вторник, 10 февраля 2015 г.

Բարև, ես հրդեհն եմ. (Հերթական հրդեհի կորած օրագրից)



Կներես, իմ սիրելի ընթերցող` պիտի հիասթափեցնեմ քեզ: Այս անգամ գրելու եմ ոչ որպես մարդ, այլ...
Սիրում եմ վերածնվել, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր էլ պիտի հրդեհ դառնամ: Հետաքրքիր է, ձեզանից քանի՞սն է երբևիցե հրդեհ եղել: Ինչպես հասկացաք`այսօր իմ հերթն է: Մի խուլ փողոցում եմ ու պար եմ բռնել հին, փայտե խրճիթի կատարին: Աննկարագրելի վայելք է պարել բոսոր արևի ճառագայթների ներքո ու ավելի թեժանալ նրա ընկերակցությունից: Բարեբախտաբար քամին դեռ չի երևում, նշանակում է սահմանվածից երկար եմ ապրելու: Ես ազատ եմ, ես` երիտասարդ: Այնքան ուրախ եմ, որ մարդ չեմ ու ոչ էլ ծառ, այլապես ազատության երեսը չէի տեսնի: Իսկ հիմա ազատությունը մեջս խլվլտում է: Ես հենց ինքը` ազատությունն եմ: Եթե դու մարդ ես ու կարդում ես սա, ուրեմն չես էլ հասկանա, թե ինչ հաճույքի մասին է խոսքը, ցավում եմ քեզ համար:
Զգում եմ, որ գրավիչ եմ: Վարսերս կարմրոտ թափվում են փոշոտ կտուրից ցած ու սահում բորբոսնած աստիճանների դեմքի վրայով` վերածելով մոխրագույն միջավայրը կարմիր հեքիաթի: Սիրում եմ գունավորել այն ամենը ինչ գորշի երագների մեջ է: Մատներս երկար ու նուրբ, ում կպնում եմ ոգի է առնում ու միանում մեր կարմրա-արբեցուցիչ դիմակահանդեսին: Ծաղկի թերթերի պես` պոկում եմ խրճիթի հավասար դարսված փայտերը ու գոլորշի է բարձրանում` ևս մեկը վերածնվեց: Երբեք գոլորշի չեմ եղել. հետաքրքիր է, ո՞վ է այս հաջողակը, կամ էլ չէ հակառակը: Ամեն դեպքում կարելի է գոլորշու կերպարանք էլ առնել: Փաստորեն ունակ եմ կյանքեր տալ ու կյանքեր խլել: Ես ճախրում եմ, թե ուզեմ երկինքն էլ կպատռեմ ու կանցնեմ: Հասել եմ կիզակետին ու ինձ ամենի տիրակալն եմ զգում: Ես փառավոր եմ, ես` հզոր: Ես ամենակարողն եմ: Աշխարհը այնքան փոքր է թվում այս պահին: Ես անվախ եմ: Ես անհաղթ եմ: Ինձնից վերև չեմ տեսնում ոչինչ, ես եմ կանգնած բարձունքում: Ես հենց ինքը` բարձունքն եմ: Ես ամենուրեք եմ: Քո մեջ, նրա մեջ, բոլորիդ մեջ...
Անձրև սկսվեց: Սիրում եմ անձրևը, բայց ինձ վիճակված չէ վայելել իր հիպնոսացնող հոտը... Ես մարում եմ, ես էլ չկամ, միանում եմ մեծամասնությանը:

by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий