-Հայելի~ն... անիծյալ կարմիր հիշողությունների կծիկը: Արդեն քանի հարյուր տարի կլինի ինչ չեմ կարողանում նայել սեփական արտացոլանքիս: Պատկերիս փոխարեն` կարմիր փշոտ ոգի է հառնում դիմացս ու շողացող աչքերով խաղ տալիս զգացմունքներիս հետ: Ծե'ր ագռավ, բավական է հետապնդես ինձ: Երեք հարյուրն անց եմ, վատ հիշողությանս պատճառով մոռացել եմ հստակ տարիքս: Վերջին անգամ երկու հարյուր ութսունվեցս էինք տոնում: Նրա` կարմիր հեռուներ գնալուց հետո, այդպես էլ չհամակերպվեցի սպիտակ դատարկությանն ու այդ օրվանից ի վեր կորցրել եմ ամեն ինչ, անգամ ժամանակը, տարիներն ուղղակի գլորում եմ: Մինչ նրա անդարձ մեկնելը բոլորն ինձ երիտասարդ էին կարծում, անգամ կարգին կնճիռ չկար դեմքիս: Հենց այդ նույն մեկնելու օրն էր, որ գլխիս մազերը ամբողջությամբ սպիտակեցին ու դարձա մի կնճռոտ, կուչ եկած ծեր ծառ, որ արդեն մեկ դար կլինի ինչ մեկուսացել է այն սենյակում ու կանգնած է հենց այն նույն կետում, որտեղ մի ժամանակ կարմիր երջանկությունն էր վայելում: Ա~խ այդ կարմրասպանները: Ախր, ինչպե՞ս համոզեցին նրան գնալ: Նա խոստացել էր, որ հավերժ կմնա մեր իսկ ստեղծած կարմրոտ խցում ու կճախրենք մեր լուսնոտ երկինքներով, ընպելով հավետ երիտասարդության թուրմն ու կհաղթահարենք ազատության լաբիրինթոսը: Մեկնելուց մեկ օր առաջ էր, որ կանգնած էինք հենց այս հայելու դիմաց ու ցնդաբանում էինք: Իսկական կարմրոտ օր էր: Հայելի', իմ անսի'րտ հայելի... Չէի՞ր կարող արդյոք քաշել նրան ներսդ ու չթողնել, որ գնա: Խանդոտ ես դու, գիտե'մ.. դու էիր մեղավոր: Էդպես հեգնանքով չծիծաղե'ս վրաս. միևնույն է երբեք էլ չեմ թողնի քեզ մեր խուցը, դու նա չես, հասկացի'ր վերջապես: Դեռ քանի՞ դար ես պատրաստվում էսպես թաքցնել պատկերս: Մոռացության թուրմդ վրաս չի ազդում, այդ երգդ նույնպես... Կմոռանամ աշխարհում ամեն բան, բայց ոչ այդ կարմիր օրը: Սառը հայացքը. սփրթնած մաշկը, վզի շեշտված ոսկորները, կապտամանուշակագույն երակները, քամուց գզգզված մազերը... մութ էր, մռայլ: Ալ լուսինն էր անգամ վերեևից հետևում ու փորձում բաժանել մեզ: Հայելի', հերիք է վրաս հառես այդ խորամանկ հայացքդ: Ի՞նչ ես ուզում ինձնից` ծեր, տեղում գամված ժայռի կտորից, որ չի կարող անել ոչինչ, բացի երազելուց: Երազանքնե՞րս ես ուզում հափշտակել: Հերիք չէ՞ր քեզ արդյոք այն ամենն ինչ խլեցիր` երիտասարդությունս, գեղեցկությունս, հմայքս, ձայնս, ժամանակս, նպատակներս, կարմիրս, նրան...
Դատարկ հիվանդանոցն էր, լի բժիշկներով ու հիվանդներով: Հերթական դատարկ հիվանդասենյակը` իր չորս սպիտակ պատերով, պատերից ներս էլ զսպաշապիկով հերթական ցնորվածն էր` հայելու մասին ինչ-որ փնթփնթոցներով, մտքերով ու երազանքներով: Չտեսա էնտեղ ոչ հայելի, ոչ պատուհան ու ոչ էլ կարմիր...
By Annie-Mena
Indz tvum a arji mi erku tox avelacnes hima.)
ОтветитьУдалить