вторник, 26 ноября 2013 г.

Ի՞նչ ես ուզում դառնալ… Պա'տ



-Օ˜ բարև, ինչ փոխել եմ դպրոցը, չենք տեսնվել: Կարոտել էի…
-Ողջույն, այո հարյուր տարի կլինի չենք տեսնվել:
-Ինչպե՞ս ես:
-Լավ, դու՞:
-Լավ, շատ գոհ եմ այս նոր դպրոցից, այստեղ սկսել եմ սովորել:
-Ուրախ եմ քեզ համար:
-Իսկ դու նույն խենթն ու տարօրինակն ես մնացել:
-Կարծո՞ւմ ես:
-Օ, այո… չեմ էլ կարծում, որ երբևիցէ կփոխվես:
-Դե ժամանակից առաջ մի ընկիր: Չնայած ես չեմ էլ պատրաստվում փոխվել, բայց միևնույն է կարող ես վերցնել սա խորհուրդ ինձնից՝ քեզ: Կյանքում մի օր պետք կգա:
-Թո'ւհ… խորհուրդդ էլ քեզ պահիր ցնդածի մեկը: Լավ դու էն ասա, դասերը լա՞վ են:
-Դե հա, սովորական:
-Որտե՞ղ ես որոշել ընդունվել:
-Վերջնականապես որոշումս կայացրել եմ: Որոշել եմ ընդունվել լռալսասիրացաբանական:
-Չհասկացա, կրկնիր խնդրեմ:
-Ի՞նչ կա չհասկանալու: Որոշել եմ ընդունվել լռա-լսա-սիրա-ցա-բա-նա-կան:
-Այդ ի՞նչ է:
-Դա նոր բաժին է:
-Եվ այդտեղ ընդունվելով ի՞նչ պիտի դառնաս:
-Պա'տ:
-Պա՞տ:
-Այո, ինչո՞ւ ես զարմանում:
-Չհասկացա, ինչպե՞ս կարող ես պատ դառնալ:
-Դե օրինակ դու ուզում ես լեզվաբան դառնալ, ես էլ որոշել եմ պատ դառնալ:
-Իսկ դա ի՞նչ մասնագիտություն է: Մի քիչ պատմիր, այսպիսի բան առաջին անգամ եմ լսում:
-Դե ասեցի արդեն, որ նոր մասնագիտություն է, ես եմ հորինել: Քեզնից պահանջվում է ուղակի կանգնել ամբողջ կյանքդ և անվերջ լսել մարդկանց տարատեսակ խոսակցությունները: Այնքան հետաքրքիր գործ է: Երբևէ մտածել ես, թե պատը ի՞նչ է զգում այդքան կանգնլով: Ինչպիսի՞ն է նրա կյանքը, որքանո՞վ է հետաքրքիր անվերջ կանգնել նույն տեղում և լսել բազում մարդկանց խառը զրույցները: Եվ սրտի տրոփյունով սպասել ինչ-որ աղետի, որովհետև միայն աղետի շնորհիվ կարող ես փրկվել այդ խելառ ու դաժան մոլորակից: Պատկերացնո՞ւմ ես, թե քանի-քանի սերունդների են հետևում: Կամ ասենք հետաքրքիր է չէ՞, թե ինչ գույների են պատի մտքերը, կամ իրականում ինչպիսի՞ն է պատերի լռալսասիրացաբանական մոլորակը: Այսքան տարի մարդ եմ եղել, իսկ հիմա որոշել եմ պատ դառնալ: Կյանքիս մնացած օրերն էլ, որպես պատ կանցկացնեմ: Ուզում եմ ինձ պատ զգալ, այո հենց պատ:Գիտես ամբողջ հարցը նրանում է, որ մարդկանց կյանքը ահագին դժվար է, իսկ պատերինը՝ հանգիստ, պարզ ու հեշտ: Հոգնել եմ մարդկանց այս ստով, դաժանությամբ ու դավաճանությամբ լցված մոլորակից, ուզում եմ տեղափոխվել լռալսասիրացաբանական՝ անմեղ, պարզ, հասարակ ու քարացած աշխարհը: Օ˜հ, ինչե՞ր եմ խոսում: Պա՞րզ, հասարա՞կ, քարացա՞ծ, հե՞շտ…:Չէ, չէ այս ամենն հաստատ ինձ համար չէ: Այդպես ընդհանրապես հետաքրքիր չէ: Ատում եմ պարզությունը: Չէ, մտքափոխվեցի: Ոչ մի պատականացում, դա թող ուրիշը դառնա, իսկ ես ուրիշ բան կմտածեմ… Օրինակ ծառ, կամ չէ ավելի լավ է ծաղիկ, կամ էլ վարագույր, չէ իսկ միգուցե անձրև՞…
Նա ապշահար նայեց վրաս՝ դողդղացող շուրթերով ու հաջորդ վարկյանին փախավ՝ ուժեղ գոչելով.
-Դու խենթ ես, խենթ, խենթի մեկը…
Իսկ ես դեռ չէի կողմնորոշվում,թե ո՞ր մասնագիտությունը ընտրեմ՝ լոլի՞կ, ծաղկամա՞ն, թե կրա՞կ…

Հեղինակ Անի Խաչատրյան 11-2 դաս.
by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий