воскресенье, 7 августа 2016 г.

Նիմայի լեգենդը

Հոգնած Նամսէկի քաղաքի լապտերաշատ ու մարդկանցով խեղդված նեղլիկ փողոցներից՝ գլուխս մի հանգիստ անկյուն փախցնելու սուր պահանջ կար: Սկզբում որոշեցի ծովափ գնալ՝ խոնավ մայրամուտ ուտելու, բայց իջա գլխավոր հրապարակ, մի կեղտոտ սպիտակ ձի վերցրի ու սկսեցի քշել անհայտ ուղով: Լուսնի գունատ ստվերի ներքո ես անցա խճողված անտառը, հատեցի այն հայտնի գետը և մի քանի օսի* էլ առաջ գնալով հասա անմարդ մի վայր, որը ասես հեքիաթից պոկված լիներ (Անմիջապես հիշեցի մորս երգած ՙՙԱ՜խ, Զէմա՚՚ օրորոցայինը*): Լուսնի առողջ մարմինը տեղ էր գտել առջևումս պառկած լճի մակերեսին: Րոպե չանցած լճային լռության միջից թռան տասնյակ ճերմակավուն կարապներ և սկսեցին թռչել դեպի նույն կետը: Աչքերս հետաքրքրասիրությունից լայն բացելով տեսա, թե ինչպես ծառերի ետևից հայտնվեց մի առեղծվածային աղջիկ, ձեռքին էլ փայտե խորունկ սկուտեղ: Իր նուրբ, բարալիկ մատներով նա սկսեց կերակրել այն կարաապներին, որ իր պես գունատ էին (Գուցե լուսնից էր): Մի այնպիսի նախանձելի հաճույքով էր նա դա անում, որ այդքան բան տեսած աչքերս մեկ վայրկյան անգամ չէին շեղվում: Ասես նա էլ մի կարապ լիներ, որ ամեն գիշեր վերածնվում էր մարդու: Առանց երկբայելու դուրս վազեցի թաքստոցիցս՝ ծանոթանալու հետը: Ինձ նկատելով նրա դեմքը պատեցին շփոթմունքն ու երկյուղը, և նա թաքնվեց լացող ուռենիների ետևում: Վախեցա քայլ առաջ անել, խոսեցի.
-Մի՛ վախենա, ես Նամսէկեցի եմ: Եկել եմ այստեղ հանգստանալու: Տեսա՝ որքան գեղեցիկ եք կեր տալիս կարապներին՝ որոշեցի միանալ: Կներեք, թաքուն հետևելու համար: Դուրս կգա՞ք այդտեղից...
Ուռենու ճկված շիվերի արանքներից նրա սև, մինչև ոտքերը հասնող վարսերն էին և դարչնագույն, պարզ աչքերը, որոնց մեջ վախն էր շրջում: Մի քանի րոպե անց ասես համարձակություն հավաքեց և դանդաղ, վախվխելով կանգնեց իմ դիմաց: Խոսեցի.
- Շնորհակալ եմ... Ձեզ ինչպե՞ս դիմեմ:
Բառ իսկ չարտաբերեց: Կրկին հարցրի: Նա աչքերով ինչ-որ բան էր փորձում բացատրել: 
- Դու չես կարողանում խոսել...
Ամոթխած գլխով արեց: Սիրտս կտոր-կտոր եղավ: Այդ տիեզերական առեղծվածը խոսել չէր կարողանում: Մենք սկսեցինք շփվել ժեստերով, ժպիտներով, հայացքներով: Նրա հոգին արտաքնի նման նուրբ, զգայուն ու պարզ էր: ժամ անց նա հասկացրեց, որ պիտի գնա, և մենք հրաժեշտ տվեցինք մեկմեկու: Ամբողջ օրը ես սպասեցի գիշերվան, որպեսզի վերստին զգամ նրա արբեցնող, կարապային հոտը: Օրվա ընթացքում հարցուփորձ արեցի և պարզեցի, որ նրա անունը Նիմա է, Նիմա՜:
Այդ գիշեր ես առաջին անգամ նրան անունով դիմեցի և նրա աչքերում աստղեր ծնվեցին:
Եվ այդպես ամեն գիշեր մենք պարտադիր հանդիպում էինք, զրուցում, կարապներին կերակրում աստղախեղդ երկնքի տակ և նավակով շրջում լճի երկայնքով:
Մի առավոտ ինձ զանգահարեցին աշխատանքի վայրից և հրատապ կանչեցին: Ձիս վերցրի ու գնացի այնտեղ: Պարզվեց ոչ մի լուրջ բան էլ չկար: Ստիպված էի գիշերը մնալ այնտեղ, դա նշանակում էր Նիմայական երազը չտեսնել այդ գիշեր: Առավոտ վաղ դուրս եկա և գնացի մեր լճի մոտ: Մի կերպ կուլ տվեցի արևոտ ժամերն ու վերջապես եկավ կարապային գիշերը: Կարապները հայտնվեցին նույն ժամին, սակայն Նիման չկար, ասես հօդս էր ցնդել: Ամենուրեք տակն ու վրա արեցի, բայց հետք անգամ չգտա Նիմայից: Հաջորդ օրը ամբողջ քաղաքը արդեն լեգենդներ էր հյուսում, թե մի օր Նիման կարապ դարձավ և ճախրեց տիեզերքն ի վեր:
Հեղեղված խորը տխրությամբ և սուր մեղքի զգացումով՝ գնացի ծաղկի տոնավաճառ և ճերմակ երիցուկներ գնեցի: Լուսնի գալուն պես ծաղիկները ձեռքիս կանգնեցի ճիշտ այն կետում, որտեղ Նիման էր կանգնած՝ կարապ դառնալուց առաջ: Այդ ամբողջ մղձավանջը մի մեծ ծանրությամբ ճնշում էր սիրտս, բայց քնքուշ երիցուկների քաղցր բույրը ինչ-որ կախարդանքով մոռացնել էին տալիս մեղքս: Ես իջա ծնկներիս վրա, ծաղիկները տնկեցի կարծր հողում և խոնարհվեցի նրանց առջև: Այդտեղ նստած ես չէի տեսնում Նիմային, բայց հանկարծ զգացի նրա ոսկրոտ մարմնի ջերմությունը: Թվում էր, թե այդ գունատ երիցուկներն են իրենց արբեցնող հոտով Նիմայի ջերմությունը սփռում քաղաքով, տիեզերքներով մեկ: Սակայն այդ պահին ինքս ինձ համար ցավով մի բան պարզեցի. Նիմայի պատկերը գնալով էլ ավելի աղոտ էր դառնում և նրա կերպարանքը կորցնում էր իր հստակձ ևն ու լղոզվում էր հորիզոնում, բայց այդ ջերմությամբ ու երիցուկների քնքշությամբ Նիման մտնում էր հոգիս և փակվում այնտեղ հավերժ:


*Օսի - Նամսէկի քաղաքի հին չափման միավոր, որ մոտավորապես հավասար է 2.452 կմ-ի:
*ՙՙԱ՜Խ, Զէմա՚՚ - Հին Նամսէկիական հայտնի օրորոցային, որտեղ պատմվում է Զէմա անունով միֆական աղջկա տխուր լեգենդը:

By Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий