- <<Մեր ընկճախտը մենք ենք>>, կամ էլ չէ... <<Մեր դեպրեսիան մենք ենք>>: Մի բան պակասում է,- բարձրաձայն խոստովանեց տղան ինքն իրեն ու անջատեց համակարգիչը, ուղարկելով ամեն բան գրողի ծոցը:
- Ընթրիքի ժամն է, - սենյակ լցվեց մոր վարդահոտ ձայնը անշուք խոհանոցից:
- Քաղցած չեմ, դպրոցի ճաշարանում այսօր կուշտ կերել ենք, - ստեց տղան առանց ձայնի որևէ փոփոխության:
Պատուհանից դուրս ցուրտն էր մոլորվել` թաքնվելով ձյան երակներում: Տեսադաշտը փակում էր ահռելի հին գործարանը, որի հատակը այնպե~ս էր կարոտում մարդկանց ոտնահետքերը: Մեկ ամիս առաջ, երբ ընկճախտը դեռ նոր-նոր էր լցվում տղայի քիթը, նա ալ կարմիր գրություն թողեց հանդիպակաց պատի վրա <<Սենյակիցդ դուրս չգաս, սխալ չգործես>>: Ինքը չէր հեղինակը, այլ Բրոդսկին, բայց հավատում էր, որ նախկին կյանքերից մեկում Բրոդսկին է եղել: Իսկ ինչո՞ւ ոչ: Նրանց տունը երկրորդ հարկում էր, ու մայրն ամեն անգամ լվացք կախելիս պարտադիր կարդացել էր ալ բառերի շարանը, բայց ոչ մի անգամ չէր բռնել դրանց համը: Այժմ ձյունը փակել էր գրվածքն ու միայն Ս և Կ տառերի ծայրերն էին նշմարվում, որ արյան տաք հետք էին հիշեցնում ձյան դեմքի վրա: Տղան մտովի մի տաս անգամ բացեց տան դուռը, իջավ երեսուն աստիճան, կանգնեց պատի դիմաց և իր ցրտից կապտած ձեռքերով մաքրեց սառը ձյունը: Տասնմեկերորդ անգամ նա դուռը բացեց, իջավ աստիճաններով և քսանմեկերորդ աստճանի վրա ոտքը սայթաքեց ու նա վերադարձավ իրականություն: Կրկին միացրեց համակարգիչը և բութ էկրանը լուսավորեց մթի ու փոշու բերանում կորած սենյակը: Սովորության համաձայն նրա ձեռքը բացեց իր ծանոթությունների համար նախատեսված մեռած ու ժանգոտած էջը, որ երկու օր առաջ ինքն իրեն խոստացաել էր այլևս մուտք չգործել: Նա սառած հայացքով թափառում էր մի էջից մյուսը` հայհոյելով վիրտուալ աշխարհում շնչողներին այն հայհոյանքներով, որ սովորել էր նույն վիրտուալ աշխարհում: Հանկարծ նրա աչքերը շոշափեցին մի գրվածք << Մի օր դու կդառնաս երգ>>: Իսկ գրվածքի ճիշտ ներքևում հին ֆրանսիական երգ կար, որ պատմում էր մի տղայի մասին, ով յասաման էր նվիրել իր սիրած աղջկան մի բացօթյա սրճարանում, որտեղ էլ ծնվել էր նրանց հավերժ սիրո պատմությունը: Տղայի իմացած բոլոր հայհոյանքները մի պահ հօդս ցնդեցին ու նա հենվեց աթոռին, սեղմեց աչքերն ու տրվեց երաժշտությանը, այնուհետ բառերին: Տևողությունը երեք րոպե էր, բայց ահա արդեն մեռնում էր հինգերորդ րոպեն ինչ նա պարում էր սրճարանում սիրունիկ ֆրանսուհու հետ, ով այնպես շատ էր սիրում յասամանի գույնը: Մանուշակաթույր ծաղկի սուր բույրից ծնվեց գլխապտույտ, որ փաթաթվեց աղջկա վզին, հետո կապվեց իր ձեռքերին ու տարածվեց ողջ սրճարանով մեկ: Չափից ավել հեքիաթային թվաց տղային այն ամենն ու նա բացեց աչքերը: <<Պիտի գրեմ նրան, գրողը տանի: Բայց ի՞նչ բառերով>>:
Նրա անունը Լէա է: Տղան բացեց նամակ գրելու դատարկահամ էջն ու ստեղնաշարի վրայով վարժ սահեցրեց մատները.
- Երգը ստիպում է պարել ու անգամ դուրս գալ սենյակից... Այդպես լինում է, չէ՞:
Եվ առանց վարանելու սեղմեց ուղարկելու կոճակը: Լէայի անվան կողքը կանաչ լույս էր վառվում` ցանցի մեջ է: Տղայի սիրտը սկսեց արագ զարկել, ինչպես տնօրենի անճոռնի սենյակ մտնելիս: <<Գրողը ինձ տանի, ինչո՞ւ գրեցի: Հիմար: Հիմար>>: Վերջին հիմար բառը դեռ նոր դուրս թողած` Լէան պատասխան նամակ ուղարկեց.
- Ամեն անգամ գրամոֆոնով այս երգը լսելիս... Ու պարտադիր փակ աչքերով:
Տղան վեց անգամ կարդաց նամակն ու սկսեց վազվզել սենյակով մեկ, որտեղ երբեք ոչ ոք չէր լինում, բացի իրենից ու իր մի քանի եսերից: Սթափվեց: Վերադարձավ նոր լույսով շողացող էկրանի մոտ ու գրեց.
- Լէա, կպարե՞ս ինձ հետ: Հիմա: Փակ աչքերով:
- Դու ինձ հրավիրո՞ւմ ես: Ուրեմն պարենք:
Երեք րոպե դադար` լցված յասամանահոտ պատկերներով, որ խառնվում էին Լէայի օծանելիքի նուրբ բույրին ու համբարձվում երկինքներ:
- Ինչ-որ բան զգացի՞ր, Լէա:
- Յասամանների բույրն ու Ֆրանսիայի մարդաշատ փողոցների հաճելի աղմուկը: Դու նույնպես ապրեցիր այս երեք րոպեները: Գիտեմ:
- Լէա, դու որտեղի՞ց հայտնվեցիր: Նման չես ոչ մի աղջկա, որ երբևէ հանդիպել եմ: Դու անպայման երգ ես դառնալու...
- Դուրս արի սենյակիցդ: Տես, երկինքն ինչ մոտ է հողին: Էլ երբեք չես լինի այստեղ, հիմա ու երկինքը միգուցե էլ երբեք այսպես աստղաշատ չթվա:
- Սենյակիցս դուրս այնքան սերեր ու երկինքներ կան, որոնց հետ ես ոչ մի կապ չունեմ...
- Հավատացնում եմ, այսօրվա երկինքը միայն քոնը կլինի: Կնայես վերև ու կժպտաս` ոչ մի կաթիլ չատելով ձյունն ու մարդկանց:
- Այստեղ կլինես, չէ՞, երբ վերադառնամ:
-Միգուցե:
Տղան հագավ ցեխով օծված կոշիկները, հնամաշ վերարկուն ու առաջին անգամ տանից դուրս գալիս նայեց հայելու մեջ, և օ~, ինչպիսի~ զարմանք, հայելու հակառակ կողմում կանգնածը հմայիչ էր: Դրսում դեռ ձյունն ու աղմուկը չէին ստվերվել, սակայն լսելի էր Լէայի թեյաբույր ձայնն ու այն երգը: Նա կանգ առավ, բարձրացրեց գլուխը դեպի երկինքն ու ժպտաց, ժպտաց հենց այնպես, չէ՞ որ այսօր աստղերը միայն իր համար էին շողում: Նա մոռացավ <<Ատել>> բառն ու ժամանակը: Տուն վերադարձավ. երբ մթի վերջին կտորները ցրվել էին: Էկրանի լույսը դեռ վառվում էր, իսկ Լէան չկար: Տղան որոշեց չքնել, չգնալ դպրոց, սենյակից դուրս չգալ, սպասել Լէային: Երկու ժամ էր թև առել արևածագվելուց հետո, իսկ նա արդեն տրվել էր քնին: Վեր թռավ զարթուցիչի բութ ճչոցից, որ հիշեցնում էր մոխրագույն դպրոցի մասին: Համակարգիչը միացված էր, Լէան ներսում էր:
- Երեկ մինչ արևածագ թափառել եմ ու ապրել կյանքիս ամենաուրիշ օրը, շնորհակալ եմ, Լէա:
- Որքան շատ երազես ու սիրես երկինքը, այնքան շատ կունենաս օրեր, որոնք երգ կդառնան: Երեկ քո առաջին օրն էր, որ վերածվեց երգի:
- Օգնիր ինձ ունենալ երազանքներ: Կարոտում եմ երազելը:
- Քո մոլորակում երազանքները ամենից գունավորն են: Տեսել եմ: Գոնե ինձ, հավատում ես, չէ՞:
- Փրկված եմ, Լէա...
- Ես էլ: Հարցրու, թե ինչու:
- Ինչու՞, Լէա:
- Որովհետև երբևէ չէր եղել մեկը, ով կբռներ յասամանաբույր երգի գույնն ու կերազեր մեղրաթույր երազանքներով:
- Չէ, Լէա: Դու այս տիեզերքից չես... Դու չես կարող գոյություն ունենալ:
- Մոտդ թուղթ ու գրիչ կա՞:
- Հա... Բայց ինչի՞ համար:
- Երազանքների:
- Այսի՞նքն:
- Քեզ համար երազանքների ցուցակ ենք կազմում: Հենց այս պահին վերցրու գրիչն ու գրի առ մտքիդ եկած առաջին երազանքը: Անգամ ամենախելագարն ու անհավանականը:
- Ցանկացա՞ծ:
- Ոչնչի մասին չմտածես: Աչքերդ փակիր ու գրի առ:
- Վերջ, առաջին երազանքս թղթի վրա է:
- Կարող ես չասել ինձ: Պարտադիր չէ:
- Պիտի ասեմ, դու ես օգնելու, որ թղթից իրականություն գա:
- Խոստանում եմ փորձել:
- Երազանքս քեզ տեսնելն է, դե նկատի ունեմ իրականում... Չմերժես, խնդրում եմ:
Լէան ոչինչ չպատասխանեց, սենյակը կրկին լցվեց Բրոդսկու բանաստեղծությամբ ու կապույտ ընկճախտի հոտով, բայց տղան այս տեսակ ավարտ չէր հորինել իր հեքիաթի համար: Նրա ճակատը պատվեց սառը քրտինքով և նրա ձեռքերը կրկին սահեցին ստեղնաշարի վրայով (Ամեն անգամ ստեղնաշարը շոշափելիս նա երևակայում էր, թե ինքը դաշնակահար է ու համերգ է տալիս մի ահռելի դահլիճում. Իրականում նա ոչ մի անգամ չէր մոտեցել ոչ մի դաշնամուրի):
- Լէա՞... Մի' գնա: Կներես:
- Համոզվա՞ծ ես, որ ինձ տեսնել ես ուզում:
- Աշխարհում ոչինչ ավելի շատ չեմ երազել, խնդրում եմ:
- Ոչինչ քո պատկերացրածով չի լինելու, հասկացիր վերջապես:
- Ուրեմն, համաձա՞յն ես:
- Դու ինձ չես ասել` որտեղ ու երբ ենք հանդիպում:
Տղան հասկացավ` սա իր երկրորդ օրն է, որ երգ դարձավ: Նա փայլող աչքերով գրեց մի սրճարանի հասցե, ինչպես այն երգում, և ժամը երեք` երգի տևողության թիվը:
- Ուրեմն վաղը ժամը երեքին սրճարանո՞ւմ:
- Կսպասեմ, Լէա: Շնորհակալ եմ:
Տղայի երակներից վայրկենապես ցնդեց ընկճախտի հոտը: Այնտեղ այժմ միայն երաժշտություն էր թափառում թեթև, մեղրագույն: Նա որոշել էր Լէային յասամաններ նվիրել, բայց դրսում ձմեռն էր շրջում, և որտեղի՞ց նա կարող էր գտնել այս ծաղիկներից: Բայց ինչ գնով էլ լիներ` պիտի յասամաններ նվիրեր Լէային: Մորն առանց բացատրություններ տալու` վազեց դռնից դուրս ու միայն հինգ ժամ անց վերադարձավ, երբ երկինքը խեղդվել էր բոսորաթույր լաբիրինթոսում, ձեռքի մեջ մի քանի սառած յասաման: Նրա ոտքերն ամբողջովին պատվել էին ցավի մառախուղով ու նա միանգամից քնեց, ժպիտը դեմքին: Տեսավ յոթ երազ, յոթն էլ Լէայի մասին: Մեկում նա ոսկեծամ էր, բարձրահասակ, մյուսում սևահեր, ալ շրթներկով, մեկում էլ պեպեններով ու հաստ հոնքերով: Բոլոլ յոթ երազներում էլ նա գեղեցկուհի էր, և այնքան եթերային էր շարժվում: Առավոտյան նա վաղ արթնացավ, որպեսզի սափրվի ու արդուկի իր սիրած վելվետե տաբատը: Այժմ նա գրեթե պատրաստ էր, մնում էր միայն մազերը սանրել: Նա երբեք այսքան երկար չէր պատրաստվել: Կանգնեց հայելու առաջ ու որոշեց այս անգամ դրանք վերև կանգնեցնել, ինչպես կենտրոնական խանութների վրա փակցված պաստառներում էր տեսել: Այնպես չստացվեց, ինչպես ինքն էր պատկերացնում, ու մտաբերեց Լէայի խոսքերը: Նա հագավ հորից մնացած վերարկուն, վիզը փաթաթեց օծանելիքով ու դուրս վազեց տանից: Հիմա նա սրճարանի դիմաց էր, որից այսօրվանից ի վեր Լէայի բույրն էր փչելու: Նայեց ժամացույցին. << Հիմարի պես ուշացա, թուհ>>: Բայց Լէան այնտեղ չէր: Սրճարանը վխտում էր դատարկությամբ: Միայն մի քանի անորոշ դեմքեր էին նստած, որոնք բոլորովին հետաքրքիր չէին տղային: Նրա աչքերում հիասթափության անձրև սկսվեց, թեթևակի կայծակներով: Նստեց ազատ սեղանի մոտ ու սկսեց մտքում հայհոյանքներ տեղալ` զուգահեռ կրծոտելով ցրտից կարմրավուն երանգ կերած եղունգները: Անցավ քսան րոպե ու Լէան այդպես էլ չհայտնվեց: Տղան տեղից բարձրացավ, որ գոռա ամբողջ ուժով, բայց նրա ետևից մի կանացի ձայն խոսեց.
- Ես այստեղ եմ:
Կայծակնային արագությամբ նա պտտվեց, որպեսզի համոզվի, որ Լէան եկել է, երազ չէ: Սեղանի մոտ մի ճերմակահեր ծեր կին էր նստած, ճմրթված մաշկով ու զմրուխտե աչքերով: Խոսեց.
- Ես եմ Լէան: Ոչինչ քո պատկերացրածով չէ, այնպես չէ՞:
Տղան քարացավ` նմանվելով ժամանակակից արվեստի գլուխգործոցի ու դեռ երկար ժամանակ կյանքի չեկավ. << Բայց ախր ինչպե՞ս: Գրողը տանի: Ես կատարյալ հիմար եմ: Երանի կարողանայի փախչել այստեղից ու մոռանալ ամեն բան>>: Լէան կոտրեց լռության պատնեշը.
- Չե՞ս ուզում նստել:
Տղան ստիպված նստեց ու սկսեց երազել աշխարհի վերջի մասին: Նա անգամ մոռացավ, թե ինչի համար էին յասամանները:
- Յասամաններդ անչափ սիրուն են, մանավանդ երբ դրսում ձյունում է:
Տղայի երեսը ամբողջովին խեղդվեց կարմիրով, հատկապես այտերը: Վերջապես մի կերպ բառերն իրար կապեց.
- Սրանք քո համար են... Ավելի ճիշտ` ձեր, կներեք:
- Ինձ հետ դուքով չխոսես, լա՞վ: Ես ուղղակի Լէան եմ:
-Լավ, կներեք: Կներես:
- Ես քեզ սպասում էի, դու այնպիսին ես ինչպիսին քեզ պատկերացնում էի: Սելինջեր կարդացե՞լ ես:
- Այո: << Տարեկանի արտում անդունդի եզրին>>:
- Ես քեզ նմանեցնում եմ այդ գրքի գլխավոր հերսին, ի՞նչ կասես:
-Չգիտեմ: Ես այլևս երազանքներ չունեմ: Ոչ էլ երազել եմ սիրում: Դուք սխալվել եք իմ մեջ:
- Ես վաղուց արդեն այն տարիքում չեմ, որ սխալվեմ: Մենք քո համար երազանքներ կհորինենք: Օրինակ դու չե՞ս երազում տեսնել Փարիզը, լողալ Սև ծովում, կամ լինել Թաջ Մահալում: Ճանապարհորդել ողջ մոլորակով: Կամ դուրս գալ դրա սահմաններից, հասնել Լուսին ու Մարս:
-Այդ ամենն ինձ համար չէ: Ես հոգնել եմ այն ամենից ինչ կապ ունի իրականության հետ: Դուք դժվար, թե ինձ հասկանաք...
- Դու չէիր կարողանա շնչել, եթե ներսումդ գոյություն չունենար գոնե մեկ երազանք: Լավ մտածիր:
- Կներեք, բայց ես այլևս ձեզ չեմ հավատում: Դուք չափից շատ եք տրվել երազներին: Իրականությունը բոլորիովին այնպիսին չէ, ինչպես դուք եք ձեզ համար գծել:
Լէան ծիծաղեց և տղայի մարմին կանաչաերանգ սարսուռ սողոսկեց:
-Երևի դժվար է պատկերացնել, որ իրականությունները մարդկանցից էլ շատ են: Ստեղծիր այնքան իրականություն, որքան երևակայությունդ թույլ կտա, իսկ նրա համար դեռ ոչ ոքի չի հաջողվել սահմաններ հորինել:
Տղան լուռ էր ու նրա համար այս ամենը ցնդաբանություն էր թվում: Նա ուզում էր որքան հնարավոր է շուտ տուն հասնել:
-Սա իմ տան հասցեն է: Երբ հասկանաս` ինչ ես ուզում` կգաս: Ծաղիկների համար շնորհակալ եմ: Նա վերցրեց թախծագույն յասամաններն ու դուրս եկավ սրճարանից: Տղան դեռ երկար անշարժ նստեց նույն տեղում:Հետո խոստացավ ինքն իրեն այլևս սենյակից դուրս չգալ: Հաջորդ առավոտ նա չէր ուզում բացել աչքերը, իսկ իմաստ կա՞ր: Նրա գլխում անվերջ պտտվում էր Լէայի խորշոմներով փակված դեմքն ու նրա աչքերի պես զմրուխտե բառերի շարանները: Երկար թավալ եկավ ձյունոտ սավանում ու...
- Ուզում եմ տեսնել նրան: Նորից:
Նա հագավ երեկվա շորերն ու վազեց դուրս` գտնելու նրա տունը: Տունը բաց դեղնոտ էր ու վրայից սուր հնահոտ էր փչում: Րոպեներ անց նա հավաքեց ինքն իրեն ու համարձակվեց թակել դուռը: Դուռը հարյուր դար ապրած ճռռոցով ծուլորեն բացվեց:
-Սպասում էի, - մեղմ ժպտալով խոսեց Լէան, - Ներս արի: Դրսում սառն է:
Տղան ներս մտավ հնությանը հանձնված տուն, որտեղ անհամար գրքեր և անգույն նկարներ էին լողում: Նրանք մտան մի գունատ սենյակ, որը լուսավորվում էր բուխարու կրակով ու պատի մեծուփոքր ճաքերով: Սենյակի անկյունում ծաղկաման էր դրված, որի մեջ ապրում էին յասամանները: Լէան նստեց բուխարու մոտ դրված չոր բազկաթոռին ու աչքերով ցույց տվեց, որ տղան նստի իր դիմաց:
- Լէա, կներես երեկվա հիմարությանս համար: Ես երազում եմ քեզ հետ անվերջ զրուցել: Դու ոչ միայն ժամանակի մեքենա ես, այլ նաև երազանքներ ստեղծող:
Լէան ժպտաց : Այդ ժպիտից ելակի բույր էր փչում ու լղոզվում սենյակի մռայլ պատերին:
- Ինձ քո հին նկարներից ցույց կտա՞ս, երբ իմ նման դպրոցական էիր: Դե, նկատի ունեմ, դու հո միշտ այսպիսին չե՞ս եղել:
Լէան բարձրացավ տեղից, բացեց աջ անկյունում կանգնած դարակն ու այնտեղից հանեց մի մեծ արկղ, որի վրա ոսկեգույն նախշազարդեր էին փորագրված: Արկղի բերանից նա դուրս հանեց մի նկար ու մեկնեց տղային:
- Այստեղ ես տասնյոթ տարեկան եմ ու դեռ այնքան հեռու` ժամանակի մեքենա դառնալուց:
Տղան մանրակրկիտ զննեց նկարն ու չհավատաց, որ ժամանակը կարող է այդ չափ անճանաչելիորեն խզբզել մարդկանց դեմքերը: Նկարում նա սևահեր էր, երկար հյուսքերով, բարձրահասակ, այն ժամանակվա համար մոդայիկ հագուկապով, մոմի պես հարթ մաշկով: Ժամանակը միայն աչքերի երանգն էր թողել ու փայլը, որ բուխարու կրակի պես վառ էր:
- Ամենևին չեք փոխվել... չես փոխվել, - սովորության համաձայն ստեց տղան:
- Դե, վերջացրու: Գոնե ինձ մոտ մի փորձիր սիրալիր ձևանալ:
Լէան արկղը դրեց մի կողմ, քայլեց դեպի գրամաֆոնն ու միացրեց այն: Տունը լցվեց հին ֆրանսիայի օդով ու յասամանների տաք շնչով: Նա վերադարձավ իր տեղը, հենվեց բազմոցին ու աչքերը փակեց: Տղան հետևեց նրա օրինակին: Եվ որքա~ն արբեցնող ու հաճելի էր տրվել հենց այս երաժշտությանն ու կուլ տալ հենց այս բառերի շարանը: Երեք րոպեն չբոլորած նրանք հասցրին վերանալ ու հորինել մի ինն իրականություն, որոնցում թռչել էր հնարավոր: Երաժշտության վերջին նոտայի հետ Լէան բացեց աչքերը ու արկղի միջից հանեց մի մեծ, թափանցիկ գունդ, որ մեջ ոչինչ չկար:
- Ի՞նչ ես տեսնում այս գունդի մեջ:
Տղան ուշադիր նայեց, բայց այնտեղ այդպես էլ ոչինչ չհայտնվեց:
-Դատարկություն:
- Հենց այս պահին, ի՞նչ կուզենաս անել:
-Ըմմ... Օրինակ հայտնվել Բրոդսկու սենյակում ու լսել, թե ինչպես է նա իմ սիրած բանաստեղծությունն արտասանում:
-Հիմա ուշադիր նայիր գնդի կենտրոնին: Ահա, Բրոդսկու սենյակը: Նրա մահճակալը, սեղանը, ծխախոտի մնացուկները... Պատուհանի մոտ էլ հենց ինքն է նստած ու քթի տակ ինչ-որ բան է մտմտում: Դու էլ սենյակի մյուս ծայրում ես: Գունդն այլևս դատարկ չէ, այդպես չէ՞:
Տղայի աչքերը փայլում էին: Նա տեսնում էր սենյակն էլ, անգամ զգում Բրոդսկու ծխախոտի հոտը, թեև գիտակցելով, որ այս ամենը իրենց վառ երևակայության ծաղիկներից է հյուսված: Հետո ցախավելով թռան Վան Գոգի մոտ` զգալով նրա կապույտի իրական համը: Հայտնվեցին Կոլումբոսի նավում, երբ նա առաջին անգամ կարմրամորթ հնդկացիներին խաչվեց և անգամ տեսան, թե ինչպես է Ժաննան ազատագրում Օռլեանը: Երբ սթափվեցին մութն ամբողջովին խժռել էր քաղաքը, իսկ ցուրտը դեռ ազատ շրջում էր ամայի փողոցներով: Լէան թուղթ ու գրիչ վերցրեց, սկսեց ինչ-որ բան գրի առնել:
-Լէա, այդ ի՞նչ ես գրում:
-Նամակ:
- Ո՞ւմ համար:
- Քեզ համար է: Բայց հիմա չեմ տա: Դեռ ժամանակը չէ:
-Իսկ ե՞րբ է գալու ժամանակը:
-Միգուցե վաղը: Ես քեզ կուղարկեմ այս արկղը, որտեղ կլինի իմ նկարը, մեր գաղտնի գունդն ու այս նամակը: Երբ սա հասնի քեզ, դու ինձ այլևս չես գտնի այս իրականության արանքում: Ես կհայտնվեմ այս գնդի մեջ, ինչպես Բրոդսկին, Վան Գոգն ու մյուսները: Հասկանում ես, չէ՞:
- Նկատի ունես մահանա՞լ:
- Էլ չասես այդ բառը, ատում եմ: Ես դրան չեմ հավատում: Ուղղակի տեղափոխվելու եմ գնդից այն կողմ գտնվող իրականություն: Ամեն անգամ, երբ դու լսես մեր հին ֆրանսիական երգն ու նայես երկնքին` կհիշես, որ ունես Լէա, ով նույնպես հիմա վայելում է քեզ հետ այն երգն ու նայում է երկնքին: Խոստացիր, որ չես մոռանա երազել:
- Երբեք, Լէա:
-Ժամն արդեն ուշ է, գնա տուն, շնորհակալ եմ, որ եկար:
Տղան հագավ իր վերարկուն ու շնորհակալություն հայտնվելով դուրս եկավ: Վերջին անգամ ծովահոտ հայացք գցեց տան վրա` հասկանալով, որ առաջին ու վերջին անգամ է ծամում նրա պատերի գույնը: Նա ամուր քնեց ողջ գիշեր` սավառնելով Լէայի հետ մեկ իրականությունից մյուսը: Առավոտ նա աչքերը բաց արեց դռան միալար թակոցից ու գուշակեց, թե ինչ է սպասվում դռան մյուս կողմում: Չէր սխալվել: Նրա ձեռքի մեջ այժմ այն արկղն էր, որի մեջ թաքնված էր Բրոդսկին, Վինսենտը, Կոլումբոսը, Դ'Արկն ու յասամաններով Լէան: Նա չբացեց արկղը: Ողջ օրը նստեց պատուհանի մոտ ու նայեց երկնքին հենց այնպես: Երբ արդեն մայրամտվում էր, նա վերջապես որոշեց լքել սենյակը: Այսօր արևն ավելի քան բոսոր էր: Այն կանգնել էր տղայի դիմաց բացվող կապույտ հորիզոնում: Նա սկսեց բարձր սուլել իրենց յասամանաբույր երգն ու դանդաղ քայլել դեպի արևը:
Annie-Mena
Shat lavn a.
ОтветитьУдалить^~^
Удалить💜💜💜
ОтветитьУдалить