Փոշոտ սենյակը մարդկանցով էր խեղդվում։ Այդ չորս պատերից ներս շնչավորները` սկսած հնահոտ տատիկից, ով շյուղերով ինչ֊որ բան էր գործում, վերջացրած այն երկու սիրունիկ աղջիկներով, որ բարձերով պատերազմ են սկսել` ասես սոմնամբուլիզմի նոպա տանելիս լինեին։
Սենյակի մեջտեղում պառկած էր ձյան պես ճեփ֊ճերմակ սավանով տաք ծածկված դիակը, որ չգիտեմ` ով էր եղել մեկ օր առաջ, երբ դեռ շնչում էր, և պատկերացում չունեմ, թե ինչ առաքելություն կկրի հաջորդ կյանքում։
Նրա գլխավերևում, հաստլիկ մոմ էր դրված, որը հաստատ գնել էին կողքի էժանագին տոնավաճառից մոտ երկու շաբաթ առաջ, երբ բոլոր ապրանքների գները կրճատել էին։ սպիտակ սավանն ու մոմի բոցկլտացող պարը մի տեսակ աչք ծակող կոնտրաստի մեջ էին։ Բզկտված բազմոցին դյութիչ երիտասարդ էր նստած, որ հացի մեջ փաթաթած լոլիկ էր ուտում` մի այնպիսի կրքով, որ ամբողջ դեմքը կորել էր լոլիկից դուրս պրծած հյութի մեջ ու նրա ծամելու ճպճպոցը արձագանքվում էր սենյակով մեկ։ Անմիջապես այդ երիտասարդի գլխավերևում տան տիրոջ հոր գորգն էր կախված, որը նա նվեր էր ստացել իր պսակադրության օրը։ Գորգի վրա տեղ էր գտել կլորիկ ժամացույց, որը խառնել էր ժամերը, սակայն իրենից գոհ ամբողջ ձայնով թկթկում էր։ Գորգի ալ գույնից ուներ նաև այն աղջկա կիսաշրջազգեստը, ով տեղ էր գտել սենյակի անկյունում մի տղայի գրկում։ Տաք գրկախառնված էին, փսփսում էին, շոյում, շոյվում, սիրում էին միմյանց երևի, չգիտեմ...
Սենյակում տոթ էր ու ծխով լի` այն կնոջից էր, որ ջանասիրաբար արդուկում էր փոքրերի մանր֊մունր շորերը, ամուսնու կարկատած վերնաշապիկներն ու իր մոդայից ետ մնացած բլուզները, և այն տղամարդկանց ծխախոտերից, ովքեր տարված էին թղթախաղով։ Երկու աղջիկ նստած անիմաստ հատակին` միմյանց վարսերն էին հյուսում։ Իսկ այդ ամենից զատ, բազկաթոռի մեջ բազմել էր հենց ինքը ձանձրույթի հոգին, ով երազում էր այնպիսի երազանքներով, որ մինչ այդ դեռ ոչ մի մահկանացու չէր համարձակվել երազել։ Ամենից հետաքրքիրն այդ այդ տաղտուկ պատերից ներս այն էր, որ դիակն այդ չափ անտարբեր էր իր շուրջը կատարվող իրարանցման հանդեպ, նա շարունակում էր լռել, հա...
Այն հացն ու լոլիկը դեռ ճպճպում էին երիտասարդի բերանում ու բռնվում ժամացույցի թկթկոցից։ Ահա, սկսվեց ձյան պես մի բան տեղալ սենյակում` այն բարձերից դուրս պրծած անշունչ բմբուլմերն էին, որ ասես խաղաղության աղավնիներ լինեին պատերազմից հետո։ Նույն պահին էլ դրսից ներս խուժեց եկեղեցու զանգերի միատոն ղողանջը, որ հիշեցնում էր` ժամը հինգն է։ Ղողանջի հետ մեկտեղ դուռը խորը հառաչով բացվեց, և հորիզոնում երևաց մի գիրուկ կին` ձեռքին անշուք տորթ, կողքին էլ աղջնակը` ում աչքերը փայլում էին ոգևորությունից։ Կանգնելով սենյակի գրեթե կենտրոնում` ժպտացին մեկմեկու։ Մայրը զգաց, որ ինչ֊որ բան է պակասում։ Առանց պահ իսկ երկմտելու` պտտվեց, վերցրեց համբերատար դիակի գլխավերևի մոմն ու մխրճեց տորթի ճիշտ մեջտեղում։ Մեկ, երկու, երեք։ Փոքրիկը արդեն իր հինգ տարվա փորձով փակեց աչքերը, երազանք պահեց ու մի շնչով հանգցրեց հաստլիկ մոմի բոցկլտացող կրակը։
By Annie Mena
Комментариев нет:
Отправить комментарий