пятница, 31 марта 2017 г.

Երկիր մոլորակը` մոլորված հոգիների հանդիպման վայրը



Այսօր ես խմեցի կյանքիս ամենամիայնակ թեյը: Էլ չեմ ուզում կապույտ զգալ: Ինձ ուրիշ մոլորակ տալ, կամ գոնե զուգահեռ աշխարհներից մեկը: Խոստանում եմ, ոչ ոք չի իմանա այդ մասին: Կարծում էի, որ եթե ոչ դու, ապա այլմոլորակայինները մի ուրբաթ երեկո անցնելիս կլինեն տանիքիս վրայով, ես այնտեղ կլինեմ, ու կառաջարկեն հետները թռչել: Բայց գիտե՞ս, հիմա կանգնած եմ հայելու առաջ ու նոր եմ գլխի ընկնում, որ նրանց ես պետք չեմ` դեմքս անճոռնի է օդ բարձրանալու համար: Ուրեմն այլմոլորակայիններին էլ ենք բացառում, մնացիր դու, կգաս, չէ՞: Դու բոլորից լավ գիտես, որ ես ունակ չեմ ապրել մարդկանց մեջ, դուրս թողել բառեր, կամ լինել այն` ինչ եմ: Ես երբեք ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու: Հասկանում ես, չէ՞: Հա, երբեմն օրագիրս ներկում եմ, բայց ախր նա... այն խեղդված է դատարկությամբ ու միջանցիկ քամիներով: Գիտե՞ս, ես ու դու պիտի ծնված լինեինք վերածննդի դարաշրջանում, կամ երբ ռոք'էն'ռոլը հորինվելու ճանապարհին էր: Ամեն դեպքում մենք 21-րդ դարի ապրանք չենք: Ես միշտ քո ու իմ ստվերները իրար կողքի եմ տեսնում: Իսկ երբ նստած եմ պատուհանագոգին, նայում եմ պատուհանից դուրս, կուրանում մարդկային շարժից, ապակե աղմուկներից, նույն վայրկյանին էլ երազում եմ ատրճանակի ու քո մասին: Երևի չափից ավել սարսափելի է իմ կողքին հայտնվելը, բայց չէ՞ որ չկա ավելի ուժեղ ոչինչ, քան սիրվել մեկի կողմից, ով ատում է բոլորին: Չեմ ժխտի երազող լինելս, միայն թե ես այն տխուրներից եմ, իսկ տխուր երազողներն ո՞ւմ են պետք: Ու կգա էլի այգաբացը, մենք կրկին չենք հանդիպի, ես ամուր կգրկեմ օդը կամ ամենայն հավանականությամբ կալարեմ ու կորոշեմ քնել: Եթե երեկոյան չհանդիպենք, ապա ուրբաթ երազում ժամն առավոտ 5.13-ի կողմերը ոնց էլ չլինի կխաչվենք: Ու չէ, չասես թե շատ եմ մելանխոլիայի մեջ թաղված: Ես ամենևին էլ մելանխոլիկ չեմ, բայց մելանխոլիա բառը ծամելիս` դրա համն առաջինն ինձ է հիշեցնում: Չփորձվես մոռանալ, որ այս ամենից զատ ես տիեզերագնաց եմ: Դե, հա հիմա ես երեկոները բարում մատուցող եմ աշխատում, բայց իրականում տիեզերագնաց եմ, դու ինձ հասատատ հավատում ես, չէ՞: Տիեզերքը իմ ու քո փրկությունն է: Այնտեղ` տիեզերքում ոչ մի գույն բաժանումներ ու հրաժեշտներ չկան, կարող ես մի պահ պատկերացնե՞լ: Երևի նրանից է, որ այնտեղ զգացմնունքներ գոյություն չունեն: Ժամը գիշերվա 12-ն է. ու ես սպասում եմ ժամը 2-ին: Այսօր ուրբաթ է, իսկ ամենաիսկական պոետները կարդում են ամեն ուրբաթ գիշերը 2-ին: Դրանցից ոգեշնչված մի երկու գրառում կանեմ: Իսկ երբ վերջապես սովորեմ թռչել ու որոշեմ գնալ տիեզերքներով թափառելու, ինչ-որ մարդիկ կհայտնաբերեն օրագիրս ու այն կվերնագրեն մոտավորապես այսպես << Մարդկության թախիծի պատմությունը>>: Ինչպես տեսնում ես, ես վերջնականապես խելագարվել եմ, բայց խոստացիր, որ այս ամենի վերջում, դե նկատի ունեմ ամենա-ամենավերջում ինձ մի ափսե մորի կբերես, ես դեռ դրանք պաշտում եմ: Ու թքած, որ այդ ժամանակ գիտակցությունիցս դուրս կլինեմ ու չեմ ապրի բերածդ մորու գույնը, բայց... հարց. Արդյոք գիտակցությունն արժի՞ այնքան, որպեսզի գանք այնտեղ ու մի երեք հավերժություն մնանք նրա ներսում: Մեկ-մեկ այսպես գրում եմ, բայց ես գրող չեմ: Առհասարակ գրողներն ու սերիական մարդասպաններն այնքան էլ չեն տարբերվում իրարից: Այսօր ուրբաթ է, նշանակում է`ամեն բան պիտի կասկածի տակ դնենք: Մի բան կա, որը հաստատ է: Այնտեղ մի տեղ ապրում է մոլորակ, որ սպասում է մեզ: Շատ ավելի կարմիր մոլորակ, որտեղ հենց խելքիդ փչի նայել երկինք` աստղ կընկնի: Ուզում եմ ասել, որ քեզ այնտեղ եմ սպասելու: Գաղտնիք բացե՞մ: Նիկոտինից թոռոմած թոքերս ծաղիկներով ես փաթաթել, որ առանց ջրելու ծաղկում են, բայց չէ՞ որ դրանք այնքան իրական են, որ դժվարացնում են շնչելս: Դառնում է գրեթե անհնար լինել հոգի` ծաղկածանր թոքերով, գիտես ինչու՞: Ոչ ոք ինձ ցավեցնել չի կարող, բայց համբուրել նույնպես: Հա, ես հաճախ եմ լքում մարմինս, բայց այդ նույն ծաղիկներն ինձ ներքև են իջեցնում, բերում դնում հողին շատ հավասար: Լրանում է երրորդ օրը, որ չեմ խոսել ոչ ոքի հետ, ու ինձ սա անգամ դուր է գալիս: Միշտ չէ, որ բառերը կարողանում են խոսել: Այս օրերի արանքներում անվերջ մտածում էի, թե ինչ կլինի, եթե այդպես էլ չհանդիպենք: Զգում եմ, որ մենք մետրոյում շարժասանդուղքի վրա ենք հանդիպելու: Դու կբարձրանաս, իսկ ես իջնելիս կլինեմ: Մենք կունենանք ուղիղ երեք վայրկյան ճանաչելու իրար, ու կշոշափենք միմյանց մատները: Հետո ես կշարունակեմ իջնել, իսկ դու կբարձրանաս, առանց ետ շրջվելու: Իմիջայլոց, ձեռքդ ինչու՞ էր այդ չափ սառը: Մեր մետրոյահամ հանդիպումից հետո ես վերջապես կգիտակցեմ, որ մենք սիրել ենք իրար նախքան այս մարմիններում վերածնվելը: Չէ՞, որ մարդիկ թռչուններից են առաջացել: Քեզ մոտ աղիների փոխարեն կարմիր թռչուն է շնչում ու նա աշխարհում ամենից շատ հավատում է, որ երկիր մոլորակն այն վայրն է, որտեղ հանդիպում են տարբեր աշխարհներից մոլորված հոգիները, ինչպես ես ու դու: Մետրոյի մեր հանդիպումից հետո, ոտքերս ինձ ավելի հաճախ կտանեն այնտեղ, որպեսզի կլանեմ օծանելիքիդ բույրի մնացուկները, որ դեռ չեն ձուլվել սրածայր օդին: Ես դեռ երկար ժամանակ կմնամ այնտեղ կանգնած ու կզարմանամ տեսնելով անցորդների, ովքեր ուրախ են, բայց քեզ չեն ճանաչել իրենց ոչ մի կյանքում: Ես նրանց ձախ ձեռքս կթափահարեմ` մխիթարելով, որ կորցրել են քեզ մի ուրբաթ, այս աղմուկի ու բոլոր զուգահեռ իրականությունների մետրոների կայարաններում: Հասկանո՞ւմ ես հարևաններս հավեսով խռմփացնում են, գերեզմանատներում պահակները Բախ են լսում, մոլորված ու կործանված մարդիկ շատ են ծխում ու պատերազմում, իսկ ես... Ես այսօր խմեցի կյանքիս ամենամիայնակ թեյը:

by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий