вторник, 20 сентября 2016 г.

Աստէրիայով հիվանդ սերեր


Երբ նա վերջապես որոշեց ճաշ եփել ամուսնու համար՝ մտաբերեց՝ լոլիկը պակասություն է անում: Հագավ երկնքի գույն կերած, խանութ գնալու համար նախատեսված բլուզն ու դուռը բաց արեց՝ Նամսէկին անձրևոտվում էր: Մտափոխվեց. Սոխը շատ է, որ մնա կփչանա, ուրեմն այսօր աոխով ապուրի բույր կսողա իրենց լուսամուտից դուրս: Ճաշը գրեթե պատրաստ էր, երբ անսպասելիորեն պատուհանը թակվեց: Ամուսինը չէր. Չաղլիկ հարևանուհին էր.
- Երկնքից Աստէրիա* է թափվում...
Այդ աշուն պիտի վազքի մարաթոնը անցկացվեր, որ անխտիր բոլոր Նամսէկեցիների ամենից սպասված օրն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ փակում էին գլխավոր հրապարակը և Նամսէկի ամենահմայիչ և մարզված երիտասարդները սկսում էին վազքի մրցույթը: Փոքրից ծեր ներկա էին մարաթոնին: Բայց ախր սկսվել էր Աստէրիայի պարը, և փախուստի տեղ չուներ ոչ մի շնչավոր:
Հաջորդ առավոտ ամբողջ Նամսէկին արթնացավ տենդի մեջ: Երազ չէր: Բայց այնուամենայնիվ որոշվեց, որ մարաթոնը չի չեղարկվի: Ով կհասցնի կգա, ինչո՞ւ ոչ:
Անձրևը դադարել էր: Սոխով ապուր եփող կինը հագավ իր այն հայտնի բլուզը, որ այժմ ներդաշնակ էր իր մաշկի գույնի հետ և վազեց խանութ լոլիկների ետևից: Լավ էլ թարմ էին մնացել: Լոլիկները դեռ չէին հասցրել խաչվել Աստէրիայի հետ: Տուն դարձի ճանապարհին նա սկսեց ետևել այն ժանգահեր փոքրին, որ իր սևահեր ընկերների հետ պոլիէթիլենային տոպրակների ծայրերից ճերմակ թել էին կապում և քամոտ ալիքի ժամանակ թռցնում: Նրանց դեմքերն արդեն հասցրել էին արտացոլվել երկնքով, բայց այդժամ որքան համահունչ էին նրանք քամու և թափանցիկ տոպրակների հետ: Նրանք երևի երբևէ այդ չափ երջանիկ ու երազային չէին եղել: Կինը ակամայից ժպտաց և քայլերն առաջ բրդեց: Ասէրիենային լռությունը խախտում էր նրա բարձրակրունկների աղմուկն ու քթի տակ մրմնջացող հին օրորոցայինը:
Մարաթոնին մնացել էին հաշված օրեր և քաղաքային գլխավոր տոմսարկղի դիմաց մարդաշատ էր: Բոլորը շտապում էին իրենց ունեցած ոսկե մետաղադրամները փոխարինել տոմսերով: Անզեն աչքով էլ նկատելի էին բոլորի մարմինները ծածկած ձյունոտ ծաղիկները: Հաշվելով այդ ծաղիկները նա հասավ ինքն իրեն և նկատեց, որ այն ձեռքը, որով նա բռնում էր լոլիկները՝ նույնպես ծաղկապատ էին:
Վերջապես տուն հասավ: Բլուզը հանելով մնաց մերկ ու սկսեց լվալ լոլիկները, ընթացքում նայելով իր արտացոլանքին պղտոր ջրի մեջ: Հագավ տնային, կարկատաններով խեղդված վերնաշապիկը և սկսեց եփել: Անսպասելի շրխկոց: Ամուսինը չէր. Ձեղունն էր մաս-մաս թափվում հիշեցնելով ձյան սառը փաթիլներ: Ընկնում էր անհամաչափ, բայց հանդարտ: Կծկվեց, լոլիկներն այրվեցին: Զզված երկնի համն ունեցող իրարանցումից նա մոտեցավ պատուհանին, վառեց ծխախոտն ու նստեց ճոճաթոռին և սկսեց զննել քաղաքը, որ մեկ օր առաջ դեռ կարմիր էր: Գիշերվա այդ ուշ ժամին ոչ ոք քնած չէր, ոչ ոք. չէին համարձակվում: Քաղաքի լույսերը հանգցրին և խավարի խորքերից աղջիկ ու տղա ձեռք-ձեռք բռնած քայլում էին նեղլիկ փողոցով դեպի հրապարակը: Նրանց ձեռքերի վրայի ծաղիկներն ասես միմյանց շարունակություն լինեին: Հասան ահռելի արձանին, որ նստած էր և սկսեցին միմյանց օգնելով բարձրանալ: Տեղ գտան մարած ու շատ բան տեսած արձանի ծնկներին և խոր շունչ քաշեցին: Երկուսն էլ այդտեղ նստած գիտակցում էին, որ փախչելու ո՛չ տեղ կա, ո՛չ էլ իմաստ: Տղան ամուր գրկեց աղջկան: Գլուխ գլխի տվեցին ու արևածագ...

*Աստէրիա - Համատիեզերական անբուժելի ախտ, որը գալիս է անձրևի տեսքով և պարտադիր վարակում բոլորին: Հիվանդության արդյունքում ստանում են երկնագույն մաշկի երանգ , վրան էլ ճերմակ ծաղկանման նշաններ: Վարակվելուց օրեր անց վերածվում են անձրևի:

by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий