Լրանում է 3516-րդ տարին, ինչ մեր համբույրը Նամսէկի գլխավոր հրապարակում
կախաղան բարձրացրին: Ամբոխի հողաբույր հայացքները, նրա շատ կանաչ վերնաշապիկը, փոշոտ
վարդի գույն շրթներկը դաջված մեկ իմ, մեկ նրա շուրթերին, այդ չափից դուրս վարդագույն
կախաղանը, գրողը տանի, ու իմ ծակող ճիչը. <<Մի՛ խեղդեք մեր համբույրը… ա՜խ, աչքերս>>: Իմ այդ հուսահատ
գոռոցին հաջորդեց ներկաների քահ-քահ ծիծաղի բույրը, ու դա վերջին բանն է, որ հիշում
եմ այդ օրից: Ինձ բավականին երկար ժամանակ անց պատմեցին, որ ուշագնաց եմ եղել, նկարգրեցին,
թե ինչպես է մեր համբույրը ծանր հևացել ու մինչև վերջին վայրկյանը պայքարել ողջ մնալու
համար: Իսկ Նրան ես այլևս չտեսա, քանի-որ հասարակությունը մեզ դատապարտեց՝ երբեք նույն
քաղաքի երկնքի տակ չհայտնվել միառժամանակ: Մեզ անգամ երազներում էր արգելված հանդիպել,
վերահսկում էին: 3 հազար ու կես տարուց ավել է, ինչ անվերջ փորձում են համոզել, որ
Նա ինձ վաղուց է մոռացել, ուրիշին է գտել և երջանիկ է, բայց միևնույն է՝ սիրտս հերքում
է այդ անհեթեթությունը:
Քաղաքը, որում տարածվում է նրա բույրն ու որտեղ լսելի
են Նրա լայն ոտնաձայները՝ այնքան էլ հեռու չէ Նամսէկիից: Ասում են՝ նավով ընդամենը
մի քանի ժամվա ճանապարհ է: Ստացվում է, որ 356 տարի շարունակ մեզ բաժանել է ընդամենը
2-3 ժամ ձգվող հեռավորություն: Մեր տեղական թերթերից մեկի 3-րդ էջում հաճախ են գրում
թարմ լուրեր Նրա քաղաքից: Այդ էջերից ես թղթե նավակներ եմ պատրաստում ու դնում լոգարանում
և ժամերով նայում սառը հատակին՝ պատկերացնելով, թե ինչպես եմ նավարկում այն քաղաք,
որը մեզ նոր համբույր է պարտք: Բազմաթիվ անգամներ են փորձել ինձ ծանոթացնել ամենատարբեր
մասնագիտություններով, բարետես արտաքնով ու մեկը՝ մյուսից անուշ ներկայով տղաների հետ:
Ինձ ու նրանցից յուրաքանչյուրին ընդամենը մեկ բան էր ընդհանրացնում՝ մանուշակագույն
արյունը: Բոլոր սիրո առաջարկներն անխտիր մերժելուց հետո հնչում էր նույն հեգնական արտահայտությունը.
<<Քեզ դաս չեղա՞վ, շարունակում ես կանաչ արյունով մեկին փնտրել, մտքիցդ հանիր
Նրան, դուք երբեք չեք հայտնվի նույն քաղաքում>>, ես լայն ժպտում էի:
602 տարի առաջ քաղաքի բոլոր ռադիոները գոռում էին. <<Նամսէկիում
տեղի կունենա մոլորակի ամենամեծ, նմանը չունեցող վազքի մարաթոնը, որտեղ կմրցենք մեր
հարևան քաղաքների հետ, բաց մի՛ թողեք այդ տիեզերական
մասշտաբների հնարավորությունը՝ մանուշակագույն արյուն ունեցողները ընդդեմ կանաչ և վարդագույն
արյունավորների>>: Երջանկությունից օր ու գիշեր երգում էի ու մազերս անվերջ սանրում:
Փաստ էր, որ վերջապես հանդիպելու էինք ու, ինչո՞ւ չէ, փախչելու հեռո՝ւ, որտեղ համբույրը
կախաղան անհնար է բարձրացնել: Նրա ժամանման օրը հագա ալ, ուսերի լայն բացվածքով զգեստս,
իսկ մազերս բաց թողեցի, որպեսզի նրա բարակ մատները խճճվեն դրանց մեջ հավերժ: Ինձ կորցրած՝
վազում էի քաղաքի մարդաշտ փողոցներով, ու բոլորին թվում էր, թե մարաթոնի համար եմ ոգևորված,
կեսից անգամ բարձրարունկներս հանեցի և այրվող ասֆալտի հետ ինքս էլ սկսեցի հալվել սպասումից:
Նավահանգստում ահռելի ամբոխ էր կուտակվել, նավը շուտով կժամաներ, և ես երեք վայրկյանում
ճեղքեցի մարդկանց, ահա, նարնջաբույր հորիզոնում նավ է նշմարվում, որն ամենևին էլ նման
չէր իմ թղթե նավակներին: Ծովի հանդարտ ալիքները մոտեցնում էին նրան, իսկ ես շողում
էի, ուղղակի շողում: Նավից նրա եղևնու կոնի օծանելիքի բույրն արդեն փաթաթվում էր վզիս,
հետո իրանիս: Մի քանի ալիք ևս, ու մենք նույն քաղաքի երկնքի տակ կհանդիպենք: Ասեղնագործ
թաշկինակը մոտեցրի աչքերիս, ու հանկարծ մի ացեթոնահոտ ձայն ճչաց բարձրախոսից.
<<Տիեզերքում Սուր Ելակահամի համավարակ է, վազե՛ք դաշտ և մի՛ կրեք կոշիկներ>>:
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նավը արագ հետ պտտվեց ու անէացավ ծովում, որտեղ խեղդվեցին
նաև արցունքներս: Սուր Ելակահամի պանդեմիան ձգվեց շուրջ 314 տարի. Վարակումը տեղի էր
ունենում ոտքերից. սկզբում ելակի քաղց ես զգում, սկսում ուտել այնքան ելակ, որ հետո
ցանկացած ուտելիքից միայն ելակի համ ու հոտ է գալիս և վերջին փուլում սկսում ես փախչել
ինքդ քեզնից: Պանդեմիայի ընթացքում տիեզերքը շատ փոխվեց, թերթերը վերացան, երեխային
ծնված օրից սկսեցին սովորեցնել ձեռքերի վրա քայլել, հորինվեցին 60 գույն ելակի տեսակներ
և դրանց գները կտրուկ աճեցին ու դարձան անհասանելի միջին աշխատավարձով քաղաքացիների
համար: Նույնը մնացին միայն ռադիոյի հաղորդավարի ձայնն ու մեր սերը: Այդ մի քանի հարյուր
տարիների մեջ ամենազվարճալին՝ ծովի փրփուրից պատրաստված սանդալներն էին, որոնք գաղտնի
պատրաստում ու շատ թաքուն վաճառում էին նկուղներում, քանի-որ ամեն տեսակ ոտնամանները
խիստ արգելված էին տիեզերքով մեկ: Սանդալները փոխանակում էին վեց բուռ ելակի հետ, և
դրանք միայն գիշերներն էինք կարողանում կրել, երբ աշխարհը նիրհում էր: Սակայն, սանդալներից
փչող ծովաբույրը հաճախ էր մատնում, այդ իսկ պատճառով մի քանի ժամ կրելուց հետո այրում
էինք ու լայն ժպիտներով պառկում քնելու: Շուտով կոշիկները սկսեցին կամաց-կամաց թույլատրել,
սակայն մարդիկ արդեն անկախ տարիքից և աշխատանքից՝ ավելի սահուն ու թեթև ձեռքերի վրա
էին քայլում ու անգամ վազում, իսկ նոր սերնդի համար ոտքերի վրա կանգնելը հետամնացություն
էր որակվում: Տեսնես՝ նա շարունակում է ոտքերի վրա քայլել, թե՞ ցանկանում է նորաձև
թվալ ամեն դեպքում, ես պատրաստ եմ անգամ քթիս ծայրով տեղաշարժվել նրան նորից գտնելու
համար: Լուրեր էին հասնում, որ նրանց քաղաքում վարակն ավելի արագ է տարածվել, բայց
ես զգում եմ, որ Նա չի վարակվել ու շարունակել է իր սպասումով պատված մարմինը խնամել
ինձ համար: Ամբողջ ձմեռ անցկացրի թեյելով՝ ընկղմված հենց այս մտքերի մեջ ու չնկատեցի,
թե ինչպես մոտեցավ խոշոր վարդերի հավաքման շրջանը: Մարդիկ դժվարանում էին քաղել վարդերը
ոտքերով, մանավանդ երբ ձեռքերի վրա էին քայլում, այդ պատճառով վարդահավաքն այնքան դանդաղեց,
որ հավաքի վերջին օրը դաշտերում դեռ անհաշվելի թվով վարդեր էին ապրում: Մարդկանց՝ իրենց
իսկ արած կիսատ-պրատ գործը նյարդայնացրեց, և նրանք սկսեցին բերաններով արմատախիլ անել
ծաղիկներին, այնուհետև առանձնացրին փշերը և սկսեցին նետել մեկը՝ մյուսի ուղղությամբ:
Առաջին նետումներից արդեն ծանր վիրավորներ կային, և լազուր երկնքի տակ ապրող ծաղիկների
տունը մի քանի րոպեում վերածվեց մարտադաշտի: Պատերազմն անվանեցին <<Վարդաբույր>>,
և նրա մասշտաբները հասան այլ մոլորակներ ևս: Տիեզերքը վերածվեց անհեթեթության: 413
տարի ձգվող պատերազմը մաշեցրեց մեր արտևանունքը և Նրա պատկերը իմ գլխում: Վարդերի փշերը,
սակայն, չէին կարող մոռացնել տալ այն համբույրը, որն անգամ համավարակն էր ճեղքել: Փողոցները
դատարկ էին, և արևն, ասես, ծագեր նոր առաքելությամբ՝ արյան հետքերը արագ չորացնելու
համար: Պատերազմը վերադարձրեց Նամսէկի քաղաքը մի քանի հազար տարի ետ, երբ բոլորս ոտքերի
վրա էինք քայլում, կրիաներ որսում և լոտո խաղում: Երկար ժամանակ գիտնականները չէին
կարողանում բացահայտել, թե ինչպես կարող է ժամանակը հետ գնալ, իսկ Նամսէկեցիներն արդեն
մոռացել էին՝ ինչպես մեքենա վարել: Պարզվեց, որ ըստ տիեզերքի չբցահայտված օրենքներից
մեկի՝ այն տարածքներում, որտեղ մարդիկ համարձակվում են պատերազմ սկսել՝ ժամանակը փոխում
է իր բնականոն ընթացացքը և հակառակ ուղղությամբ է ընթանում, իսկ մոլորակների խաղաղություն
շնչող հատվածներում ժամանակը սովորականի պես առաջ է շարժվում: Սկզբի շրջանում մենք
աննկարագրելի հետաքրքրությամբ հետևում էինք անցյալի բոլոր իրողություններին և դառնում
էինք նախորդ դարերի պատմության մի մասնիկը: Բայց ինչպես աշխարհում ամեն բան՝ պատմական
անցյալին անվերջ հետևելը ևս ձանձրացրեց, ու մարդիկ սկսեցին երազել՝ կրկին ներկայում
հայտնվելու մասին: Մի պահ տագնապեցի այն մտքից, որ ես և Նա՝ տարբեր ժամանակներում ենք
ապրում, և մեր միջև հազարավոր տարիներ են կանգնած: Վախենալով, որ շուտով կհայտնվենք
մի ժամանակաշրջանում, որտեղ գիրը դեռ չի հորինվել՝ օր ու գիշեր սկսեցի նամակներ գրել
Նրան՝ հուսալով, որ մի օր անպայման կհայտնվեն Նրա ձեռքերում: Ոչ ոք չէր կարողանում
փոխել ժամանակի ընթացքը և մեր քաղաքի վրա թախիծ էր սառել, որ չես ասի ոչ մի բառով:
Բոլորս էլ զգում էինք, որ շուտով մի անդառնալի իրադարձություն է փաթաթվելու մարմիններիս,
սակայն մեզ չէր մնում ոչինչ, բացի սպասելուց:
Դրսում երբեմն սկսել էին հայտնվել մարդիկ, որոնք չորեքթաթ էին տեղաշարժվում:
Ամեն ժամի հետ հիշողությունս խամրում էր, եկավ պահ, որ անգամ անունս էի շփոթում, բայց
մի տղայի պատկեր և մի բացառիկ համ՝ դաջված էին սրտումս:
Առավոտյան ժամը 3:17 արթնացանք սահմռկեցուցիչ պայթյուններից, որոնք
պատերազմն էին հիշեցնում: Վազեցինք դուրս. փողոցները հանդարտ էին, մարդիկ խաղաղ, ամեն
բան իր տեղում էր առաջին հայացքից: Ուզում էինք վերադառնալ անկողին, երբ նորից պայթյուն
թնդաց, և երկինքը կտրուկ լուսավորվեց. վերևից վառվող կայծեր էին թափվում և այրում շուրջբոլորը:
Մի պայթյունին հաջորդում էր մեկ ուրիշը, և շուտով ամբողջ մոլորակն, ասես, խեղդված լիներ
հրի մեջ. աստղերն էին կոտրվում, նրանք այլևս չէին դիմանում ժամանակի քաոսային շարժին:
<<Փրկվեք՝ ով կարող է>>: Վերջին բանը, որ հիշում եմ՝ մարդկանց աղաղակներն
ու այրվող երինքն էր, որ պար էր բռնել մեր գխավերևում:
Աչքերս բացեցի մոխրի մեջ ընկած. կատարյալ լռություն էր, չկար ոչինչ
ու ոչ մեկ՝ բացի անսահման մոխրից, որ ամենուրեք էր: Դողացող մարմնով մի կերպ ինձ քարշ
տվեցի սևացած Նամսէկիով մեկ, որի ամեն անկյունից դատարկության ու ծայրահեղ մենության
հոտն էր փչում: Հորիզոնը ևս մոխրաթույր էր, և այլևս գոյություն չուներ ոչինչ՝ անգամ
ժամանակ և տարածություն: Քայլեցի անվերջանալի դատարկության միջով և հանկարծ մի հաստաբուն
ծառ տեսա, որը ևս կիսաայրված էր: Վազեցի դեպի ծառը ու նկատեցի, որ նրա բունն այնքան
մեծ է, որ մի քանի մարդ կկարողանա տեղավորել իր մեջ: Ներսում սարսափելի մութ էր ու
խոնավ: Հանկարծ շնչառության և սրտի արագ բաբախյունի ձայն որսացի… այդ յուրահատուկ շնչառության
համը չէի կարող շփոթել… Նա էր: Առանց բառ ասելու գրկեց, որքան հնարավոր է ամուր, ու
մենք շատ երկար ծիծաղեցինք և լաց եղանք…
Ոչ ոք չգիտեր, որ համաձայն տիեզերքի չբացահայտված օրենքներից մեկի՝
կփրկվեն միայն սիրահարները:
Էննի-Մէնա
💙
ОтветитьУдалить