Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա 3 ամիս կլինի ինչ չեմ ցնդաբանել (Սխալ հաշվելուս համար հիշողությանս մեղադրեք` վերջերս իսկական դավաճան է դարձել, հետս խաղեր է խաղում): Այսօր որոշեցի գրիչը ձեռս առնել ու փորձել գրել: Լավ, խոստովանում եմ` չգրելուս պատճառը մուսաս է: Ծույլի մեկն է` ձեռքերը ծալում է ու քարացած նստում իր մութ անկյունում: Ես էլ պիտի ժամերով, չէ’ ավելի ճիշտ օրերով դնեմ ու սկսեմ համոզել, չէ’ խնդրել, որ գոնե մի քանի րոպեվ դուրս գա այդ անիծյալ թաքստոցից, որը ես ատում եմ: Երբեմն սկսում եմ մտածել, որ իրեն համոզելը աշխարհում ամենաբարդ բանն է…
Քնել էի: Արթնացա քամու հրմշտոցից, որ ձեոեքերի մատները լայն բացած ուզում էր արթնացնել ինձ (Ա~հ, հազիվ քնել էի: Քամին էլ մարդ գտավ հրելու համար): Նայում եմ ինձ հայելու մեջ ու նկատում, որ դեմքիս վրա թանաքով գրված է այս նույն տեքստը: Քնել էի տետրիս բաց էջի վրա…
Վերջապես արևածագ է: Պաշտում եմ արևածագը, տեսածս ամենագեղեցիկ երևույթներից է: Արևի ճառագայթները ճերմակ ձի հեծնած սլանում են ուղիղ աչքերիս անդունդը: Ես փակում եմ աչքերս ու հրճվում: Կողպում եմ արևի մասնիկները աչքերիս մութ խցում, որտեղից այսքան ժամանակ դեռ ոչ մեկին չի հաջողվել դուրս պրծնել: Թփրտում են, ամբողջ ուժով խփում պատերին ու անզգուշորեն խճճվում տխրությանս լարերի մեջ: Քաոս է կրկին: Իսկ դրսում մութը արդեն հասցրել էր լցվել լուսավոր դատարկությամբ: Արևն է գալիս իշխանության ու վայելում իր հրե փառքը…
Ուշքի եմ գալիս զարթուցիչի բթացնող ճիչից: Ամառ է, շո~գ…
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий