воскресенье, 9 августа 2015 г.

Սև անցքերը

Իհարկե ոչ ոք չնկատեց, թե ինչպես տան դիմացի փոքրիկ ու անշուք պարտեզում, փարթամ ծառի ճյուղերից` ալ խնձոր պոկվեց ու իրեն նետեց հողին` հույս փայփայելով, որ իրեն շուտով կտեսնեն ու ձեռքերի մեջ կառնեն, որ ինքը կտաքանա: Չէ', իրեն վիճակված էր տաքանալ գույնզգույն որդերի ու բազմաձայն ճանճերի շնորհիվ: Մինչ խնձորը տարված էր իր երազանքներով` կողքի տանը հանգեց լույսը ու մի պահ լռեցին բոլոր շշուկները: Լույսը հանգցրին հավետ, վառողը չկա: Երեկոյան մի խայտաբղետ բազմություն էր անցնում` քրքջալով, խոսելով, երազելով, և իհարկե ոչ ոք չնկատեց, որ այն փարթամ ծառը մի խնձորով պակասել է: Դե հա, փարթամ ծառ է`լի խնձորներով ու նկատելի չէր հերթական խնձորի բացակայությունը: Ոչ ոք չնկատեց նաև, որ կողքի տանը լույսը չէր վառվում, ի՞նչ կա, որ շատ են տները, որտեղ լույսը հանգած է: Գիշերվա կողմ խնձորը, իհարկե գետնին էր, դե տան լույսն էլ չէր վառվում: Որդերի ու ճանճերի մեծ ամբոխն էր սլանում փողոցով, ի հակադրություն ցերեկվա ամբոխի` սրանցից բոլորն էլ նկատեցին խնձորը հերթական ու ամբողջ արագությամբ վազեցին դեպի նա:
Լուսադեմ էր: Ինչպես ամեն առավոտ սա էլ բացառություն չէր` կարմիր արևը սփռել էր շողերը ամենուրեք` խնձորն էլ բացառություն չէր, տան ներսն էլ, որ երկար ժամանակ լույս չէր տեսել:
Այգեբացի ժամն էր: Իր այգին անչափ սիրող այգեպանը, որ հինգ մատի պես ճանաչում էր իր այգու բոլոր անկյունները` առավոտ վաղ էր արթնացել, որ խնամեր այն: Մի քանի քայլ անելով ոտքը արգելակեց` տեսնելով մի խնձոր, որ սև անցքերով լիքն էր, որ այլևս ալ կարմիր չէր ու դատարկ էր: Առավ ձեռքն ու դեն նետեց` շարունակելով իր ամենօրյա գործը այգում:
Դեղին շրջազգեստով աղջնակը` ծուռ ոտքերով ու շեկ մազերով, ճեմում էր փողոցով: Տարված իր պաղպաղակով, որ խանգարում էր իրեն տեսնել շուրջբոլորը: Թվում էր, թե երբեք և ոչինչ չի կանգնեցնի նրան ուտել պաղպաղակը, բայց ահա կանգ առավ, մի քանի րոպե սառած մնաց` նմանվելով ժամանակակից արվեստի անճոռնի քանդակի ու կյանքի ետ գալով  հետ գնաց: Չգիտեմ, ի՞նչն էր պատճառը: Միգուցե ինչ-որ բա՞ն էր մոռացել հետևում, կամ վա՞խն էր մի պահ պատել մենության, իսկ միգուցե կողքի տանից փչող գարշահո՞տն էր...
Ագռավների ուրախ սիմֆոնիան էր կարելի լսել հեռվից ու նայելով երկինք նշմարել մի սև անցք երկնքի ուղիղ մեջտեղում, որ գնալով ընդլայնվում էր` ասես մեկը կրակած լիներ երկնքին, նա ասես վիրավոր լիներ` ագռավներն էին: Այսօր նրանց բախտը լավ բերել էր` հաջողակ թռչուններ են այդ ագռավները: Կողքի տունը այլևս անշունչ չէր, բայց մեռյալ լռությունը շարունակվում էր: Մտնելով ներս ագռավները իսկույն ևեթ դադարեցրին իրենց երգը:
Ահա, տունը կրկին դատարկ է: Ագռավներից հետո այլևս ոչ մի շունչ չի եղել:  
Մոխի~ր, շա~տ մոխիր, որ պիտի կեր դառնար քամուն:
Խաղտաբղետ ամբոխն էր քայլում: Ոմանք բարձր ծիծաղելով, ոմանք թռչկոտում էին, ոմանք էլ լուռ: Բայց այդպես էլ ոչ ոք չնկատեց, որ այդ օրը քամին կուշտ էր:

by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий