Գրառում 1
Հոկտ. 28. 2020 թ.
Անդադար կրակում էին: Պարզ լսելի էին մեկ փամփուշտների հևոցները, մեկ ավելի ծանր զենքերի արձակած հառաչները: Արևը ջերմ շոյում էր դողացող մատներս ու ինչ-որ հույս ներշնչում: Ես ու 5րդ դասարանի աշակերտներիցս մի քանիսը ինքնամոռաց պահմտոցի էինք խաղում, ինչպես իրենք են սիրում ասել՝ կուչի-կուչի: Որքան ուժգնանում էին կրակոցների ճիչերը՝ այնքան ավելի բարձր էինք հաշվում ու հնարավորինս մութ անկյուններում թաքնվում: Երեխեքն ինձ համար երկու կախարդական թաքստոց բացահայտեցին խաղի ընթացքում, որոնց տեղերն իմացողներն ըստ խաղի օրենքի՝ հաղթում են միշտ: Մեկը՝ դիերի (վերևի) թաղի Մ.-ի լքված և վաղուց չօգտագորված խոզանոցն է, մյուսը՝ պրն. Հ. Ք.-ի տան ետնապատշգամբը, որտեղից մուտք կա դեպի տանիք (այստեղ թաքնվելու համար կարևոր է հաշվարկել օրն ու ժամն այնպես, որ տանը ոչ մեկ չլինի): Երբեմն դաղալություն էինք անում ու 100-ի փոխարեն մինչև 90-ը հաշվում, տեղ-տեղ մինչև 81-ը: Խաղը հասել էր ամենաթեժ պահին ու ես երեխեքին առաջարկեցի Տիկին Է.-ի տան ներքևի չօգտագործվող լոգարանում թաքնվել, մեկ էլ հանկարծ շփոթված Տիկին Ն.-ն կանգնեցրեց մեզ.
-Էս ի՞նչ եք անում, խա՞ղ եք խաղում, զգույշ եղեք, որ հենց ձեն տամ՝ նկուղ իջնենք:
Մինչև հիմա էլ դեռ չեմ հասկացել՝ իրարի՞ց էինք թաքնվում, թե՞ կրակոցներից, և առհասարակ, պահմտոցի՞ն էր թելադրում խաղի կանոնները, թե՞ պատերազմը:
Գրառում 2
Լրանում եմ 1 ամիս, ինչ մեկ կաթիլ ջուր չունենք: Ձյունը անխղճի պես փակել էր ամեն տեսակ ճանապարհ ու սառեցրել նաև ջրատար խողովակները: Դե... վերցրու 5, 10 լիտրանոց շշերն ու առաջ: Դվերի (ներքևի) Ա. տատի բակի ջուրը դանդաղ հոսում էր: Անհույս շշերը լցնում ենք, մեկ էլ տարբեր դասարանի աշակերտներիցս խմբով մոտենում են՝ ձեռքերում շշեր պինդ-պինդ բռնած:
-Հեսա, տեսեք, Ձեզ ինչքան ջուր եք ունենալու, միսս Անի, մի երեք անգամ միանգամից լողանաք:
Պնդում էի, որ տուն գնան, բայց նրանք էլ ավելի եռանդով էին ջուրը տեղափոխում: Երեք ժամ հետո թրջված, ցրտից փայտացած, մազոլներ ու սպիներ շալակած ձեռքերով, փայլո՜ւն աչքերով նայում էինք տանս նկուղի ջրի բաքին, որտեղ 600 լ. ջուր էինք հավաքել: Երջանիկ էինք, ոնց-որ ամբողջ աշխարհին հաղթած լինեինք:
-Միսս Անի, դե մեր բոլորի տեղն էլ պետք ա լողանաք, մեր տներում ջուր չունենք...
ու խաղալով, երգելով գնացին:
Գրառում 3
19.02.2021 թ.
Ընկեր Փ.-ն Փետրվարի 19-ին մտնում է 4-րդ դասարան և հարցնում.
-Երեխանե՜ր, իսկ դուք գիտե՞ք, թե այսօր ինչ կարևոր օր է...
-Այոոոոոո՜ո, իհարկե, գիտենք:
Ընկեր Փ.-ն խիստ զարմանում է, թե այդքան փոքր տարիքում ամբողջ դասարանը ինչպե՞ս կարող է իմանալ և հիշել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու ամիսը: Այդ ամենից ոգևորված հարցնում է.
-Դե, ասեք՝ ի՞նչ օր է:
Երեխեքը բղավելով միաձայն պատասխանում են.
-Միսս Անիի ծննդյան օրն է:
Գրառում 4
15 սմ-ոց բարձրակրունկները հագիս, նեղ շրջազգեստը վրաս, մազերս հատիկ-հատիկ հարդարած՝ ուսուցչանոցում նստած կարդում էի առաջին պատահած մի գիրք ու անասելի ձանձրանում: Սիրտս նորություն էր ուզում: Մեկ էլ ՆԶՊ-ի ուսուցիչը ահռելի հրացանը ձեռքին ներս մտավ, աչքերս վառվեցին զենքի տեսքից:
-Ընկեր Ք., մենք դպրոցում ՆԶՊ չենք անցել, երբևէ սենց զենք չեմ տեսել, որ էլ բռնել եմ...
-Արի՛, հենց հիմա գնանք ու փորձի կրակել:
-ո՞նց, լո՞ւրջ, հենց հիմա՞... Բայց մի հատ հագածս շրջազգեստի քփությունը ու բարձրակրունկներիս բարձրությունը տեսեք...
-Հա, ոչինչ, մի բան կմտածենք, արի՛:
Դուրս եկանք դպրոցի հետևի դաշտ, որ քարքարոտ ու անպատկերացնելի ցեխոտ էր: Ծանր զենքը դրեց ձեռքս, դե կրակի՛, իսկ զենքն ինձնից ծանր էր:
-Փակի՛ ձախ աչքդ, նայի մեջտեղի կլորին ու կրակի:
Վրիպում 1, 2, 3, 4, 5...9:
-Այ Անի ջան, ախր բարդ բան չկա, ինչի՞ ես լրիվ հակառակ ուղղությամբ կրակում, զենքը տուր մի անգամ էլ ցույց տամ:
Համակ ուշադրությամբ հետևում եմ ու ...
- Վա՜յ, ընկեր Ք., ես աջն ու ձախը տենց էլ չսովորեցի տարբերել, էսքան ժամանակ հակառակ աչքս եմ փակել կրակել:
Այս անգամ իրոք ճիշտ աչքս փակեցի ու կպա ուղիղ նշանակետին: Աշակերտներս դաշտի մյուս ծայրից թաքուն հետևում էին, տեսան, որ կպա ուղիղ մեջտեղին, մեկ էլ 6-րդ դասարանի Հ.-ն է խառնված մոտենում.
-Միսս Անի, սրանից հետո Ձեր դասերը սովորած կգամ, խոստանում եմ:
Գրառում 5
Երբ կոտրված, ամեն ինչում հավատդ կորցրած սողում ես խրճիթումդ կողպվելու ու հանկարծ դռան վրա նուրբ գույներն ու շատ քաղցր հոտն ես բռնում թարմ դաշտային ձնծաղիկների փնջի, որ աշակերտներդ են հավաքել ու թաքուն թողել կիսաքանդ տանդ շեմին՝ լայն ժպտում ես, վերածնվում ու նորից հավատում մարդիկներին:
Գրառում 6
Ցածր դասարանների տղաներն ինչպես միշտ դասերի ավարտից հետո ինձ պարտաճանաչ ուղեկցում են տուն: Ասում, խոսում, ծիծաղում ենք: Զգացինք, որ տղաներից մի քանիսը հետ են մնացել ահագին: Կողքիս երեք աշակերտները կանգ են առնում, կանչում են հետ մնացածներին, իսկ նրանք չեն արագացնում քայլերը:
-Միսս Անի, հիմա Ձեզ ասենք, թե մեր բարբառով ոնց են կանչում մարդկանց, որ միանգամից վազելով գան: Դուք, որ տենց ասեք, հաստատ, երեխեքը միանգամից կգան: Բարձր գոռացեք <<Այ տողլիներ, արագ եկեք>>:
-Բայց էդ ի՞նչ ա:
-Դե, տողլի նշանակում ա տղաներ մեր լեզվով:
Ես էլ կանգնում եմ գյուղի կենտրոնական ճանապարհին ու որքան հնարավոր է բարձր գոռում եմ.
-Այ տողլիներ, շուտ եկեք մեզ հասեք:
Հետ մնացած տղաներն, իրոք, միանգամից վազելով գալիս հասնում են մեզ, բայց զգում եմ, որ նեղված են ու մի տեսակ ցածր տրամադրությամբ: Մեկ էլ ինձ ասում են.
-Միսս Անի, բայց ի՞նչ էինք արել, որ վիրավորեցիք մեզ:
-Ե՞ս, ի՞նչ եմ արել, այ երեխեք:
-Մեզ տողլի ասեցիք, իսկ էդ չխուզած ոչխար ա նշանակում...
Գրառում 7
Շներից ֆոբիաս, երևի, նախորդ կյանքերիցս է փոխանցվել կամ գեներով է ինձ հասել, որովհետև 22 տարում ոչ մի կաթիլ չհաղթահարվեց: Գյուղում շները դրսում շրջող բնակիչների ստվերներից շատ են: Աշակերտներս իրենց համար նպատակ են դարձրել ինձ օգնել ֆոբիաս հաղթահարել: Մի օր ծեր շան ցույց տվեցին, որ կաղալով հազիվ քարշ էր տալիս ինքն իրեն ցեխոտ ճանապարհներով.
-Գիտե՞ք, միսս Անի, ինքը Չորաթանի հերոս շունն է, ամբողջ գյուղն է ճանաչում իրեն, հարգում, պաշտպանում, որովհետև պատերազմի ժամանակ շունը զգացել էր, որ գործարանի դիմաց պիտի պայթեցնեն:Ցերեկ է եղել, ու բոլորը գործարանում աշխտելուց: Էս շունը գնացել դռան մոտ էնքան ուժեղ է հաչել ու պահել, որ ոչ մեկ հանկարծ դուրս չգա... Պայթեցրել են ու շան շնորհիվ ոչ մեկ դուրս չի եկել, փրկվել են: Դրա համար մեր հորսն է:
Հիմա գիշերները, երբ պատերազմի հոտ եմ առնում ու դողում՝ մի շուն է սկսում բարձր հաչալ պատուհանիս տակ ու ես ժպտում եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի փամփուշտ ինձ չի հասնի...
Գրառում 8
7-րդ դասարանի Է.-ն ինչպես միշտ դասի ժամին ինչով ասես բզբզում է, բացի դասից:
-Հիմա ինչո՞վ ես զբաղված:
-Միսս Անիիիի՜, որ շատ խնդրեմ Ձեր ձեռքը մի պահ ցույց կտա՞ք:
Հարցական հայացքով նայում եմ.
-Լավ էլիիիի, շատ-շատ-շատ-շատ եմ խնդրում, ընդամենը մի պահ Ձեր ձեռքը պահեք ու վերջ, շատ ա պետք: Էդ մի խնդրանքս ու էլ բան չեմ ասի:
Ծիծաղելով ձեռքս պարզում եմ: Է.-ն ափի չափի պլաստմասե օղակով, որը նախատեսված է ձեռքի մկանները սեղմելով մարզելու համար՝ մոտենում է ինձ ու օղակը անցկացնում մատնեմատիս:
-Վերջ, միսս Անի, նշանվեցինք:
Գրառում 9
Բոլոր աշակերտները քաոտիկ վախեցած վիճակում են. տնօրենը որոշել է մտնել բոլոր դասարանները ու ստուգել երեխեքի մոտ հեռախոսների առկայությունը, գտնելու դեպքում՝ պիտի վերցնի մինչև ամառային արձակուրդներ: Մտնում եմ 7-րդ դասարան, երեխեքը տանում են արագ ներս, դուռը փակում ու սկսում են դասարանի տարբեր անցքերից ու փոշոտ պահոցներից հանել հեռախոսները ու լցնում պայուսակիս մեջ:
-Միսս Անի, շատ ենք խնդրում, սրանք թաքուն պահեք Ձեր պայուսակում ու տարեք տուն Ձեր հետ: Մենք հետո գաղտնի կգանք կվերցնենք:
Ու առանց պատասխանի սպասելու ճանապարհում են ուսուցչանոց:
Комментариев нет:
Отправить комментарий