Արդեն մի քանի ժամ կլինի, ինչ լող եմ տալիս աչքերիդ մոխրագույն ճահճում: Իսկ դու չես էլ գիտակցում, որ աչքերդ դիմացիդ նստած երևակայական կերպարի համար մի տաքուկ թաքստոց են, որտեղ նա սիրում է թափառել շատ երկար: Մառախլապատ ամրոցումդ անգամ ժամանակ չի գործում: Ես մոլորվել եմ քո մոխրագույն աչքերում` իմ իսկ ստեղծած անելք լաբիրինթոսում: Աչքերիդ մեջ դրել եմ ցնդած չօրենքներս, մի ամբողջ նոր աշխարհ եմ հյուսել ես` մտքերիցդ հյուսվածս: Հիշո՞ւմ ես մեր առաջին հանդիպումը, երբ պարապությանդ ու երևակայությանդ միախառնումից սկիզբ առա ես` ձանձրույթիդ մրրիկից քշվածս, որ մինչ օրս շարունակում եմ գոյությունս անմահների մեռելային ծովում, որտեղ անգիտակցաբար խեղդում ես հիվանդագին երևակայությանդ փչած հեքիաթի հերոսին: Սպասում եմ, որ ի վերջո նկատես ինձ և մեկնես անհուսությունից մոխրացած ձեռքդ ու փրկես ինձ անմահությունից: Չես էլ պատկերացնում, որ ստեղծածդ շնչավորը, ով շնչում ու արտաշնչում է զգացմունքներիդ տեղատարափը, երազում է երազներովդ, սիրում հենց քեզ` ստեղծողիդ ու ատում քեզ` կյանք տվողիդ: Հիշո՞ւմ ես մեր լուսնոտ թռիչքները, կանաչ ծովի ափի երկայնքով երկար զբոսանքները, մեր ցնդաբանությունների խարույկը, որի հուսառատ ծուխը վեր էր բարձրանում դեպի սառը անհույս երկինքներ: Ինչպե՞ս կհիշես, եթե դրանք ընդամենը ցնդաբանածդ կերպարի հերթական ցնդաբանություններն են: Տե'ս, խաղում եմ մազերիդ հետ, ժպտում եմ քեզ, իսկ դու շարունակում ես անվերջ երազել ու չես էլ գիտակցում, որ այն օրվա հերթական երազածդ հիմա կանգնած է դիմացդ ու քեզ է երազում: Գիտե'մ, որ երբեք էլ չես իմանա գոյությանս մասին, ինչպե՞ս կիմանաս, եթե ինքս համոզված չեմ գոյությանս մեջ: Պիտի շարունակեմ քայլել դիմացովդ ու լող տալ սառցեպատ աչքերիդ ճահճում: Իսկ ավել էլ ի՞նչ կարող է անել ձանձրույթից պոկված ցնորքը: Ես` հերթական հորինվածս վստահ եմ, որ դու էլ ինձ պես հերթական հորինվածքն ես, ու քեզ հորինողն էլ մեկ ուրիշի հերթական հորինվածքն է... Ես, անհուսության ծիլերը մեջս կրելով, հույսերով լի կշարունակեմ սպասել այն կարմիր օրվան, երբ դուրս կքաշես ինձ անմահության ճահճից, ու կպարենք հուսառատ քամու փչած պարը` ես` հորինվածս և դու՝ երազել սիրող- հորինողդ...
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий