Ձեռքս եմ առնում
մթագնած հիշողություների մառախլապատ բանալին, որ անքննության տենդով է լցնում
գլուխս ու սառեցնում ներսի բոլոր անկյունները: Դե բաց արա’, շտա’պ, վեր կա’ց, բացի’ր,
հենց այս րոպեին, հենց հիմա, արագացրու’… Լսում եմ խոսքերն այս սարսափազդու` ամեն վարկյան
ու րոպե, այնքան հզոր, ամեն ինչի ընդունակ: Չկա վերջ այս անիծյալ անուրջին, չկա սկիզբ
այս մենության անդորրից եկած տենդին: Ահ, գլխապտույտների անմոռաց պար, լռակյաց ճիչ,
կարմիր խավար… Հանկարծ կորչում է ամեն ինչ` լցվելով վախերի արյունով հեղեղված դարակը
հեղձուցիչ: Գտել եմ բանալին, բայց դա այնքան քիչ է`պիտի ուժ գտնեմ բացելու վրեժի տենչացող
այդ դարակը: Փականն է գոռում, լաց լինում դառնաղի արցունքներով, որոնք թափվում են ոտքերիս:
Ես սառցակալում եմ: Դիմացիս հայելում տեսնում եմ մոխրակապույտ շրթունքներս, կարմրած
աչքերս: Փչում է դառնաղի գարշահոտը, խփվում պատերին, միաձուլվում ստանում պատի գույն: Անզորությունից կուչ եմ գալիս,
փորձում եմ տաքացնել ոտքերս… Չի օգնում. Տագնապ` չկա ելք այս խառնիճաղանճ լաբիրինթոսից:
Ցավի պատճառով հալվում է շուրջս ամեն բան, մթագնում է հատակը: Հիմա էստեղ ամայի դաշտ
է, ուր ջութակների արյունոտ նվագն է հնչում, սավանի պես ծածկում մարմինս: Տաքանում
եմ: Փորձում եմ վեր կենալ` հաջողվում է: Կապույտ մառախուղ է: Միայն կարմիր սառցակալած
դարակն է` շրջապատված ամայությամբ: Պտտում եմ վախից կուչ եկած բանալին: Արդեն բացված
դռնից դուրս են թռչում մերկացած մտքեր, փաթաթվում վզիցս: Դեպի աչքերս են սլանում ագռավի
թևեր առած դառը տեսիլքներ, կողպվում աչքերիս խցում: Առաջ եմ գնում` փորձելով ազատվել
վզիս փաթաթված մտքերից: Հաջորդ վայրկյանին զգում եմ, որ ձեռքերիս են հպվում ձյան պես
սառն ու սպիտակ հիշողություններ, հալվում վրաս` հետք թողնելով: Մթագնած թուլություն
զգալով ես ընկնում եմ գետնին, որը անգամ հատակ չունի… Ընկնում եմ, թվում է ուր որ է կխեդվեմ, օդը ասես չի հասնում թոքերիս: Ընկնելու ընթացքում
ագահորեն օդ եմ կլանում, որքան հնարավոր է քաշում եմ ներս: Այնքան էլ չի օգնում, կոկորդիս
են կանգնել հին ու բորբոսնած պատկերներ, որ վաղուց մոռացության էի մատնել: Առիթից օգտվելով
նրանք էլ են որոշել միանալ վրեժին:
Աչքերս բացում եմ տան հատակին,
ուրախանում եմ, որ երազ էր: Հագնվում եմ, լվացվում ու մահճակալս հավաքելու ժամանակ
վախի ճիչս պատում է տունը… Ա˜խ այդ անիծյալ դարակի բանալին:by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий