воскресенье, 8 декабря 2013 г.

Սառած ցնորքներ


 


Կրկին առավոտ: Արթուն եմ, բայց չեմ ցանկանում աչքերս բացել: Զգում եմ, որ այս օրը սովորականից ցուրտ է և ինչ-որ բան ուրիշ է: Սակայն դա ևս չի ստիպում ինձ բացել աչքերս: Սառնությունը պտտվում է շուրջս ու պար գալիս: Խաղում է հետս: Հպվում է մատներիս ծայրերին և դանդաղ ներթափանցում ներսս: Կծկվում եմ: Խնդրում եմ, որ գնա, բայց նա շարունակում է իր խաղը: Ախ, սառնություն, մանկամիտի մեկը: Անցել է մեկ տարի, բայց նույնն ես մնացել:

Շուտով սառնությունը սկսում է խաղը նյարդերիս հետ և ես որոշում եմ այնուամենայնիվ բացել աչքերս: Չէ, ամենինչ նույնն է: Մոտենում եմ պատուհանին: Ահա և փոփոխությունը՝ ձյուն է սկսվել: Օհ, ախր ես շատ էի սպասել ձեզ ձյուն և սառնամանիք: Վերջապես: Ուղիղ մեկ տարի համբերել եմ: Շատ էի կարոտել ձեզ իմ հին ու լավ ընկերներ:
Հագնվեցի և արագ դուրս վազեցի՝ հին բարեկամներիս ողջունելու: Որոշ ժամանակ անց կարոտս առա և նստեցի իմ գորշ ու մոլորված ապաստարանում և սկսեցի հետևել մարդկանց: Չէ որ կրկին կարող եմ կարդալ ձեր մտքերը: Այնքան ցուրտ է, որ անգամ ձեր մտքերն են սառչում և ես կարող եմ տեսնել դրանք: Սառչում են նաև ձեր էմոցիաները, ձեր ներկայիս հոգեվիճակը և վերջապես սառչում է ձեր էությունը: Որքան հետաքրքիր է այսպես ժամերով հետևել ձեր մեջ ապրող մարդուկներին, ում դուք այդքան խնամքով թաքցնում եք, որովհետև վախենում եք նրանցից:  Իսկ հիմա զգուշացեք քանիոր եկել է սառնամանիքը և նա թափանցում է ձեր միջի մռայլ անկյունները ու այնտեղից դուրս քաշում ձեր հիվանդ էությունը և ահա կա մեկը, ով տեսնում է դա: Մի փորձեք այն թաքցնել, չի ստացվի. չէ որ սառնությունը երկու ձեռքով կմխրճվի ձեր ներսը ու ամեն կերպ կհանի դուրս ձեր մեջ բնակվող հրեշին:
Ահա քարանում է ձեր հոգու իրական գույնը, ձեր ներսի մեղեդին նույնպես քարանում է, սառչում է ձեր հոգու կերպարանքը: Օ˜ ինչ գեղեցիկ է: Ամենուրեք սառցե կերպարանքներ են գոյացել: Չկա շունչ, ամենինչ քարացած է: Քարե էմոցիաներ ամենուրեք: Սառչել են նաև ձեր ցնդաբանությունները, ձեր խելառ ու խենթ Չմտքերը: Այո ես սիրում եմ ձմեռը, այս սառած մտքերն ու ձեր քարացած կերպարանքները: Կարոտել էի ձեզ իմ հին բարեկամներ՝ ձյուն և սառնամանիք…

Комментариев нет:

Отправить комментарий