկավոր է նրան երբևէ նորից տեսնելու համար: 152 օր անդադար պարեցինք, ու կերանք միայն հաց, և սկսվեց ճգնաժամ, իսկ մենք շարունակեցինք պարել: 97 օր ոչինչ չուտելուց հետո, թաղամասի գիտնականները հայտնաբերեցին, որ կարող ենք հացը փոխարինել կարմիր խատուտիկներից պատրաստված ծամոնով: Սկզբում նրանցից մահվան ու ծխի համ էինք առնում, հետո հարմարվեցինք և արդեն մոռացել էինք, որ մի ժամանակ հաց անունով ուտելիք կար: Երբ ծամեցինք թաղամասի վերջին խատուտիկը` ծերակույտը ժողով հավաքեց և որոշվեց` տղամարդկանց գաղտնի ուղարկել հարևան թաղամասերը` կարմիր խատուտիկների որսի: Բոլոր տղամարդիկ համաձայնեցին միայն այն պայմանով, որ ցանկացած տեղ կգնան, բացի Կապույտ լվացքների թաղամասից. չափից դուրս վտանգավոր էր, դեռ ապրել էին ուզում: Միայն ես կանգնեցի ու վստահ հայտարարեցի, որ կգնամ հենց Կապույտ լվացքների թաղամաս: Ինձ միանգամից հերոսի կոչում շնորհեցին: Կինս սկսեց հեկեկալ: Բոլորը կարծեցին, որ արցունքներից հպարտության հոտ էր փչում, և միայն ես գիտեի, որ նա վախ ու մի տեսակ զգացում ուներ` այլևս երբեք ինձ չտեսնելու: Թաղամասի լավագույն դերձակները կապույտ շորեր կարեցին ինձ համար, և հայելու մեջ արտացոլանքս այդ հանդերձանքի մեջ ապրելուց` ինձ նրան այնքա~ն մոտ զգացի: Թաղամասն իրարից բաժանող պարիսպն օգնեցին, որ արագ մագլցեմ: Կապոյտ լվացքների թաղամասն արդեն ոտքերիս տակ էր, և այն միանգամայն ուրիշ էր: Անգամ թաղամասի երկնքի երանգն էր այլ, իսկ օդում ժամացույցների ու վարդագույն լապտերների հոտ էր լողում: Այստեղ լվացքները կապույտի բոլոր երանգներից ունեին, նրանցից անհնար էր երբևէ հոգնել, ի տարբերություն մեր թաղամասի, որտեղ լվացքները միատոն արծաթով էին խեղդված: Կարմիր խատուտիկներն այնքան շատ էին, որ շենքերի ճեղքերում էին սկսել ծնվել, իսկ ճայերն այնքան խաղաղ էին պտտվում, որ ինքդ քեզ ծով էիր զգում: Նամսէկեցիները թեթև կապույտով փաթաթված` թափառում էին փողոցներով ասես ամենախաղաղ աշխարհից ուրվականներ լինեին: Երկնքից հոսող դատարկ աղմուկի մեջ` խելակորույս հայացքս թափառում էր խոնավ լվացքների միջով, շենքերի ճեղքվածքներով, միատոն ոտնահետքերով, որ դաջվել էին փտած ասֆալտի մարմնին… Հորիզոնը գինեբույրով վարակվեց, երբ այնտեղ Նրա ստվերը նշմարվեց, իսկ հետո Ինքը` նվիրածս մուգ կապույտ զգեստով, որ այժմ կարկատաններով էր պատված: Նրա միայն աչքերն էին պահպանվել, որոնք սպասման ու կարոտի տենդով էին լցվել այս մի քանի հարյուր տարիների արանքում: Մեջքը կորացել էր, մազերը գույնն ու փարթամությունը լրիվ կորցրել էին, մարմինը մաշվել էր այնքան, որ անգամ զգեստն ի վիճակի չէր թաքցնել, իսկ այն սուր ու միաժամանակ նուրբ դիմագծերը մինչև վերջ անէացել էին խորշոմների մեջ: Ինձ միանգամից ճանաչեց ու ոտքից գլուխ նոր երանգի դողով օծվեց: Ես անշտապ քայլում էի դեպի նա, և սիրտս` առաջին անգամ սիրահարված երիտասարդի նման` իրեն պատեպատ էր խփում: Թվում էր` մի փոքր էլ, ու շունչս կկտրվի Նրան այսքան մոտ լինելուց: Մի քանի րոպե արցունքներ շալակած աչքերով անդադար իրար էինք ուսումնաիրում` չհամարձակվելով բաց թողնել բառեր կամ հպումներ: Հանկարծ շուրջբոլորը քաոսի վերածվեց, մարդիկ քամու նման վազում էին թաղամասի մի ծայրից մյուսը` կարմիր հիստերիա տարածելով փողոցեփողոց: Նրանք ինձ նկատել էին, ու առանց վարանելու բոլորով բարձրացան տանիքներ` ալեհավաքներն ու թաքցրած զենքերը վերցնելու: Երեք վայրկյան անց հերթական անիմաստ պատերազմը հայտարարվեց: Ես վազեցի դեպի նա ու որքան հնարավոր է ամուր գրկեցի նրա իրանն ու գլուխս դրեցի նրա ոսկրոտ ուսի մեջ: Ռումբեր սկսեցին պայթել, և ճայերի սուր ճիչերի ու երկնքից թափվող մոխրի ներքո մենք սկսեցինք պարե~լ, պարե~լ, պարե~լ…
Էննի-Մէնա
Комментариев нет:
Отправить комментарий