-Լսո՞ւմ ես լռության սարսռացնող ճիչերը:
-Էլի՞ սկսեցիր: Հերի’ք է, հոգնե~լ եմ: Ես էլ չեմ կարողանում
հետդ մնալ: Պիտի առնվազն հոգեկան խանգարում ունենամ, որ դիմանամ քո ձեռքը: Չնայած,
արդեն կասկածներ ունեմ: Դժվար թե այսքանից հետո շեղումներ ստացած չլինեմ: Մինչև ե՞րբ…
- Ախր դրանք իմ ականջում են, ես պարզ լսում եմ: Հասկանո՞ւմ
ես, չեմ խաբո’ւմ: Համ էլ մի վախեցիր հոգեկան շեղումներ ստանալուց: Դա նորմալ է: Մենք
բոլորս էլ խենթ ենք, ուղղակի դուք բոլորդ փոքր տարիքում առնում եք մահացու հրացաններն
ու որսի ելնում` ձեր խենթ Եսին գտնելու: Հետո հեշտ գտնում եք, քանի որ խենթ Եսը պարզ
է ու թաքնվել չի սիրում, ու հաջորդ վայրկյանին առանց մտածելու կրակում եք նրա աչքերի
ուղիղ մեջտեղում: Ապա կոկիկ փաթեթավորում եք ու կորցնում այն մռայլության կամիր լաբիրինթոսում:
Մարդասպաններ եք բոլորդ էլ…
-Ինչե՞ր ես խոսում: Ի՞նչ մռայլության լաբիրինթոս, Ի՞նչ խենթ
Ես… Երեխա ես, մանկամիտ: Հույս ունեի, որ 16-դ լրանա կմեծանաս:
-Հահ, ես հասկացա: Ես ամեն ինչ հասկացա: Փաստորեն ըստ ձեր
սահմանման`<< Երբ սպանում ենք մեր խենթ Եսին, այդպիսով փոքրից վերածվում ենք
մեծի, հասունի…>>: Այսինքն ձեր ասելով մեծ դառնալու չափանիշը Ինքնա-խենթա-սպանությունն
է…
-Չէ’, էլ չեմ կարող: Ես գնում եմ` խելագարվելու ցանկություն
չունեմ: Հուսով եմ այլևս առիթ չենք ունենա տեսնվելու:
Իսկ ես այդպես էլ մնացի տեղումս նստած: Վայելեցի սառը քամու
մեղմ սիմֆոնիան ու դիմավորեցի մայրամուտը: Այդ ընթացքում վերջնականապես որոշեցի, որ
ինչ էլ լինի երբեք չեմ կատարի Ինքնա-խենթա-սպանություն…
By Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий