-Ո՞ւր է տանում արնագույն ծաղիկներով փաթաթված արահետը:
-Իսկ քեզ ո՞ւր է պետք հասնել:
-Տարբերություն այնքան էլ չկա, չգիտեմ… Կարևորը հասցնի ուզածս
վայրը:
-Ուզածդ վայրը որտե՞ղ է,- ամենայն ուշադրությամբ զննում էր
ինձ, նույն ընթացքում փորձելով ներխուժել աչքերիս մթապատ խուցը:
-Չգիտեմ, թե դա որտեղ է: Կարևորը հեռու գնալ, հասնել մի տեղ,
ուր վերջնականապես կազատվեմ ամեն տեսակի մտքերից, ցնորություններից ու սեփական էությունից:
-Իսկ դու գնա ու շշնջա էդ ամենը այս բոսորաթույր ծաղիկներին,
նրանք կհասցնեն քեզ ուզածդ տեղը:
-Իսկ ես լսել եմ, որ ծաղիկները մատնիչ են, այն էլ ալ գույն
ունեցողները: Ուզում եմ, որ հենց դու ինձ ցույց տաս ճանապարհը:
-Եթե չգիտես, թե ուր ես ուզում գնալ, ապա ցանկացած կածանն
էլ կհասցնի քեզ ուզածդ վայրը: Բայց զգույշ եղիր…
-Զգույշ լինեմ ինչի՞ց, կամ ումի՞ց: Ցնդաբանություններիցս
ու սեփական էությունիցս առավել սարսափելի բան էլ կա՞:
-Հրեշներից էլ չե՞ս վախենում:
-Լսի’ր, հո երեխա չե՞ս: Միթե՞ չգիտես, որ երկրի երեսին չկան
հրեշներ: Վաղուց է արդեն ինչ բոլոր հրեշները եկել ու բնակություն են հաստատել մարդկանց
ներսի լուսե արկղերում: Հա, ճիշտ եմ ասում: Իրենց ամենասիրելի վայրերից է, գիտե՞ս:
Փնտրում ես հրեշները անտառներում կամ մթության արանքում, այնինչ իրական հրեշը ներսումդ
է…
-Չէ, ես վախենում եմ, ուզում ես ասել, որ այդ ահռելի դևերից
մեկն էլ իմ ներսո՞ւմն է:
-Վախենամ, այո դա էդպես է… Դու էլ ես մեզնից մեկը, ցավում
եմ:
-Ուրեմն ես էլ եմ հետդ գալիս: Գազանները, չար ոգիներն ու
արնալեզներն էլ ի՞նչ կարող են ինձ անել, ես պիտի ինքս ինձնից փախչեմ, որ հասնեմ ուզածս
ազատությանը:
-Դրանից փախուստ չկա: Դատապարտված ենք մի ամբողջ հավերժություն
քարշ տալ նրանց հետևներիցս:
-Բա էլ ինչո՞ւ ես ուզում փախչել, եթե միևնույն է չես կարող
դուրս գալ էս մղձավանջների կծիկից:
-Փախուստի շնորհիվ կյանքդ հետաքրքիր կդառնա, իմաստ կստանա,
գուցե նաև որոշ հույսեր արթնացնի: Այդպիսով կարող ենք որոշ ժամանակ մոռանալ էս ամենը:
Հասկանո՞ւմ ես: Այլապես խեղդամահ կլինենք էս դևավոր անուրջից: Ելք չկա էստեղից, մնում
է միայն երևակայել ու թռչել բա˜րձր, բա˜րձր: Բայց պիտի շտապենք, քանի դեռ երևակայությունն
էլ չի վարակվել էս հրեշախտով:
-Երևակայելը հիմարների համար է:
-Չհամարձակվես էդպես արտահայտվել, երազողները հիմարներ չե~ն…
-Իսկ ես չգիտեմ, թե ինչ բան է երազելը… Երևակայության համն
ու հոտը ինձ անծանոթ են:
-Չէ’, լու՞րջ ես ասում: Ախր դա անհեթեություն է: Չէ, որ մի
ուրիշ տեղ` հեռու հեռվում, ամենից կտրված մի մոլորակ կա, ուր խոսում են միայն երևակայության
հրաշքներից` թե ինչպես ես լուսնային թևեր առնում ու ճախրում այնքան վերև, որ հատում
անցնում ես իրականության զոնան ու մտնում ես զուգահեռ անիրականության սահմանը, որը
սահմաններ չունի: Բղավում ես ամբողջ ուժով` դա ազատության ճիչն է: Դու կարող ես տեսնել
ազատությունը, շնչել այն ու անգամ շոշափել: Դու խենթ պարում ես, թռչկոտում ու վայելում
ազատաերևակայական բնությունը: Ներս քաշում էդ ամենը, ու արտաշնչում ես ներսիդ մռայլացած
հիշողություններն ու բորբոսնած դիմակավոր դեմքերը: Հավետ երիտասարդության թուրմն ես
ըմպում ու անկախանում ամեն տեսակի երկրային սահմանափակումներից. Իսկ դու ասում ես որ
չե՞ս զգացել էտ ամենը, բա էնտեղ ի՞նչ պիտի պատմես: Դու հիմարի կարգավիճակում կհայտնվես…
Չհասցրի ավարտել խոսքս, երբ տեսա, որ աչքերն արցունքոտել
են, հաջորդ վայրկյանին վազեց ու պարկեց անհամար
ծաղիկների մեջ, լիաթոք շնչեց դրանց եդեմային հոտը, աչքերը փակեց ու ժպտաց…
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий