среда, 29 апреля 2015 г.

Կարմրաբերի հուշերից (Կարմիր խոստովանություն դպրոցին)


Դպրոց. մի բան, որ ամեն առավոտ ստիպում է քեզ ոչ թե դուրս գալ տանից դռնով, այլ ուղիղ թռիչք կատարել պատուհանից (գիտեմ, որ այս խոսքերիս համար մի քանի ամսից փոշմանելու եմ, բայց հիմա կարիք ունեմ մեջիս կուտակվածը դուրս թողնելու): Մի բան, որ ստիպում է ատել երկուշաբթի օրերը ու սրտի տրոփյունով տենչալ ուրբաթ օրվան: Դիմացդ պարտականություններ դնող կերպար (իմիջայլոց, գիշերվա մղձվանջներիս գլխավոր հերոսն է), որը սպառնում է բավականին դաժան ձևերով պատժել՝ չկատարելու դեպքում (միշտ այս ընդվզողների շարքերում եմ եղել): Մի շինություն, որի պատերը ծանր են, քանի որ կուլ են տվել 12 տարվա բոլոր հույզերդ, երազանքներդ, զգացմունքներդ, ցնորքներդ... Պատեր, որոնք ճանաչում են քեզ ավելի շատ, ու ավելի շատ բան գիտեն քո մասին, քան դու ինքդ: Ամբողջ 12 տարիներ, որ նվիրեցի ընդվզելուն ու օրենքներ ջարդելուն:  Ինձ կարմիր ազատության թևեր նվիրողն ես, որը ճաշակել տվեց ազատության ամբողջ համն ու հոտը:
 Իմ ժամանակն էլ եկավ լքելու հերթական կարմիր հեքիաթը, որը լի էր արկածներով և՛ լավ, և՛ վատ (ամեն անգամ սա հիշելիս վրաս մի տեսակ թախիծ է իջնում): Այս երկար հեքիաթի հերթական հերոսներից էի, որ փորձում են իրենց տեղը գտնել էդտեղ ու ինչ-որ կերպ փոխելով հեքիաթի ընթացքը՝ անցնել նրա պատմության էջերը: Մի՞թե ժամանակն է, որ հեքիաթը փոխեմ. պատրա՞ստ եմ արդյոք մարելու այս հեքիաթում, որպեսզի նոր հրդեհ ստեղծեմ հաջորդում: Իսկ այս հեքիաթից դուրս պրծնելուց հետո, ո՞ւմ թողնեմ այսքան երազանքներս ու ցնորքներս: Հավետ փակված կմնան այս պատերի ներսո՞ւմ, թե՞ կմարեն գնալուս հետ մեկտեղ: Հուսամ՝ մարելուց հետո կվերածնվեն:
Կարմիր տարածք, կարմիր մարդիկ, կարմիր հոտ, կարմիր համ, կարմիր էմոցիաներ, կարմիր հիշողություններ, կարմիր սերեր, կարմիր կարմրություններ... (ինձ Քերրոլի Ալիսն եմ զգում, որ պիտի լքի իր հրաշքների աշխարհը):
Երբե՛ք չմոխրանաս, հա՞... Ծայրեր էլ չվերցնես, որ հանկարծ չքառակուսիանաս: Ատում եմ քառակուսիացումը: Խոստանում ես, չէ՞.
Դեռ շատ անգամներ եմ վերադառնալու՝ հետս բերելով մի քիչ կարմիր, որ միշտ ալ մնաս... Վերջ, որոշեցի. քո կարմիր բերողը կդառնամ՝ կարմրաբերդ:
Հ.Գ. Խոստումիդ մասին էլ չմոռանաս.
                                                                                             Սիրով, քո կարմրաբերի հուշերից.
By Annie-Mena.

Комментариев нет:

Отправить комментарий