воскресенье, 24 августа 2014 г.

Հերթական Լուսնապաշտության նոպան


Մի պահ թուլացի’ր, թո’ղ, որ քամին խաղա հետդ, պարի’ր անձրևի տակ ու խենթացի’ր: Հանի’ր կոշիկներդ, որպեսզի զգաս մայր բնությունը ու ավելի մոտ լինես իրեն, համբուրի’ր հողը, ճախրի’ր թռչունների հետ, միացի’ր նրանց երամին, զգա’ թռչելու ամբողջ մոգությունը: Հերի’ք է: Պարկի’ր խոտերի մեջ ու շնչի’ր թարմությունը, ժպտա’ ծաղիկներին` նրանք հենց դրան են սպասում: Թո’ղ խոտերը շոյեն մազերդ` չէ-որ դա մի ուրիշ հաճույք է~: Չէ’ չհամարձակվես, ինչպե՞ս կարող ես քնել: Չէ’, մտքովդ էլ չանցնի’: Միթե՞ թողնելու ես, որ քունը խաբի ու հափշտակի քեզ: Շուտով կգա այստեղի թագուհին` Լուսինը, կսփռի ամենուրեք իր դիվային շողերը ու կսկսվի լուսնային պարահանդեսը: Վեր կա’ց, դե ոտքի կանգնի’ր ու խոնարհվի’ր նրա գեղեցկության առաջ, այլապես նա քեզ չի ների: Հիմա կարող ես թռչկոտել ու անմոռաց պարել: Պարիր այնպես, ասես վերջին անգամ ես պարում: Վայելի’ր, թող որ լուսնի արծաթե շողերը գրկեն քեզ ու խենթացնեն: Դա սքանչելի է~: Իսկ հիմա գնա’ Լուսնին ընդառաջ, մեկնի’ր ձեռքդ ու դիպչի’ր իրեն, զգա’ լուսնային գեղեցկությունն ու պառքը: Դու ամբողջովին դողում ես, նշանակում է վարակվեցիր: Հիմա դու էլ ես ինձ պես խելագար մի լուսնապաշտ: Որքան գունատ ես~: Բարի գալուստ: Այլևս մենակ չեմ: Ամեն գիշեր միասին կգանք լուսնով հմայվելու: Կբարձրանանք ամենաբարձր լեռան գագաթին ու կփակվենք լուսնի շողերի ազատ խցում: Կազատվենք էնտեղից միայն արևի գալուստի ժամանակ: Չէ, որ միայն արևն է ունակ դուրս բերելու մեզ լուսնային հիպնոսից, որ թեև աշխարհում ամենագեղեցիկ երևույթն է, սակայն միևնույն ժամանակ ամենից վտանգավորը: Լուսինը տեսնելով հանկարծ մոռանում ես կյանքում ամեն-ամեն բան: Մի պահ աշխարհը դադարում է գոյություն ունենալ: Դու ազատ ես, երիտասարդ, վայրի ու խենթ: Լուսնոտության տենդ է, մի լուսնային հիպնոս, լուսնահարության կոմա: Գլխապտույտ, մոլեգնության շուրջպար, ու ամբողջ ընթացքում քեզ հետապնդում է մի ձայն, որ հասցնում է խելագարության: Լուսնային քաոս է սկսվում, որ պարուրում է քեզ ոտքից գլուխ ու ջերմացնում: Լուսնային թևեր ես ձեռք բերում ու թռչում ես լույսի արագությամբ: Ամբողջ այդ լուսնային հաճույքներից հետո ուժասպառ ես լինում, ընկնում ցած` լուսնով ողողված խոտերի մեջ: Լիաթոք շունչ ես քաշում ու զգում, թե ինչպես են թոքերդ լցվում լուսնային օդով: Որքան հաճելի է~: Կախարդված նայում ես լուսնին, ու չես կարողանում աչք կտրել: Այն ասես քեզ չի բավարարում, ուզում ս անընդհատ տեսնել լուսինը, շնչել ու արտաշնչել այն, լսել լուսնին ու պարել լուսնի հետ: Լուսինը շատ է սիրում խաղալ մազեր հետ: Նա խճճվում է էնտեղ ու ելք չգտնելով ներծծվում է ներսդ, դարձնելով ներսումդ գտնվող ամենը լուսնային խճանկարների: Այն ներխուժում է բոլոր անկյուններդ, և ահա վայրկյաններ անց ներսումդ  ամենինչ լուսնային է: Սրտխառնո~ց, ուժեղ գլխացավ: Վերջ չկա այս Լուսնախտին, բուժում չկա, անբուժելի է հասկանում ե՞ս: Ահա ցրվում է մթնշաղը ու լցվում լուսե դատարկությամբ: Մի փոքր էլ ու ես խեղդամահ կլինի լուսնային հեղձուցիչ օդից: Ավարտվեց լուսնոտության տենդը,  վերջացավ լուսնային ամեն բան` սպի դառնալով երկնքի վիրավոր մարմնին: Լույսը բացվեց ու մոռացվեց ամեն բան, սրբելով լուսնից մնացած մնացորդները: Այնպիսի տպավորություն է ասես ոչինչ էլ չի եղել: Ավարտվեց հերթական լուսնապաշտության նոպան…


By Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий