Ուրբաթագույն առավոտ էր: Շաբաթվա ամենատաք օրը. կաթ են խմելու, Կաէդան էլ լվացք է անելու: Տարնոսը մի շնչով կաթնային կիսով չափ լի բաժակը լցրեց դատարկությամբ ու մոտեցավ պատուհանին:
- Երբ դեռ շատ փոքր էի, այնպե~ս էի սիրում ժամերով նայել այս պատուհանից դուրս` մեր սովորականից ավելի խոշոր ու դեղին արևածաղիկների դաշտին: Անվերջ ապրել նրանց ու երազել գլխապտույտի հասնելու չափ: Կյանքս սկսվեց ու այսպես էլ կմարի այս նույն դեղինի երանգում: Որքա~ն եմ հոգնել այս ծաղիկներից, գրողը տանի. 386 արի ամեն օր պարտադիր շնչել նրանց` որ ժամին ասես: Երբեմն ինձ թվում է, թե մեր ցեղի բոլոր խնդիրների պատճառը եղել են հենց այս նույն արևածաղիկները: Այրել եմ ուզում, բայց ձեռքս չի ենթարկվի: Չնայած...
- Ծերո'ւկ, հերիք է բողոքես: Ծաղիկների մեղքը ո՞րն է: Քո ամենօրյա բողոքներից են մեր բոլոր անհաջողությունները: Ինչ ոտք եմ դրել այս խրճիթ, ամեն Աստծո օր նույն բառերի շարանը քո բամբ ձայնով: Թե այս խեղճ ծաղիկները լեզու առնեին...
- Դու լվացքդ արա: Ոչ քեզնից օգուտ կա, ոչ էլ էդ գրողի տարած արևածաղիկներից: Լավ կլիներ դաշտում ոչինչ չաճեր, հա:
Կաէդան առանց որևէ դժգոհության նշանի, գլուխը կախեց ու դուրս եկավ տանից լվացքն անելու: Արևը դեռ նոր էր ծագել, բայց հասցրել էր ուտել իր դեղնոտների երկարավիզ թերթիկները: Ծաղիկներն արևի շողշողուն ստվերից ավելի վառ երանգով էին բացվում և խիստ կոնտրաստի մեջ էին երկնքե սառը լազուրի հետ: Կինը վերցրեց ջրով լի խորունկ թասը, որ դեռ անհիշելի ժամանակներից ժանգահամով էր վարակվել, և ջուրը կիսեց, դատարկելով մյուս մասը փայտից տաշտակի մեջ: Այս ուրբաթ լվացքը սովորականից շատ էր, կամ էլ ուղղակի այդպես թվաց: Պիտի ավարտին հասցներ մինչև արևը կայրեր իր ժամանակից շուտ թոռոմած դեմքը: Արևածաղիկների հոտը մի պահ սկսեց ճնշել և խառնվելով պաղ ջրին գլխապտույտապատել Կաէդայի ոսկրոտ մարմինը: Նա մերթ նայում էր իր գունավոր լվացքին, մերթ միագույն երկնքին ու այդպես էլ ձուլվում էր դարչնահոտ հորիզոնին: Գործվացքների արանքներում թաքնվող փոշին ու կեղտը մեկը մյուսի ետևից ացետոնի պես ցնդում էին ու փոխում ջրի գույնը: Նա մտովի մոտ 130 տարի ետ վազեց, երբ դեռ սովոր չէր արևածաղիկների շնչին, ու դեմքը ծածկված չէր անգույն խորշոմներով: Հիշեց այն օրը, երբ ինքն ու Տարնոսը երեք շիշ գինին, որ հարևանն էր նվիրել` մեկ ժամվա ընթացքում մինչև վերջին կաթիլը քամեցին և սկսեցին բռնոցի խաղալ դաշտում, երբ մութ-մութ էր: Որքա~ն երջանիկ ու գինով էին նրանք այդ ուրբաթ, լուսնի ստվերի տակ: Նույն ուրբաթագիշեր նրանք հաճույքից ուժասպառ` փռվեցին արևածաղիկների արանքներում, ձեռք ձեռքի տվեցին և սկսեցին աստղերը հաշվել. այդպես մինչև արևածագ: Կաէդան սթափվեց անտանելի շոգից. քրտինքի կաթիլները անհարթ ճակատի վրայից դանդաղ հոսում էին երեսն ի վար: Լվացքը իր ճակատի ու մարմնի պես թաց էր: Կախելու ժամն էր:
- Տարնո'ս, արի', կախում եմ:
Տարնոսը վերցրեց տան միակ աթոռը, որի աջ ոտքը խարխուլ էր ու տեղավորեց տան շեմին:
-Թո'ւհ, էլի մոռացա ոտքը տեղը գցել:
-Արդեն 73 տարի կլինի նույն նախադասությունն ես կրկնում ամեն Աստծո ուրբաթ:
- Դու լվացքդ արա, ես այսպես էլ մի բան կանեմ:
Կաէդան իր կոշտուկներով խեղդված մատներով վերցրեց կարկատաններով արբած կարմիր բլուզը, որ տեղ-տեղ գույնը կորցրել էր, ու իր տարօրինակ սովորության համաձայն կախեց պարանի հենց կենտրոնից: Տարնոսը խորը շունչ քաշեց և ետ հենվեց աթոռին` մոռանալով, որ դրա աջ ոտքը կոտրվող է: 210 տարվա հնահոտ շալակած գինեթույր բլուզը փակեց արևածաղիկների դեմքն ու որպես տաք արյան բիծ դաջվեց երկնքի մովին: Դրա աջում նա տեղավորեց մեղրագույն վերնաշապիկը, իսկ ձախում սպիտակը և շարունակեց պարանը ծանրացնել մինչև քարկապին դեմ առնելը: Երբ զամբյուղում մնացել էր միայն վելվետե տաբատը, նա թևաթափ ընկավ հատակին և խոր շունչ քաշեց: Հանկարծ լսվեց փոքրի լացը: Երկուսով վեր թռան ասես մղավանձից և վազեցին դեպի նա: Տղան արցունքների մեջ կորած էր.
- Ի՞նչ է քեզ պատահել այ տղա, խոսի'ր... լացդ ինչի՞ համար է:
Մի քանի րոպե տղան չէր կարողանում ոչ մի բառ բաց թողնել, փոխարենը էլ ավելի էր կարմրում: Շուտով մի քիչ հանդարտություն գտավ ու կմկմալով մի քանի տառ իրար կապկեց.
- Դպրոցը.. իմ: Փակում են...
- Դպրո՞ցդ են փակում:
Գլխի դրական շարժում արեց, այնուհետ կախեց հայացքն ու սկսեց ամբողջ ուժով լալ:
- Վաղ թե ուշ պիտի այդպես էլ լիներ: Ախր դպրոցի միակ աշակերտն էիր, տանիքն էլ լրիվ փուլ էր եկել: Միայն թե ուսուցչուհին առանց աշխատանք մնաց:
- Մի' լաց, քեզ կողքի քաղաքներից մեկի դպրոցը կտանենք եկող տարի: Հո աշխարհի վերջը չէ՞:
-Բայց ախր իմ դպրոցն էր, միակն բանը որ իմն էր: Էլ ոչինչ չունեմ: Հիմա այնտեղ առևտրի բարձր շենք են կառուցելու: Ես ատում եմ բոլորին:
Մայրն առավ նրան իր գիրկը, համբուրեց ճակատն ու տարավ դեպի տաշտակը: Հանեց նրա հնաբույր շորերն ու սկսեց լողացնել արևով արտացոլված ջրում: Տղայի դեմքը պայծառացավ, ասես տաշտակի ջուրը մի տեսակ կախարդական էր: Փաթաթվեց երկնքե գույն կերած սրբիչով ու ոտաբոբիկ վազեց տուն: Սեղանիկին մնացել էր իր բաժին կաթը, որը հոր նման մի շնչով դատարկեց: Մի տեսակ թափանցիկ լռություն էր իջել իրենց փայտեղեն խրճիթի տանիքին ու սողոսկել ներսի միակ սենյակը: Միայն ընտանիքի ճերմակ պուտերով կովի բողոքն էր մերթ ընդ մերթ խախտում կապույտ անդորրը (Պուտավորը ազատություն սիրող կով էր, իսկ նրա ապրելու տեղը շատ էր նեղ): Այդ պահին տղան առաջին անգամ համտեսեց ձանձրույթի արևածաղիկների երանգն ունեցող դեմքը ու սկսեց լաց լինել և ճիշտ հոր պես ատել արևածաղիկները, որովհետև նրանք էլ էին դեղին:
Ուրբաթ օրվա գունավոր լվացքից հագեցած, Տարնոսին մի անտեսանելի ուժ ստիպեց տուն գնալ: Անգամ առանց աթոռը հետը ներս տանելու` նա վազեց տան միակ սենյակը, որը մաքրությամբ էր բուրում և հաշվեց փոքրի արցունքները: Նա զգաց, որ հիմա ինքն էլ նույնը կանի, բայց...
- Կաէդա, արի':
Երեք վայրկյան չանցած կինը իր կողքին էր: Տարնոսը խոսեց.
-Երբ քո տարիքին էի, մարդկանց վառում էին խարույկի վրա, որովհետև նրանք համարձակվում էին հայտարարել, թե մոլորակը իրականում տափակ չէ, այլ կլոր է: Երիտասարդ տարիքում գրամոֆոն էի երազում, բայց այդպես էլ համը զփորձեցի: Իսկ հիմա գումար եմ հավաքում, որպեսզի տան համար հեռուստացույց գնեմ:
-Հեռուստացո՞ւյց:
- Դե այն քառակուսի արկղիկը, որի մեջ տեղավորվում են բոլոր մարդիկ, կենդանիներն ու աշխարհները: Ուղղակի այդ գրողի տարածը շատ թանկ է, եթե չհերիքի գումարը` ռադիո կգնեմ: Դե, վերջ: Էլ չլացես, շուտով տանը ամբողջ օրը երաժշտություն կլսենք:
Կաէդայի և փոքրի աչքերը հավասար լույս արձակեցին, դրանք այլևս երբեք հինը չէին լինելու:
Արևը մայրամտվեց, խավարը կուլ տվեց քաղաքը, խրճիթը, Պուտավորին, մնացին միայն դաշտում երգող արևածաղիկները, որ չէին տրվում քնին:
Առավոտ վաղ Տարնոսը վեր թռավ խորը քնից. Դաշտից ձայներ էին ականջին հասել: Դուռը բացեց ու նետվեց դեպի արևածաղիկները: Լռություն էր, ոչ մի շունչ չկար: Մտածեց` երազ է, հոգոց հանեց ու իրենից անկախ գլուխը կախեց: Իր հողից կոշտացած ոտքերի տակ մի ալ թուղթ էր պառկած` դեղին գրվածքով: Բարձրացրեց. << Մարդկության պատմության մեջ առաջին անգամ Մոգական կրկես` հմուտ լարախաղացներով, վայրի կենդանիներով, գունավոր ծաղրածուներով և հիպնոսացնող մոգերով: Կիրակի և երկուշաբթի կեսօրին ապրեք ձեր մոխրագույն կյանքի ամենակախարդական օրը>>: Զգույշ ծալեց, դրեց գրպանը ու մտքերը լցվեցին կրկեցի մասին խայտաբղետ պատկերացումներով: Նստեց նրա մահճակալի մոտ և շշնջաց ականջին.
- Վաղը կրկես ես գնում, վեր կաց:
Տղան մտածեց, թե երազ է: Ցանկություն չուներ դրանից պոկվելու, բայց հանկարծ զգաց հոր չոր ու խառնված մազերը իր այտին ու աչքերն առանց դժվարության լայն բաց արեց:
- Պապ, կրկնի'ր:
Տարնոսը առանց բառ իսկ ասելու պայծառ ժպտաց ու բոսոր թուղթը դրեց փոքրի ձյունե ափի մեջ (Դպրոցում նա հասցրել էր տառերը ճանաչել): Ահագին դժվարությամբ, բայց կարդաց: Մի քանի րոպե հայացքը չէր հեռացնում թղթի կտորից ու անվերջ շոշափում էր այն վերից վար: Վերջիվերջո անջատվեց հիպնոսից ու սկսեց թռվռալ: Մահճակալի անհամաչափ ճռռոցներից Կաէդան արթնացավ ու ժպտաց` գուշակելով, որ օրն ուրիշ է լինելու: Երբ կնոջ հետ կիսեցին իրենց կրկեսային փոքրիկ երջանկությունը, նա շատ ոգևորվեց, ճիշտ ինչպես ամուսնության առաջարկ ստանալու օրը և ցանկություն հայտնեց գալու:
-Որ այդպես է` երեքով կգնանք: Վաղն առավոտից այնտեղ կլինենք, որպեսզի տեղ ունենանք նստելու: Հրաշքներով լի օր է սպասվում:
Վերջապես տան 300 տարվա փոշու տեսք ընդունած թախիծը ցնդեց. Կրկեսն իրոք որ մոգական էր:
Արև սովորականից ավելի լուսավոր էր, իսկ արևածաղիկներն այլևս տհաճ չէին և մի կաթիլ անգամ չէին նյարդայնացնում: Օրը հոսեց մեղմ ծովի պես խաղաղ, ջինջ, կապույտ, բայց նոր երանգի: Երեքով դուրս եկան մայրամուտ ուտելու և որոշեցին արևի հետ քնել. վաղը սովորականից ավելի վաղ էր հարկավոր արթնանալ: Գիշերվա ամենամութ ժամին, երբ միայն արևածաղիկներն էին արթուն, Տարնոսն աչքերը բացեց. Գլխում աստղերից էլ շատ մտքեր էին թափառում, այլևս չքնեց: Արևածագից հետո կես ժամ էլ թավալ եկավ ճերմակ սավանում ու...
-Արթնացե'ք, գնում ենք:
Կաէդան ու փոքրը դեռ հինգ րոպե էլ չանցած արդեն դաշտում էին ու ժպտում: Բռնեցին նեղ արահետը, որի ծայրում արդեն նշմարվում էր կրկեսի ալ կտուրը. փաստորեն երազ չէր: Դուռ չկար, փոխարենը փոքրի այտերի վարդագույն երանգով շղարշ էր կախված, որ հանդարտ օրորվում էր տաք քամու երգով ու թաթախվում կարմիր ավազի մեջ: Այնքան նուրբ ու ճկուն էր, որ նրա միջով հնարավոր էր դառնում տեսնել ներսի ամայի ասպարեզը, որը շուտով դառնալու էր ամենից վառվռուն հիշողությունը ու հավերժ ծածկելու էր արևի ծաղիկների ամեն տեսակ դեղինները: Այդ վայրկյանին նրանց միայն մի վարագույր էր բաժանում արևածաղիկները գրողի ծոցն ուղարկելուց: Նրանք քայլ արեցին ` դաջելով իրենց դեռ կրկես չտեսած ոտնահետքերը չոր ավազի մարմնին: Տարնոսը ձեռքը մեկնեց առաջ` բացելու գալարվող վարագույրը, ու .... մի գեր տղամարդ բռնեց նրա ձեռքն ու չթողեց, որ նա համտեսի վարդագույնի այդ երանգը:
-Այդ ո՞ւր եք գնում:
-Կրկես...
-Իսկ տոմսե՞րը:
_Տոմսե՞ր... Տո՞մս է պետք, - կմկմալով արտասանեց Տարնոսը, ում դեմքի գույնը անհետացավ ու լղոզվեց պաղ հորիզոնին:
-Իսկ դուք, ինչ է, կարծում էիք` մուտքն ազա՞տ է: Մեկ տոմսն արժե 384 նեյ: Իսկ տոմսարկղն աջում է:
Երեքն էլ այդ վայրկյանին վերածվեցին ժամանակակից արվեստի անճոռնի քանդակների և մի քանի հավերժություն կյանքի չեկան: Գետնից գոլորշի էր բարձրանում ու վերածում կրկեսը կարմրոտ միրաժի, որ ժամացույցի ամեն թկոցի հետ հեռվանում էր ու ասես տեղավովրում այն գեր տղամարդու ստամոքսի պատերում: Տարնոսի գլխում անվերջ պտտվում էր այն թիվը` 384: Ախր գլխապտույտ ծնող է ու անհնար գույների մեջ: Ամբողջ ճանապարհին նրա մտքում այնքան տարատեսակ հայհոյանքներ էին խլվխտում, որ ժամանակ առ ժամանակ գալիս ու շուրթի վրայով դուրս էին հոսում: Նա սթափվեց Կաէդայի ճիչից.
- Տղաս... Ո՞ւր փախավ: Տարնո'ս, վազի'ր:
Տարնոսը խելակորույս վազեց նեղ արահետով գլուխն ազատելով հայհոյանքներից և 384 թվից, մի պահ անգամ մոռանալով, որ այլևս երիտասարդ չէ ու չի էլ լինի: Նա այդպես էլ չհիշելով իր տարիքը` ոչ մի կանգառ չապրելով հասավ իրենց խրճիթը, որի վրա էլի այն հին փոշուց էր փռվել: Պատուհանից վախվորած ներս նայեց. Սենյակից դատարկության հոտ էր փչում: Նա միայն այդ ժամանակ նկատեց, որ մի փոքր էլ ու շնչահեղձ կլինի: Լսվեց Կաէդայի հևոցը: Նա առանց բառ իսկ ասելու թևանցուկ արեց ամուսնուն ու տուն տարավ: Նստեցրեց ժանգահոտ մահճակալի եզրին ու զգույշ հանեց կոշիկները: Հանեց ու թափ տվեց, լսվեցին ալ ավազահատիկների զրնգոցները ու նորից լռահամ: Կաէդան պառկեցրեց Տարնոսին անուշաբույր սավանին ու համբուրեց ճակատը: Տարնոսը դեռ չէր հանգստացել: Նա պահի տակ վեր էր թռնում ու անվերջ զառանցում էր: Կաէդան ամեն անգամ բռնում էր կրկես բառը: Նա տեղ գտավ ամուսնու դողացող մարմնի կողքին և իր մաշված ձեռքերով ամուր գրկեց նրան: Նա լաց եղավ և կյանքում առաջին անգամ ոչ թաքուն:
Մութը վրա էր հասել ու նստել խրճիթի թախծաթույր տանիքին. Փոքրը տեսնես ո՞ւր էր: Որոշեցին վեր կենալ ու ինչ գնով էլ լինի գտնել տղային: Զգալով անբույր լուսինը իրենց դեմքին` սկսեցին ձայնել նրան ամբողջ ուժով: Անգամ հարևանի սուրականջ շները ոռնոց կապեցին: Կաէդան այդ գիշեր առաջին անգամ ատեց արևածաղիկները: Երկուսով անխնա տրորում էին դաշտի դեղինները, առանց իրար հերթ տալու: Ծաղիկների խորքից ինչ-որ ձայն լսվեց, ասես նրանք լեզու առան ու որոշեցին վերջապես պատասխան տալ: Նրանք վազեցին դեպի ձայնն ու գտան փոքրին կուչ եկած, երկյուղապատ: Կաէդան առավ նրան իր գիրկն ու զգաց նրա խոշոր արցունքները իր կրծքին: Քիչ անց տղան արդեն իր տաք մահճակալում էր ու ձևացնում էր, թե քնած է:
-Կաէդա, մեր Պուտավորին կվաճառենք վաղն առավոտ ու ողջ գումարով փոքրի համար տոմս կգնենք: Թող վաղը նա հրաշք ապրի:
-Խե~ղճ Պուտավոր... բայց ո՞վ նրան կառնի: Նա կաթ շաբաթը մեկ է տալիս ու հազիվ մեկ բաժակ լցնի: Մեր 300 տարվա կովն է, ընտանիքի չորրորդը: Վայ, իմ խեղճ:
-Հարևանը մեր ձախից: Այն մեկը, որ երեք շուն է պահում: Նա հաստատ կգնի: Այն օրից ի վեր ինչ տեղափոխվեցին մեր կողքը` աչքները Պուտավորի վրա է: Կվաճառենք նրանց, թող աչքներն էլ մեր վրա չլինի:
Կաէդան լռեց ու մտովի փորձեց պատկերացնել տունն առանց Պուտավորի: Նա պառկեց դեպի պատը ու արունքները շոյեցին սավանը:
Այդ գիշեր փայտե կտուրի տակ բոլորն էլ խորը քնեցին, փորձելով իրենց համոզել, թե ինչ եղավ ընդամենը երազ էր: Բայց արևը ծագեց իր ժամանակին ու պուտավորին հետը վերցրեց, խրճիթից հեռացրեց և տեղավորեց հարևանի դաշտում, որտեղ արևածաղիկներ չէին աճում ու Պուտավորի համար տեղը շատ էր, էլ չէր բողոքի: Խրճիթի այն փոշու վրա ևս մեկ հաստ շերտ ավելացավ: Տարնոսը Պուտավորի գումարին ավելացրեց իր ռադիո գնելու համար պահված գումարի կեսն ու ոտքերը նրան հասցրին երեկվա կարմիր ավազահատիկներով մղձավանջը: Աչքերը սեղմած նա պատկերացրեց փոքրի ժպիտը, երբ ափի մեջ նա կտեսնի տոմսը, ու մոտեցավ տոմսարկղին: 384 նեյի փոխարեն նրա ձեռքում այժմ անագույն տոմսն էր պառկած: Փոքրի աչքերում արտացոլվեց կարմիրի այդ երանգն ու նա կարծեց, թե մի քիչ էլ և տիեզերքներում կճախրի:
- Դե վազիր, չուշանաս:
Փոքրը շնչակտուր վազեց ալ կտուրի ուղղությամբ, ճիշտ ինչպես մեկ օր առաջ հայրն էր ի ետևից վազում հենց այս նույն արահետով: Նա այնպես էր վախենում ուշանալ: Դեմ առավ վարդագույն մառախուղին, որ բերանում կհալվեր ու վերջում ելակե յոգուրտի համ կթողներ: Տղան վախեցած ցույց տվեց տոմսն ու մառախուղը անհետացավ: Նստեց երրորդ շարքից ծայրի նստարանին ու քիչ էր մնում երջանկությունից բղավեր: Հանկարծ լույսերը մարեցին, և գունավոր հիպնոսացումը սկսվեց: Տղան փորձում էր աչքերը չթարթել, որպեսզի ոչ մի նկար բաց չթողներ: Նա իր պատկերացրած հեռուստացույցի նման կլանում էր լարախաղացներին, գնդակները, ծաղրածուներին, նրանց ալ քթերը, առյուծներին, մոգերի ճկուն մատները, առաստաղի լույսերը, որ նմանեցրեց արևների: Նա էլ շատ լավ հասկանում էր, որ առաջին ու վերջին անգամ է մասնակցում այս հեքիաթին, որտեղ դեղին գույնը արևածաղիկներ չի հիշեցնում: Նա այնպես չէր ուզում դուրս գալ իրականություն և իրեն զգում էր որպես Քերրոլի Ալիս (Միակ գիրքը, որ նա ընթերցել էր): Շուտով լույսերը տղայի համար մարեցին հավերժ, բայց նա չտխրեց, նրան այլևս աշխարհում ոչինչ հարկավոր չէր անգամ հեծանիվ ու ռադիո: Փողոցում նա մեկ ոտքի վրա թռչկոտում էր ու փորձում բռնել իր ստվերիկը: Նա իրեն լարախաղաց էր երևակայում: Այդ պահին տղայի գլխում ամենաիսկական երազանքը ծնվեց` լարախաղաց դառնալ ու մի օր վերադառնալ կրկես: Այդ մտքից նա լույս կուլ տվեց ու սկսեց քթի տակ մի երգ սուլել, որ լսել էր իր միակ ուսուցչուհու հաստլիկ շուրթերից: Երբ հասավ տուն` արևը հասցրել էր մայրամտվել: Տարնոսն ու Կաէդան դիմավորեցին փոքրին: Նրանք երբևէ տղային այդքան երազային չէին տեսել: Փոքրը քաղցած էր: Նստեցին անհարթ սեղանիկի մոտ ու կերան ճկույթի երկարության սև հացի կտորիկ պատված հնահոտ մեղրով: Տղան այնքան երջանիկ էր, որ չնկատեց անգամ կերածի անհամ լինելը: Երեքն էլ նայեցին միմյանց աչքերի մե ջու ձևացրին, թե կուշտ են: Տղան անվերջ պատմում էր կրկեսային հոտից ու բառերն իրար հերթ չէին տալիս: Երբ նրա բառերը վերջապես ավարտվեցին, նրանք դուրս եկան արևածաղիկների դաշտ ու լռեցին լուսնահամ լռությամբ: Այն խախտում էր ձախ կողմի տան չքնող լույսն ու խուլ լսվող երաժշտությունը: մեղմ քամի սկսվեց ու ձախից բերեց կրակի վրա ծխով եփված մսի սուր հոտը: Նրանց քթերը հավասար բռնեցին այդ հոտն ու երեքն էլ գլխում միաժամանակ տվեցին Պուտավորի անունը: Ոչ ոք չհամարձակվեց խոսել, իսկ իմաստ կա՞ր: Նրանք առանց մտածել քայլեցին տուն, առանց մտածել պառկեցին ու առանց մտածել ատեցին մեկ հարևանին, մեկ կյանքը, մեկ արևածաղիկները: Տարնոսի աղիներում անքնություն էր թափառում, նա այդպես էլ չքնեց: Այդ ընթացքում Կաէդան տեսավ յոթ երազ` յոթն էլ պուտավոր: Ութերորդ երազն ուզում էր սկսել, երբ նա վեր թռավ ու զգաց Տարնոսի լարված աչքերը իր մազերի մեջ խճճված:
-Վաղը նոր արև կծագի ու օրը ուրիշ կլինի: Իսկ Պուտավորը... Մեր Պուտավորը երազումս եկել էր, ասաց, որ ներում է: Կարող ենք քնել առանց մեղքի զգացումի:
Նա փաթաթեց իր ոսկրոտ արմունկները Տարնոսի երակոտ վզի շուրջ ու համոզվեց, որ սիրելով է ամուսնացել: Տարնոսի կոպերը Կաէդայի խոսքերի տաքությունից հալվեցին և նա խորը քնեց, ինչպես չէր քնել մի քանի հարյուր տարի:
Լույսը հասցրել էր սողալ խրճիթի անցքերից ներս: Փոքրը աչքերը բացեց ու զարմացավ` տեսնելով, որ մայրն ու հայրը դեռ անուշ քնած են: Նա առանց ոտնամաններ հագնելու քայլեց դեպի դուռը ու փութալով այն բաց արեց: Ողջ դեղնոտ դաշտը այժմ ճերմակով էր բուրում և ոչ մի կաթիլ արևածաղկե շունչ: Ամբողջ գիշեր ձյուն էր իջել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, ու ջնջել էր դեղինի ամեն տեսակ երանգները: Փաթիլները խոշոր էին ու դեռ պար էին գալիս սառած օդի մեջ: Օրը չէր սկսվելու դեղինով և ոչ էլ դրանով ավարտվելու էր: Այդ առավոտ առաջին անգամ էր, որ երկնքի ու փոշոտ խրճիթի լազուրում արևածաղիկի ոչ մի դեղին չարտացոլվեց:
Annie-Mena
Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий