воскресенье, 27 сентября 2015 г.

Չմոռացված կարմիր շալը

                                                            

Ոչ մի կաթիլ կարմիր շշուկ: Սևավորն էր մեկուսի նստած` իրեն հատուկ մտքերով ու երազանքներով, դեմքը ամբողջովին փակ կարմիր շալով, որ գնել էր մոտ 226 տարի առաջ, երբ Նամսեկի ծովի ափին էինք բնակվում ու ձկնորսությամբ զբաղվում: Մինչև հիմա էլ շալից ծովի ձկան գարշահոտն էր փչում (Հույս էլ չունեմ, որ երբևե կցնդի): Սենյակի մյուս անկյունից ծխախոտից եկացող դառը հոտը կարելի էր կուլ տալ, որ ճանապարհի կեսից խառնվում էր ձկան գարշահոտին ու միաձուլվելով կիսախանձված դարչնավուն հոտ էր ստացվում: Մոխրագունոտի ծխախոտն էր` Վենոլո էր ծխում (Քաղաքի ամենից պատշաճ ծխախոտը) ու իրեն բարձր էր զգում ասես դրանով ինքը ազնվականի արյունով էր լցվում:
-Թեյդ պատրաստ է,- լռությունը խախտեց դեղնոտը ու ոսկրոտ ձեռքը դրեց ուսիս այնուհետև իր կանացի նրբությամբ շոյեց խորշոմած ճակատս: Քիչ անց իր երեք դար ապրած սովորության համաձայն աթոռը խորին ճռռացնելով ետ քաշեց ու տեղավորվեց կողքիս:
-Այս անգամ ի"նչ ես գրում, էլի ցնդաբանո"մ ես:
Ատում եմ էս տեսակ հարցերը: Չպատասխանեցի:
-Իսկ էնպիսի մի բան կա", որ սիրում ես այս միլիոնավոր տիեզերքներից որևէ մեկում, կա",- տոնը շեշտակի փոխելով ու վերջին Կա-ին ձայնի ծիստ երանգ տալով հարցրեց:
Որքան է սիրում սկանդալներ, գրողը տանի միայն ոչ հիմա:
-Դե պատասխանի'ր` մտքում հայհոյանքներ տեղալու փոխարեն:
-Չե'մ պատասխանելու: Բա'վ է կարդաս մտքերս, քեզ դրա համար չեմ ստեղծել:
-Իսկ դու չգիտես էլ, թե մեզ ինչի համար ես հորինել առհասարակ, դու հորինել ես հորինելու համար, ընտելացրել ես հիմա տեր կանգնի'ր:
Գլուխս կախեցի ու ձեռքերիս լայն ափերով, ամբողջ մկաններս լարելով ամենայն պնդությամբ փակեցի ականջներս:
-Կորի'ր, գնա', դու չկա'ս, դու ես եմ, ատում եմ ձեզ բոլորիդ: Չքվե'ք:
Իհարկե նրանցից և ոչ մեկ էլ չչքվեց: Սովոր են նոպաներիս: Խոստովանեմ: Ատում եմ էս տեսակ հարցերը: Այդ պահին մտքիս պատասխան չէր գալիս:
-Լավ, գրի'ր, էլ չեմ խանգարի: Միևնույն է միակ բանն է, որ կարողանում ես:
Ոնց եմ ատում իրենց` թույլ տեղերս գիտեն: Հա, գրելուց բացի այլ բանի պիտանի չեմ, բայց ինչ պարտադիր է ամեն պահի հիշեցնել:
Դռան թակոցը: Գրողը տանի, տեսնես ո"վ է այս ուշ ժամին: Բացեցի, ծանոթ էր կերպարը, բայց տեղը չբերեցի: Կին էր ծեր, մոտ չորս հարյուրն անց` թմբլիկ, կարճ, մուգ կարմիր մազերի շեշտված երանգով, պատի ծեփ հիշեցնող, սփրթնած մաշկով, մանր, երկարավուն աչքերովմ հաստ շրթունքներով, որոնք մազերի երանգի ալ շրթներկի տակ էին թաքնված:
Ո"վ էր արդյոք:
Բարձրակրունկները հանեց ու դես ու դեն նետելուց դրանք մի քանի վայրկյան օդում էին, այնուհետ ասես տունը դղրդաց: Գնաց սևավորի մոտ ու նրա կողքին տեղ գտավ: Թքած իր վրա էլ, բոլորի վրա էլ` գրելը կփրկեր: Թո'ւհ, գրողի տարած վերնագիր էր հարկավոր, իսկ այն չկար, չգիտեմ ուր էր: Մի պահ շփոթմունքից քար կտրեցի: Հիշեցի, թե որտեղից էր կինը ծանոթ: Մի քանի օր առաջ ատելի երթուղայինում էի ու դիմացս հենց ինքն էր նստած: Բայց այ քեզ բան, ինչ էր անում իմ տանը: Հիշում եմ, որ մանրակրկիտ ուսումնասիրում էի նրա ամեն մի մասնիկը ու ինքս ինձ խոստացա, որ պիտի նոր պատմվածքիս հերոսը դառնա:
-Տհաճ է, հերիք կրծոտես եղունգներդ, հանգիստ թող մատներդ, - հանկարծակի բղավեց երթուղայինի կինը ու ետ պտտվեց:
-Ի"նչ գործ ունես տանս մեջ ու մի բան էլ պահանջներ ես ներկայացնում:
-Գրքիդ նոր հերոսն եմ, ինքդ մտովի բերեցիր էստեղ: Ես էլ պառավ, միայնակ, տգեղի մեկն եմ, էս մեր քաղաքում անելիք էլ չկա, ուզում եմ անմահացնես ինձ:
Ամենը պարզ է: Էլի գլխիս երևակայական արկղից դուրս պրծածն է: Որոշել եմ վերացնել բոլորին, բայց հաջորդ ակնթարթին վերհիշում եմ մենության խաղերը ու փոշմանում որոշմանս համար: Ինչպե"ս կարող եմ սպանել նրանց, հո մարդասման չե"մ: Չնայած մարդ էլ չեն` ես եմ ստեղծել: Չէ, եթե ստեղծել եմ ուրեմն մարդ են, բայց երեևակայական: Միևույն է երևակայականամարդասպան էլ չեմ ուզում լինել: Համ էլ շատ են ինձ ընտելացրել, կապվել եմ անգամ կարմիր շալից փչող ձկան գարշահոտին: Ախր, գրողը տանի, 385րդ ձմեռն ենք հաղթահարում, որքան կյանքեր, երազանքներ ու գույներ ենք ապրել: Չեմ վախենա բարձրաձայնել, որ ոչինչ եմ առանց նրանց: Չէ, որ տանից տարիներով դուրս չեմ գալիս, ու գրելուց ավել ոչնչի պիտանի չեմ, իսկ նրանց հետ տիեզերքներով եմ թափառում, ապրում հազարավոր կյանքեր...
Աչքերս բացում եմ գրողի տարած ագռավների կռկռոցից: Առավոտ է` ոչ իմ երևակայածներից մեկը: Այն մեկը, որ բոլոր իրականության արանքում ապրողներինն է: Դատարկ սենյակն է, միայնակ ստվերիս հետ: Այն սենյակում, որը չեմ երևակայել: Նրանք չկան այլևս, անգամ սիրածս կարմրոտ շալը: Ու տունը չկա, պատուհանն էլ, ու այն քաղաքը չկա տիեզերքներից և ոչ մեկում:


by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий