Այդ տարի Նամսէկի քաղաքի գլուխ էին բարձրացել անհավատները: Մեծ փառք ու իշխանություն էին վայելում: Հասարակ ժողովուրդն էլ առանց պայքարի նշույլ իսկ ցույց տալու ենթարկվում էր նրանց: Առհասարակ կուրորեն հավատում են, բայց այդ տարի Նամսէկիում կուրորեն չէին հավատում ոչ միայն Աստվածների գոյությանը, այլ նաև դադարել էին ճանաչել տիեզերքներ, խաղաղություն, սեր, գեղեցկություն, գույներ... Ամեն առավոտ հավաքվում էին Նամսէկի գլխավոր հրապարակում և զգաստ կանգնում` լցվելով Բարձր Անհավատների քարոզած գաղափարներով, իսկ վերջում մեծ եռանդով ծափահարում ու գլխարկներ օդ նետում: Մի ընդունված, բայց չգրանցված օրենք է գործում պատմության մեջ` ոչ միայն Նամսեկիում այլ նաև տիեզերքներում, որ կեղծ գաղափարներով խեղդված ամբոխի մեջ, գոնե մեկը պիտի լինի, որ դեռ չի հասցրել խեղդվել: 380-ն անց կին էր` պարզ, ամենօրյա հոգսերից խորշոմներ հավաքած, լղարած, պարտադիր մոխրոտ հագուկապով: Մի հին գործարանում էր աշխատում արդեն 200 տարուց ավել: Երկու փոքր երեխա, մեկ անհավատների դասին պատկանող ամուսին: Արտասովոր ոչինչ չուներ Զէման, բացի քրքրված վերնաշապիկից, որն անցյալ դարից էր մնացել, փոշոտ, ցեխոտված ոտնամաններից ու խիտ, մինչև ծնկները հասնող սև ծամերից: Երեխաներին հետևելու հոգսից զզվել էր, ամուսնուն վաղուց գրողի ծոցն էր ուղարկել, իսկ Բարձր Անհավատներին իր ներսում ծաղրում էր, հիմարներ կոչում: Սիրում էր գործարան գնալ, այնտեղ էր հանդիպում իր ոգեշմչման աղբյուրին, գույնին, ինչպես ինքն էր սիրում ասել` երկնքոտ պատառիկին: Այդ ձեռքերը` թափանցիկ, երակոտ, ցցված ոսկորներով և միևնույն ժամանակ կոշտացած ու կոպտացած գործարանային ծանր աշխատանքից, որն էլ հիշեցնում էր ձեռքերի երկրային ծագում ունենալը: Զէման անգամ հասցրել էր այդ ձեռքերի վրա փռված սպիները, վերքերն ու խալերը հաշվել, որ ասես արվեստի փոքրիկ կտորների համակարֆ կազմած լինեին և մեծ արջի համաստեղությունն էին հիշեցնում: Ձեռքեր, որոնց մեջ ամփոփված էր անհուն տիեզերքը: Հա, Զէման վաղուց էր ինքն իրեն խոստովանել, որ սիրում է... Սիրում է իր ներսում թափառող բոլոր ատոմներով, հոգու գույնով, մանուշակագույն երկինքներով: Ամեն օր գործարանում անգամ մեկ ակնթարթ այդ ձեռքերին հանդիպելուց հետո մոռանում էր, որ մեռնելու չափ հոգնած է, ու գլխացավը դանդաղ խեղդում է: Աշխատանքի ավարտից հետո, գալիս էր տուն, փակվում սենյակում, ձեռքն առնում իր քրքրված, հնամաշ տետրն ու նոր գրանցումներ անում այն ձեռքերի մասին, մինչև վերջ անկեղծանալով սպիտակ թղթի առաջ: Հաջորդ առավոտ, մի պար, արևոտ օր, երբ բոլորը հավաքվել էին հրապարակում, Զէման իրեն քչից շատից կարգի բերեց ու միացավ ամբոխին: Վայրկյաններն էր հաշվում գործարան գնալու: Շատ երկար չտևեց քարոզը: Ամբոխը գորշ ամպերի պես ցրվեց, Զէման էլ գնաց գործարան: Եվ որքան հաջողակ օր էր` այսօր միասին էին աշխատելու 200 տարվա մեջ առաջին անգամ: Գրողը տանի, մի ամբողջ օր շնչել ու արտաշնչել ձեռքերը, ծարավ հագեցնել, ապրել դրանցով, հետո մեռնել դրանց պատճառով ու հարություն առնել նույն ձեռքերով: Այդ օրը նա առաջին անգամ հպվեց այդ ձեռքերին, շոշափեց, զգաց դրանք իր դեմքի վրա, վզին, բաց ուսերին...
Հրաժեշտի ժամն էր: Համբուրեց տաք ձեռքերն ու մի անկեղծ, կարմիր ժպիտ դեմքին տուն գնաց: Առաջին անգամ էր իր ողջ կյանքում երջանիկ: Սենյակ վազելով, մոռացավ անգամ դուռը ծածկել և գիշատչի պես հարձակվեց տետրի վրա, սկսեց գրանցումներ անել: Ժպիտը չէր լքում դեմքը: Վեր թռավ հանկարծակի հրումից: Ամուսինն էր կանգնած իր դիմաց տետրը իր անհոտ ձեռքերում բռնած: Զէման մի քանի փորձ արեց ճչալով ու հրելով տետրը ետ վերցնելու, բայց ապարդյուն: Ամուսինը գլուխը թանաքոտված թղթերի մեջ կորցրած դուրս եկավ սենյակից` ետևից դուռը ծածկելով: Զէման հստակ գիտակցում էր, որ այլևս երբեք չի շնչելու այն երկնքե պատառիկների բույրը և առավել ևս չի զգալու դրանց տաքությունը իր մարմնի վրա: Այդ մտքերով էլ նա քուն մտավ, երազում վերջին անգամ դրանք համբուրելով: Առավոտ վաղ, դեռ արևը չբացված ամուսինը վազել էր Բարձր Անհավատների մոտ ու պատմել մանրակրկտորեն ամբողջ եղելածը: Զէման աչքերը լայն բացելով տեսավ մի խումբ անհավատների, որ առանց բառ իսկ ասելու բռնեցին նրա ձեռքերից ու տարան Նամսէկի հրապարակի բարձր բեմ, որտեղ կանգնում էին բոլոր Բարձր Անհավատները քարոզ անելիս: Նրան կապեցին հաստ սյունին և ժամ չանցած ամբոխը հավաքվեց: Բարձր անհավտներից մեկը կնոջ կողքը տեղ գտավ ու բղավելով հարցրեց.
-Զէմա, ճշմարի"տ է այն լուրը, որ դուք համարձակվել եք սիրել:
-Հա, սիրել եմ, - առանց վախի, հպարտ պատասխանեց:
-Ձեզ նման դավաճանը չպիտի հիվանդացնի մեր առողջ, անհավատ հասարակությանը:
Լսվեցին ծափեր, ամբոխը թնդաց: Նույն պահին մի կապուտ, նախշազարդ դիմակով թիկնեղ տղամարդ հայտնվեց բեմում և մոտեցավ Զէմային: Նրա մոխրոտ ու մեղքերի մեջ կորած ձեռքերում սուր, երկար գործիք կար: Այն նույն Բարձր Անհավատը կրկին բղավելով խոսեց.
-Վերջին անգամ եմ հարցնում, Զէմա, սիրե"լ ես, այդ չափ մեծ մեղք գործե"լ ես, պատասխանի'ր:
-Սիրել եմ...
Կապույտ դիմակավորը կանգնեց Զէմայի առաջ, բարձրացրեց սրածայր գործիքը վերև և երեքից հետհաշվարկ անելուց հետո ամբողջ ուժով մեխեց այն Զէմայի սրտում:
Նամսէկիում քար լռություն էր, ոչ ոք այդպիսի բան տեսած չկար: Վայրկյան չանցած գունավոր թևերով հազարավոր թիթեռներ լցվեցին Նամսէկի, ճիշտ Զէմայի սրտից, որտեղ մեխվել էր սուրը: Թիթեռնե~ր, շա~տ թիթեռներ, որ խաղաղ թռչելով դանդաղ օդ բարձրացան, սկզբում փակեցին ամբողջ Նամսէկի քաղաքի երկինքը, այնուհետև չքացան` համբարձվելով տիեզերքներ...
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий