Լուսնի խորհրդավոր ժպիտն է,
Որ արյան հետքի պես`
Ցավեցնելով, կախվում է խավարի խորշոմած դեմքից
Ու փաթաթվում իր անզորությունից կուչ եկած` շողերով անձև,
Մինչև վերջ պայքարելով ոչնչի դեմ:
Իսկ դու, մի’ զարմացիր ու մի’ փորձիր մեղադրել իրեն,
Քանի-որ ինքն էլ քեզ պես եսասեր ու սառն է:
Արևն է, որ շուտով պիտ ելնի,
Ու ահով փաթաթի` մարդկային վախերի արկղիկը բորբոսնած:
Զրահները պարզած կռիվն են սկսում,
Պատերազմն է հեռվում`մռայլությունից պայծառացած դեմքով`
Ողջունում ու արյան որսի ելնում:
Երկինքն է, որ ոչնչում մեղք չունի,
Բայց պիտի վերածվի արյունով հեղեղված ամայի դաշտի:
Անզորությունից խավարն է, որ ծնկի է իջել և լաց է լինում,
Ու աղերսում, որ վերջացնեն դաժանության պայթյունները սարսռացնող:
Շուտով ավարտվեց պատերազմը հերթական,
Ու մոռացվեց` սպի դառնալով իր հին տեղում:
Խաղաղությունն է, որ թատերաբեմ է ներխուժել,
Մեռելային լռությունն է, որ գոռում է սուր ցավից,
Ու արյան հոտն է, որ խեղդում է երկնքի բացված երախից…by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий