Սիրածս մթնշաղներից էր: Ճոճվող աթոռի ճռռոցն էր, ժամացույցի երկար սլաքների թքթքոցը, որոնք ես կապում եմ այն բարակ ու երակոտ ձեռքերի հետ, պատի հնամաշ սարդոստայնը ու ոչ մի կաթիլ արևի շող: Ծեր, խորշոմած պատուհանի բերանից լսելի էին դրսի միալար ու գորշ գոռոցները. կռիվ էր կամ էլ թշնամին էր նախապատրաստում պատերազմին: Ինձ դա այնքան էլ չէր հետաքրքրում: Ո"վ էր էդպես գեղեցիկ ճոճում դարեր ապրած, փոշոտ աթոռը: Ինչպե"ս կարող էր աշխարհիս երեսին հորինվեր այդ տեսակ ներդաշնակ նվագ` սլաքների թքթքոցի ու աթոռի ճռռոցի, որ կարող էր լռեցնել դրսից լսվող սարսափազդու ճիչերը:Այդտեղ կանգնած սուզվելով նվագի մեջ չնկատեցի լուսնի գալը: Դեղնոտի հաստ շողը փռվել էր նրա երակոտ ձեռքին ու տեսանելի էր, թե ինչպես է այն ջղաձգորեն սեղմում աթոռի ծայրը: Այդ պահին էր` հասկացա, որ կապվում եմ այդ ձեռքերին. կապվում եմ հավետ, ինչպես հաշմանդամը առաջին անգամ նստելով իր անվասայլակին քաջ գիտակցում է, որ կյանքի մնացածը դրան կապված է անցկացնելու: Այդ օրվանից ի վեր պատերազմական յուրաքանչյուր օր աչքերս բացել-փակելուն պես լուսնային ձեռքերն են լցնում սև դատարկությունը: Կասկածում եմ, որ այդ տեսակ երակներում կարող էր արյուն հոսել. Չէ', չափից դուրս անգույն է տեսածս ձեռքերի համար: Առաջին անգամ այդ օրն էր, որ խանդապատ եղա, համն ու հոտը ճաշակեցի խանդի: Որքա~ն հասանելի էր ձեռքը լուսնին, մի հասարակ լուսնին, որ բոլորին է հասանելի, իսկ ես էդպես էլ ծարավ մնացի: Դե հա, բնական է. պատերազմի ժամանակ սովն ու ծարավն են իշխում: Ուրիշ պատերազմ էր, ոչ հերթականը. սկսվեց այդ ձեռքերից ու ավարտվեց այդ նույն տեսարանով:Ոչինչ չէր փոխվել, բացի մի քանի խորշոմներից, որ պատերազմից հետո նորածիլ ծաղիկներ էին հիշեցնում: Երեք հարյուր ութսունհինգերորդ անգամն է, որ հաղթահարում եմ չսիրածս ձմեռը` ծաղկաշատ ձեռքերի բնանկարով, որ ահագին տարբերվում է ժամանակակից արվեստի նմուշներից: Այդ րոպեին էր` հասկացա, որ պարտավոր եմ նկարիչ դառնալ, որպեսզի անմահացնեմ այդ տեսարանը, քանի-որ ավելի քան համոզված էի, որ այդ նկարով այսպիսի շատ պատերազմներ կհաղթահարվեն: Ոչինչ էլ հարկավոր չէր պատերազմ ապրելու համար, ընդամենը ձեռքեր երակոտ, որ այդպես էլ անտեր մնացին գիտակցությանս մեջ, որոնց համար արյունը չափից դուրս անգույն էր, բայց որոնց կապվեցի այնպես ինչպես հաշմանդամն է կապվում իր անվասայլակին` քաջ գիտակցելով, որ կապվում է հավերժ:
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий