вторник, 6 января 2015 г.

Կարմիր


-Դե՛, ժամանակն է, բա՛ց աչքերդ ու անէացի՛ր կարմիր մառախուղի արբեցնող տեսիլքում: Թո՛ղ, որ նրա՝ մազերից պոկված կրակե թռչունները քեզ էլ տանեն իրենց կարմիր հեռուները: Մոռացի՛ր աշխարհի բոլոր գույները. հիմա դու էլ մեզ նման հերթական կարմրոտը կդառնաս, ու մենք կճախրենք միասին դեպի կարմրավուն երկինքները, ուր շնչում են կարմիր՝ առավոտյան ու արտաշնչում կարմիր՝ երեկոյան: Այստեղ միայն կարմրոտ թռիչքներ են, արձագանքներ են տարատեսակ, որ թաթախված են կարմրի մոռացության երազներում… Կո՛ւլ տուր կարմիր օդը ու միացի՛ր կարմրացման հիպնոսային խնջույքին: Խփի՛ր ոտքերդ գետնին ու սպանի՛ր միջիդ ողջ մնացած, գունավոր մնացուկները: Դարձի՛ր մեզ պես կարմիր հեքիաթից պոկված հերոս ու սկսի՛ր երազել միայն կարմիր երազանքներ: Կարմրի՛ր ու կարմրեցրու՛: Ե՛կ խճճվենք այս կարմրեցման լաբիրինթոսում՝ փակվենք հավետ կարմիր երևակայության խցիկում ու հավերժ վայելենք կարմիր արբեցումը: Համտեսի՛ր կարմիր թախիծը ու վերածնվի՛ր որպես կարմիր ագռավ: Ե՛կ սիրենք իրար կարմրական սիրով, որ ամենաիրական սերն է աշխարհիս երեսին, ու դրա սահմաններից դուրս: Զգա՛ կարմրեցնող մեղեդին ու վերածվի՛ր կարմիր խենթի: Տե՛ս դու վերջապես կարմրի հզորությունը: Մի կողմ նետիր խայտբղետ վախերդ ու վախեցի՛ր միայն կարմիր վախերով՝ կարմիր վախերից: Այնուհետև, հաղթահարի՛ր այդ նույն կարմիր վախերի կույտը ու կարմիր հպարտության ծիլերը տնկիր ներսումդ: Կարմիր իմաստ տուր կյանքիդ ու որքան կուզես՝ զվարճացիր և ուզածիդ չափ օգտվիր բոլոր կարմիր հաճույքներից: Կարմրապատ ժամերը թող գրկեն քեզ ու կարմրեցնող շուրջպար բռնեն շուրջդ: Իսկ երբ կարմիր հոգնածությունը կշտապի սկսելու իր կարմիր պատերազմը՝ դու փակի՛ր աչքերդ ու գտի՛ր կարմիր խաղաղությունը՝ կարմիր քնիդ մեջ…
Այս խոսքերին նրա սփրթնած ու դժգույն ձեռքը անցավ կարմիր մառախուղի դարպասներից ներս՝ այնուհետև գլուխը, ոտքերը, մարմինն ու հոգին: Ու չքացավ նա անհետ` կարմիր, հեքիաթային հեռուներում՝ դառնալով մի կարմիր, անէացած, հին տեսիլք…

Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий