четверг, 28 мая 2015 г.

Երազանքների երազած երազանքավոր երազանքները



Ահա մեկը, ևս մեկը. բռնեցի. Որքան շա~տ են: Կապույտ, սպիտակ, մռայլ, կանաչ... Ահա և կարմիրները: Ի՞նչ է սա նշանակում: Եվս մեկ կարմիր գնա՞ց: Իսկ ո՞ւր պիտի գնան իմ երազանքները: Երազանքները մուտք ունե՞ն կարմիր հեռուներ: Ի՞նչ են լինում երազանքները առանց իրենց երազողի:
-Բարև, ես հիմար չեմ, ոչ էլ խենթ եմ` երազող եմ: Իրավունք ունեմ չէ՞ մտահոգվել, թե ինչ են լինելու այսքան երազանքներս, որ թպրտում են ներսիս ժանգոտ արկղում: Գլխավոր զբաղմունքս երազանքներ քանդակելն ու նկարելն է: Այնքան եմ լցրել ներսիս արկղիկը, որ դուրս են եկել ու հասել են կոկորդիս, խեղդվում եմ: Բայց ագահությանս պատճառով, բաց թողնել չեմ ուզում իրենց: Ախր իմն են, իմ երազանքներն են, ես եմ նրանց ստեղծողը, բաց չեմ թողնի ոչ մի դեպքում... Հասկացել եմ, որ եթե չլինեն երազանքներս` ես էլ չեմ լինի: Չէ՞, որ նրանցից եմ կառուցված: Հա, այնքան եմ լցվել երազանքներով, որ ինքս էլ ասես երազանք եմ դարձել: Մեկ ուրիշ երազողի երազանք...  
-Բարև, ես հերթական երազանքն եմ: Կապտագույն եմ: Կապտավուն գաղափարների տեր է իմ տերը: Ինձ էլ կապույտ երանգներ տվեց: Էստեղ բոլոր երազանքներն են կապույտի երանգների մեջ: Կապույտ լինելուց զատ փոշոտ եմ ու ժանգոտության համ ու հոտ ունեմ: Անհիշելի ժամանակներից փակել է մեզ էստեղ ու չի ուզում, որ վերածնվենք դառնալով կարմիր նպատակ: Ես նույնպես ունեմ երազանքներ: Երազում եմ դառնալ կարմիր նպատակ: Վախենամ իմ երազանքը ավելի շուտ կվերածնվի քան տիրոջս երազանքը:
-Բարև, ես կարմիր նպատակ եմ: Դեռ մի քանի ամիս առաջ երազում էի գալ այս տեսքին, հիմա զգում եմ մեծ փոփոխությունը: Ես այն չեմ: Հասուն եմ ինձ զգում: Անգամ ծերության նշույլներ եմ նկատում: Ես էլ եմ թաթախված երազանքներով: Երազելու համար տարիք, գույն ու պաշտոն չկա: Նպատակ եմ, բայց շարունակում եմ երազել: Հասկացա, որ ամբողջ կյանքը հիմնված է երազանքների ու երազելու վրա: Երազի'ր, որ ապրես: Առանց երազանք գույները կցրվեն, իսկ առանց գույն ո՞վ ես դու: Չկա'ս.. անգո'ւյն ես.
Երազում եմ ազատություն: Երբ պիտի վերջապես զգամ ազատության այդ անհասանելի թվացող բույրը, շոշափեմ, ես էլ ստանամ իր թևերից ու ճախրեմ հեռո~ւ:
-Բարև, ես նախկին կարմիր նպատակ եմ: Վայելում եմ ազատության կարմրոտ արբեցումը: Գիտեմ, որ սա վերջն է, միայնակ եմ ամբողջովին: Այս երկնագույն տարածքում միայն ես եմ` պատված անվերջանալի երազանքներով: Փաստորեն միայն երազանքներս էին, որ մնացին կողքիս: Դիմացս անորոշություն է, բայց դեռ ունակ եմ երազել, նշանակում է, որ ամենինչ չէ, որ կորած է: Չէ, չեմ վախենում.
-Բարև, ես այն մեկն եմ, ով գիտի թե ինչ են լինում երազանքները: Ես հստակ գույն չունեմ` գունավոր եմ: Սիրում եմ կարդալ երազանքները, դիպչել, խաղալ հետները: Միգուցե տարօրինակ հնչի, բայց ինքս էլ երազող եմ: Երազելուց էլ հրաշք բա՞ն: Երազանքներս են հուշում, որ կամ, որ ապրում եմ... Քանի, որ չափազանց եսասեր եմ` չեմ ասի, թե ինչ են լինում երազանքները, ոչ էլ կասեմ, թե ուր են գնում: Միայն կասեմ, որ իրենց լավ են զգում ու կարևորը երազելու ու երազանքներ կերտելու հնարավորություն ունեն:
-Բարև, ես երազանքներ խժռողն եմ: Այն երազանքները, որոնք մոլորվում են ու կորցնում իրենց գույնը` խժռում եմ: Բոլորիդ կողմից առհամարվածն եմ, քանի-որ հավաքել եմ մեջս բոլորիդ կողմից մերժված երազանքները: Մերժված երազանքների տունն եմ: Անվերջ քաղցածի մեկը, որ աչքերը փակ խժռում է: Որքան էլ զարմանալի թվա` ես էլ եմ երազող: Երազում եմ խժռել ավելի շատ, որքան հնարավոր է շատ:
-Բարև, ես Աներազն եմ: Ես մոխրագույն եմ ու ծայրավոր: Շնչում եմ, քայլում եմ, տեսնում եմ, լսում էլ եմ, բայց չեմ ապրում: Լսել եմ, որ երազանքներ ունենալու դեպքում սկսում ես ապրել, իսկ ես երազանքների հոտը, համը չեմ զգացել երբեք: Միգուցե չափազանց ոչ սովորական հնչի ասածս, բայց ես էլ ունեմ երազանք: Երազում եմ երազել:
Կարմիր, ևս մեկ կանաչ, ահա կապույտն էլ, ապիտակ էլ կա... Որքան շատ են: Թափառող երազանքներ...

by Annie-Mena.

Комментариев нет:

Отправить комментарий