Bach: Suite in C minor BWV 997
Բացեցի աչքերս լուսնի անգույն շողքի թույլ հպումներից: Կոկորդս չորացել էր ու միայն ծխախոտի դառնահամն էր ներսումս ինչ-որ բան զգացնել տալիս. չէր հասցրել ցնդել: Ոտքերս դրեցի անիմաստ սառը հատակին ու հայտնվեցի փոշոտ միջանցքում, որը երկար ժամանակ չէի մաքրել՝ այլևս իմաստ չէի գտնում ինչ-որ բան անելու մեջ: Երկար, հնավանդ հայելու կողքով անցնելիս, որի մեջ ահագին դժվար էր դարձել նայելը՝ ճաքերով ու լաքաներով էր հիվանդացել: Հայելու մյուս կողմում անճոռնի արտացոլանքիս փոխարեն մի կնոջ տեսնելուց կարծեցի, թե անցած գիշերվա ալկոհոլի ազդեցությունը դեռ չի թողել: Կանգնեցի սառը ցնցուղի տակ և ետ եկա հայելու մոտ: Այդ ամբողջ ճաքերի, փոշու ու կեղտի արանքներում կին էր նստած, որ ինչ-որ հիվանդագին հետաքրքրասիրությամբ զննում էր ինձ, այնուհետ սենյակս: Ոտքի կանգնեց, ճերմակավուն հնաոճ զգեստի փեշերից բռնեց և խոնարհվեց՝ փոքր ինչ շառագունելով: Խավար մազեր ուներ երկար, որ հավաքել էր ամբողջությամբ և ամրացրել հասարակ հերակալով: Դալուկ էր երեսը՝ դեղին վարդի կոկոն հիշեցնող: Աչքերն էլ հայելու պես սառը, սառցեգույն, սառցապատ... դյութող: Հանկարծ սկսեց խոսել ու ներսս տաքացավ նրա մշուշ-մառախուղային ձայնից:
- Ես Էթիման եմ: Կներեք ձեզ այդպես տարօրինակ զննելու համար:
- Ի՞նչ գործ ունես հայելուս հակառակ կողմում:
- Իսկ դու ի՞նչ անելիք ունես իմ հայելու հակառակ կողմում:
- Բայց ինչպե՞ս... ախր.. դե, դու իրական չես, չէ՞...
- Միգուցե դո՞ւ ես չիրական: Փորձիր այդքան հարցեր չտալ, կխճճվես: Ես մեռնելու չափ զրուցակցի կարիք ունեմ: Դեմ չե՞ս, եթե զրուցենք: Ե՛կ պահը վայելենք...
Փայտից աթոռակը քաշեցի, որ պապս էր շինել, և նստեցի ճիշտ նրա դիմաց: Ներկայացա, մի փոքր մոխրագույն իրականությունիցս պատմեցի, հիմա նրա հերթն էր խոսելու:
- Արդեն նշեցի՝ անունս Էթիմա է: Հին շումերներից է իր ծնունդն առել: Էթիմաները դիցաբանական ոգիներ էին, ովքեր չէին գտնում հանգիստ ո՛չ երկրային աշխարհում, ո՛չ էլ երկնային: Այդպես նրանք դատապարտված էին հավերժ թափառել տիեզերքներով, չգտնելով իրենց անկյունը: Շումերները անկեղծորեն հավատում էին այս լեգենդին և ամեն անգամ ինչ-որ ձայն լսելիս կարծում էին, թե էթիմա է տուն մտել: Ամենից շատ առասպելներ եմ սիրում, երևի անունիցս է: Թվում է, թե հիմա քնած եմ և այս հայելային խելառությունը երազ է, բայց, ա՜խ, որքան չեմ ուզում՝ ավարտվի... Պահն է պետք վայելել:
- Իսկ ես երաժշտություն եմ սիրում, ոչինչ ավել: Կա՞ այնպիսի երաժշտություն, որը գերադասում ես բոլորից առավել:
- Բախի սյուիտան C մինորում:
- Չեմ լսել..., - ամոթխելով մի կերպ շուրթերիցս դուրս շպրտեցի:
- Հիմա կլսես:
Ետևի դարակից գրամոֆոն հանեց և երաժշտություն հնչեցրեց: Այդ խորհրդավոր, միևնույն ժամանակ մի տեսակ ահ ներշնչող, ներսիդ հրդեհն օրորող երաժշտությունը հավետ կապվեց իմ հայելային Էթիմայի հետ: Ասես և՛ նա, և՛ այդ երաժշտությունը ստվերների աշխարհից եկած լինեին: Բոբիկ ոտքերս ինձ տարան մահճակալիս կողքի մոմը դեպի, որ Էթիմայի պես ճեփ-ճերմակ էր: Վառեցի այն և գնացի հայելու մոտ: Բարեբախտաբար նա դեռ այնտեղ էր: Ուզում էի ավելի մանրամասն զննել նրան՝ հավերժ ներսումս թաքցնելու համար: Փոս ընկած այտերը պատված էին պեպեններով: Վաղ տարիքում մեզ պատմում էին, թե իբր պեպենները՝ արևի համբույրներն են, սակայն Էթիմայի դեպքում հնարավոր չէր այդպես: Դրանք միայն լուսնոտ համբույրներ կարող էին լինել: Կզակը սրածայր էր, ճակատը լայն ու մոմի պես հարթ:
-Եկ ամեն գիշեր, երբ միացնեմ Բախի այս սյուիտան՝ դու բաց աչքերդ և արի հայելուն ընդառաջ: Կզրուցենք, կամ էլ, չէ, լուռ կնայենք մեկմեկու: Հայելու սառը շերտի մի աշխարհում կլինես դու, հակառակ մոլորակում՝ ես:
Չէի հասցրել բառ իսկ ասել, երբ նրա թափանցիկ, փայլուն աչքերին փոխարինեցին իմ սև անդունդներ հիշեցնող աչքերն ու տիրեց անսովոր, անմիտ լռություն, որն ավելի սարսափով վարակող էր, քան Բախի այն երաժշտությունը:
Չէի հասցրել բառ իսկ ասել, երբ նրա թափանցիկ, փայլուն աչքերին փոխարինեցին իմ սև անդունդներ հիշեցնող աչքերն ու տիրեց անսովոր, անմիտ լռություն, որն ավելի սարսափով վարակող էր, քան Բախի այն երաժշտությունը:
Այդ գիշեր դժվար քնեցի: Մի կերպ ծամեցի արևի իշխանության ժամերը, որպեսզի գա երանելի ցայգը, որ իմն ու Էթիմայինն էր: Մոմը ձեռքիս, որ հալվում թափվում էր մատներիս, անշարժ գամվել էի հանդիպման հայելու առջև՝ նմանվելով անճոռնի քանդակի և մտքում հնչեցնում էի նրա անունը՝ Էթիմա՜...
Բախի սյուիտայի հենց առաջին նոտաներից էլ ճանաչեցի այն: Հայտնվեց իմ Էթիման: Այդ գիշեր չափազանց մտերմիկ զրույց ունեցանք: Ժպտացինք, ես սիրեցի նրա ժպիտը և որոշեցի անել ամեն բան՝ հաճախակի տեսնելու մոգական այդ ժպիտը, որ մի մեծ գաղտնիք էր կրում իր ներսում: Տեղիցս վեր բարձրացա և մոտեցա հայելուն, քանի-որ անհագ ցանկություն ծնվեց կպնելու նրա ձեռքին, գզալու, շոշափելու: Ասես մտքերս ընթերցեր՝ ձեռքի ափը դրեց հայելու մակերեսին: Այնպես նուրբ էին այդ ձեռքերը, որ թվում էր փշուր-փշուր կլինեն: Դանդաղ բարձրացրի ձեռքս դեպի նա, բայց ակնթարթ չանցած նա հօդս ցնդեց և ես ուժասպառ գցեցի ինձ անհոտ հատակին, ճիշտ հայելու դիմաց: Մեր հայելային հանդիպումները ձգվեցին մոտ մեկ ամիս: Ամեն օր Բախի զուգակցությամբ մենք էլ ավելի էինք մտերմանում և ներսումս մի նոր հրդեհ էր առկայծում, որ անվերջ հուշում էր, թե Էթիման արդեն իմն է, իսկ ես նրանը: Երբեմն փորձում էինք ավելի մոտ լինել միմյանց և պինդ հենվում էինք հայելուն՝ փորձելով զգալ իրար, բայց ամենը ինչ զգում էինք՝ ընդամենը սառած հայելու հարթ, անդուր մակերեսն էր, որը անջրպետի էր վերածվել ինձ ու Էթիմային ամեն կերպ բաժանող:
Այդ գիշեր ես սովորականի պես մոմը ձեռքիս նստած իմ Էթիմային էի սպասում, բայց Բախը շարունակում էր լռել: Արտացոլանքիս փոխարեն իմ դիմաց Էթիման չէր, այլ 355ն անց կին մոխրավարս հյուսքերով, որոնք ձգվում էին գոտկատեղն ի վար, կանաչ կուլ տված աչքերով:
Նա ուրիշ թագավորությունից էր, ոչ այն մեկից, որտեղից Էթիման էր: Գլուխ տվեց ոչ այնքան խորը և համարձակ խոսեց:
- Ես Զինէրվան եմ և զրուցակցի կարիք ունեմ: Դեմ չե՞ս լինի, եթե խոսենք, կամ լռենք ու այդպիսով մտերմանանք: Հարցեր չտաս: Ե՛կ պահը վայելենք...
Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий