пятница, 16 сентября 2016 г.

Փրկվածը



Նամսէկի քաղաքի փողոցներն այդ ամիս շատ էին մոխրագույն: Պատերազմից հետո Նամսէկին դեռ չէր կարողացել արթնանալ: Մարդիկ անիմաստ թափառում էին ճանապարհներով, որտեղից դատարկության հիմար հոտն էր խառնվում ավերակների գույներին ու խավար... հա: Ծանրացել էր քաղաքը ահագին: Չգիտեմ, ով էր այն մոլորյալը, որ այդպիսի աներազանք ժամանակներում համարձակվել էր բռնել Նամսէկի բերող ճամփան: Հնահոտ ծերուկ էր (Մի քանի դար ապրած խորշոմներն էին վկայում այդ մասին): Տեսնես, ի՞նչ էր կորցրել այս մոռացված քաղաքում: Պատերազմ ապրած ամբոխը կուտակվեց ծերուկի շուրջը: Այս չափ անգույն ամբոխի համար չափից ավել երազային էր՝ օտարական տեսնել իրենց կողմերում: - Խնդրում եմ, ցույց տվեք ինձ ձեր քաղաքի ամենից ավերված վայրը... Եվ բոլորով քայլեցին դեպի ռմբակոծված անտառը կանգ առնելով հաստաբուն, մոխրացած ծառի առաջ, որի արմատները փտել էին, և որում վխտում էին գույնզգույն մայիսյան բզեզները: Ծերուկն առանց շտապելու ուսումնասիրեց ամայի տարածքն ու վերջում տեղ գտավ ծառի հսկա բնում: Վայրը, որում պատրաստվում էր ապրել հետագա մի քանի հարյուր տարիները՝ նեղլիկ էր ու ոչ այնքան հարմար: Բայց ուզում էր... Ի՞նչ կա որ: Վերջ, որոշված էր: Ծերուկն այսուհետ նոր անկյուն ուներ, որ միայն ու միայն իրենն է: Օրեր անց նամսէկեցիները հավաքվեցին ծերուկի ծառի շուրջ ու համատարած քչփչոց, իրարանցում էր: Ծերուկը նվիրում էր երկնագույն թևեր ոսկե եզրագծերով և փոխարենը մեկ թևի համար վերցնում երեք երազանք: Առանց միմյանց հերթ տալու բոլորն իրենց երազանքները փոխարինում էին թևերի հետ: Սկզբում կանգնում էին ծերուկի առաջ, իրենց ճակատներից հանում երեք երազանք, փաթեթավորում և լցնում ծերուկի արծաթագույն սրվակի մեջ: Այնուհետ փայլող աչքերով վերցնում էին թևերը, ամրացնում ոտնաթաթերին և բարձրանում օդ: Ծերուկը չէր հոգնում նույն գործողությունն անընդմեջ կրկնելուց և ավելին՝ իր պատմությունն էր ասում.
- Մոռացված ժամանակներում գրող էի: Սիրում էին հերոսներիս, ապրում նրանց հետ, նրանցով մեռնում... Բայց չէ՞, որ ոչինչ հավերժ չէ: Ես հոգնեցի նոր հերոսների կյանք տալուց և որոշեցի թափառել տիեզերքներով գտնելու համար զանազան հարցերի պատասխաններ: Այժմ ես այլևս հարցեր չեմ ճանաչում: Փրկված եմ...
Նամսէկի քաղաքի եղրևանու գույնով արբած երկինքներում թռչունների փոխարեն նոր կյանք գտած նամսէկեցիներն էին ճախրում՝ մոռացության մատնելով ամեն տեսակ հոգսեր գրքեր պատերազմներ ժամանակ: Սավառնում էին անմոռաց, բարձր-բարձր, ցածում թողնելով երկրայինը: Խաղաղությո՜ւն: Եկավ մի ժամանակ, երբ նրանք հոգնեցին երկնքի բույրից և կարոտեցին հողը ոտքերի տակ: Մի փոքր բարդացել էր քայլելը, բայց չէ՞, որ սկզբում թռչելն էլ թեթև չէր: Մի նամսէկուհի քայլում էր արդեն կանաչ դաշտերով , որտեղ նշույլ իսկ չէր մնացել պատերազմից և հանկարծ մտաբերեց ծերուկին ու իր ծառը և վազեց դեպի նրանց: Ծառն անճանաչելի էր դարձել: Նրա արմատները պնդացել էին վիրավոր հողում: Ծաղկել էր, իսկ թևերը հասնում էին մինչ ամպեր: Ծառն անգամ պատերազմից առաջ այդպիսին չէր եղել: Բայց այ քեզ բան, ո՞ւր էր ծերուկը, երբ բույնը փակվել էր: Աղջիկն ուշադիր զննեց ծառը. ծերուկից հետք անգամ չգտավ: Եվ միայն հուսահատ ետ-ետ գնալով ու հեռվից վերջին անգամ թափանցիկ հայացք գցելով զգաց, թե որքան նման էր ծառն այդ իրենց հնահոտ, թևավաճառ, բարի ծերուկին...

Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий