суббота, 15 февраля 2020 г.

***




- Անհեթեթ կենաց ասա՝ խմենք:
Փոշոտ վարդի գույն շրթներկով ծածկում եմ շուրթերս, ծիրանենին գցում վառարանը, ծխախոտը վառում անմիջապես վառարանից ու մոխիրը թափ եմ տալիս տոնական բարձրակրունկներիս մեջ: Նա բարձրանում է սեղանին ճաքեր կերած բաժակը ձեռքին ու լուրջ դեմքով խոսում.
-Արի՛, խմենք բոլոր այն մարդկանց համար, ում կյանքում չենք հանդիպելու, մեկ էլ բոլոր նրանց կենացը՝ ում կյանքում մենք կլինենք միակը, որոնց համար երբևէ բաժակ կբարձրացնեն:
Մեկ շնչով խմեցինք:
- Քո հերթն է:
Նորից ծիրանենի եմ գցում վառարանն ու օրորվելով բարձրանում սեղանին.
-Ձոն ծիրանենուն... Ծիրանենու մեջ ավելի շատ սեր կա, քան պոետների... սա կարելի էր ստիխ դարձնել, բայց չեմ համաձարկվի:
-Ինչի՞:
-Շատ սենտիմենտալ կթվամ... արի՛, խմենք աշխարհի բոլոր վառարաններում այրվող ծիրանենիների կենացը և այն բոլոր հրեշտակների համար, որ մեզ լքեցին՝ վառարանում ծիրանենիներ այրելու համար:
Խմեցինք:
- Ժամը 4.06 է, բոլորը քնած են, կարող ենք պարել, բայց առանց երաժշտության ու կոշիկների, լա՞վ:
Մենք, իհարկե, չպարեցինք՝ վախենալով, որ աստվածները կպատժեն՝ պատերազմի շնչի ներքո պարելու համար:
- Ինձ այս շաբաթ 13-րդ տղան սեր բացատրեց... ինչո՞ւ... որովհետև պատերազմ է, ու նրանք վախենո՞ւմ են միայնակ ճերմակել ռումբերի ճիչերից: Դու երբևէ սիրե՞լ ես գրքերի ու ֆիլմերի պես:
-Հա, բայց պարզվեց՝ սուտ էր գրքերի ու ֆիլմերի պես:
- Ո՞նց պարզվեց:
- Մոռացա, կամ էլ սառեցի... Ոնց էլ անունը դնես՝ միևնույն է՝ չմեռա առանց նրա:
- Դու էլ ես վախենո՞ւմ:
- Էս կյանքում մենակ քեզնից եմ վախենում, մեկ էլ քո համար... հաջորդ կյանքում միգուցե պատերազմից վախենամ:
- Այսօր առավոտյան 9.21 րոպեին՝ աշակերտներս վառարանի մոխիրը թափ տվեցին ու խնդրեցին՝ սիրուց խոսել: Գրեթե համոզեցին, որ սեր կա... վերաշխարհիկոտ: Երկար ասֆալտե ճանապարհով եկա տուն, որ մտածելու ավելի շատ ժամանակ ունենամ: Մի պահ անգամ ինձ թույլ տվեցի երազել սեր գտնելու մասին, բայց ի վերջո սա էլ հայհոյանքով ավարտվեց:
- Լավ է, որ աստվածները շնորհեցին մարդկանց՝ հայհոյելու կարողությամբ: Յուրաքանչյուր դժվարին մայրամուտին 6 պակաս՝ աղոթում եմ ինչ-որ աստծո, վերջինս՝ ինձ հայհոյում է: Ու այսպես մի ամբողջ կյանք:
1 կրակոց, 2, 3: Նրա ձեռքերը հալած յուղի գույն ընդունեցին:
- Հրավառություն է... (ստեցի):
- Ռազմի դաշտում չեմ եղել, բայց որտեղի՞ց են գլխումս այսքան փամփուշտներ մեխվել:
- Հիշեցի, թե ում պիտի աղոթենք... Մի աստվածուհի կա, որը թեյ է բաժանում նախկին կյանքում պատերազմ ապրածներին՝ որպեսզի հաջորդ կյանքում պատերազմի ժամանակ նրանք կարողանան երազել ու հավատալ, որ խաղաղություն էլ կա:
- Այսինքն այս կյանքում փրկվելու ոչ մի հավանականություն չունե՞նք:
- Այն օրն իմացա, որ աշակերտներիցս ոմանք, ովքեր առավել հաճախ են մտածում սիրո ու խաղաղության մասին՝ գիշերերը գաղտնի հավաքվում են մանկապարտեզի նկուղային սենյակում, որը ռմբակոծությունից պաշտպանվելու համար է, և խմում են... խմում են այնքան՝ մինչև կպատկերացնեն, թե ինչպիսին կլինի սերը խաղաղության ժամանակ:
-Ես մեկ այլ տարբերակ էլ ունեմ: Երբեմն աղը քսում եմ շրթունքներիս՝ որ ծովից հետոյի համն ապրեմ... փրկող համ է:
-Փրկել ասեցիր, հիշեցի.... Պատուհանագոգին կուչ եկած ձնծաղիկներն ինչո՞ւ այլևս չեն ծաղկում իմ ցավիվ:
- Երևի հոգնել են նույն գույն ցավ շնչելուց:
- Սուրճիդ բաժակը նայե՞մ:
Վերցրի ու լռեցի: Ծիրանենիների ճարճատյունը տարածվեց ժանգոտած սենյակում, որի առաստաղն այնքան բարձր էր, որ մինչև երկինք էր հասնում:
- Դու էլ սիրո պակաս ունե՞ս...
- Հա, դո՞ւ էլ...
-Շա՜տ:
Երկուսով հայացքներս հառեցինք պատուհանից դուրս, որտեղ կանգնած էր կանաչած ծիրանենին, որ դեռ չէր տեղավորվել վառարանում և որը ամեն կերպ փակում էր պատերազմի ու արևածագվելու տեսարանը: Մի մատնաչափ թռչուն եկավ պատերազմի կամ արևածագի կողմից, կանգնեց ծիրանենոու ամենաբարալիկ ճյուղի ծայրին և շա՜տ երկար մնաց այդտեղ կանգնած...



Комментариев нет:

Отправить комментарий