воскресенье, 11 июня 2017 г.

Դիմեդրոլական

Դիմեդրոլ 1
Հեռախոսը լողում է մատներիս արանքում, ու ես զանգում եմ՝ չնայած համոզված լինելով, որ հեռախոսը քո ձայնով չի խոսելու, ոչ էլ ձայնովդ լռելու է: Բութ ծնգծնգոցից մաշված թեյնիկում ջուրն իրեն պատեպատ է տալիս: Ես հանգած հայացքովս շոյում եմ նրան: Թեյը միայն կանաչից է մնացել: Թարսի պես ճիշտ և ճիշտ աչքերիդ երանգի: Եթե խմեմ՝ թռչնիս կխեղդես, առանց այն էլ շատ ես: Բլուզս հանում եմ ու կանգնում հայելու առաջ: Ծամածռում եմ դեմքս ու միացնում ռադիոն: Դու գրողի ծոցում ես, ռադիոն ջազ է երգում, իսկ մարդիկ դեռ նավթի համար են պատերազմում: Աշխարհում ոչինչ չի փոխվում: Գարեջրի կիսադատարկ շիշը կոտրում եմ ու պառկում ապակու փշրանքների ու գարեջրի գույնի վրա: Ես կործանված սերունդից եմ, ինձ ամեն բան կարելի է: Պիտի պառկեմ հատակին, որ ինձ հեռու պահեմ երազներ տեսնելուց: Վերցնում եմ ալ շրթներկս ու ծածկում շուրթերս դրանով: Համբուրում եմ հայելու մյուս կողմում կանգնածին: Սառն է: Հոգնում եմ ու անցնում հատակին: Ուրբաթ օրերին հատակի հոտը ելակային է, ես կարմիր շրթներկով գծում եմ հատակի դեմքին քեզ գտնելու քարտեզն ու ձեռքս տանում եմ գրպանս: Էժան ծխախոտի տուփ, փոքր ածելի, հաբեր ու նամակ, որ քեզ չի հասնելու: Ես վերցնում եմ գունատ հաբերը ու չեմ ցանկանում խմել: Բայց պիտի... Վազում եմ դեպի պատուհանը՝ երկինքը հարբած է կապույտով: Հաբերը պարզում եմ դեպի երկինքն ու դրանցով փակում արևի այն հաստ շողը, որ սողոսկում էր մինչև ստամոքս: Մեկ րոպեն լրիվ հերիք է, որպեսզի դրանք կապույտի ու արևի համը ստանան: Փակում եմ աչքերս ու առանց արցունք կաթեցնելու խմում երկրորդը: Դիմեդրոլ 2 Ծխախոտի ծուխը ոսկեգույն է ճիշտ թևերիդ պես, որ ոտքերիդ կողքից դուրս են պրծել։ Եթե զանգեիր ես կվազեի դրանք խնամելու այս անգամ ավելի նուրբ։ խոստանում եմ։ Սպիտակ սավանն այս պահին չափից ավել ծիրանային է։ Ես առանց մտածելու գցում եմ այն գլխիս ու սկսում պարել։ թվում է ես թարմ լվացք եմ, ու շուտով ինձ կկախեն, իսկ ես թռչել կսովորեմ։ Ոտքերս լղոզվում են քամոտ հատակին, ու ես դառնում եմ մեկ ամբողջություն տիեզերքի հետ։ Ասես այսքան ժամանակ ոտքերս են եղել տիեզերքը, իսկ ես չեմ էլ նկատել։ Հանկարծ սավանը սկսում է ծանրանալ, ու ես ընկնում եմ հատակին զգալով, որ արևածաղիկների դաշտում եմ, իսկ գլխիս վերևում պտույտ եկող մեղուն դու ես։ Ես վերջապես երջանիկ եմ, մեզ ոչինչ չի բաժանի։ Քո տզզոցը սկսում է նմանվել ինքնաթիռի հիստերիկ ճիչի, և ես հիշում եմ, որ մեռնելու աստիճան սարսափում եմ ինքնաթիռներից։ Ականջներս փակում եմ ու գոռում` կարծելով թե երգում եմ։ Ես շոշափում եմ արևի մայր մտնելը ու փշաքաղը պարում է աղիներումս։ Սթափվում եմ հեռախոսի թպրտոցից ու վազում դեպի նա։ դողալով նայում եմ էկրանին։ Դու չես։ Դեմքս ակնթարթորեն մեռնում է։ Արևահամ հաբերը կուլ եմ տալիս։ Դիմեդրոլ 3 Այսօր կարմիր քրմապետը արևի աստծուն զոհաբերություն է մատուցելու։ Արևի Աստծուն չի կարելի կենդանի զոհաբերել։ Նրան մարդկային ոգի է հարկավոր։ Այսօր լրանում է մեկ տարին ինչ բանտարկության մեջ ես, և ես սարսափելի վախենում եմ, որ այսօր քեզ պիտի զոհաբերեն։ Ես խոստացել էի, որ կշարունակեմ ապրել անգամ զոհաբերվելուցդ հետո, որպեսզի ապրեցնեմ քեզ` հիշելով մեր ապրած օրերը։ Բայց չեմ կարող։ Ես որոշել եմ հետդ զոհաբերվել, ինձ ոչինչ հարկավոր չէ այլևս։ ջուր բերելու ժամն է։ վերցնում եմ ամենից մեծ կուժն ու քայլում դեպի լիճը։ գիտե՞ս բանտարկությանդ առաջին օրից էլ գալիս էի այս նույն լճի մոտ ու լաց լինում` երգելով ջրին իմ ողբերգությունը։ Բայց այսօր չեմ լացի։ հանում եմ զգեստս ու մերկ մարմինս հևում է լճի սառնությունից։ Ասես լողում եմ իմ մեկ տարվա արցունքների մեջ։ Ու սա անգամ հաճելի է։ Վերադառնում եմ ամայի ափ, ու հողի գույնը սկսում է տեղ֊տեղ մգանալ` մարմնիս վրայից սողացող կաթիլների պատճառով։ Զգեստիցս քիչ այն կողմ մի դեղին կալիբրի փետուր էր թողել, և ես շտապում եմ այն ամրացնել հյուսքերիս արանքում։ Այնուհետև թաքցնում եմ մարմինս զգեստի մեջ ու հանում խոտաբույսերից քամած կարմիր ներկը։ Նայում եմ ինձ ջրի մակերեսի հակառակ կողմից ու ծամածռում դեմքս։ Այնուհետև սովորության համաձայն այտիս վրա կարմիր ներկով գծում մեր տոհմի նշանը։ Հոգիս այնքան խաղաղ է այսօր։ Ես պատրաստ եմ։ Մոռանում եմ հագնել մոկասիններս ու ինձ գցում եմ դեպի գլխավոր բուրգը։ Դու չես փոխվել ամենևին։ Միայն մազերդ են երկարել ու մեջքդ մի տեսակ կորացել է։ Դու ինձ առաջին վայրկյանից էլ նկատեցիր ամբոխի բերանում, ու աչքերիդ մեջ հիացմունքը դեռ նոր ծլած` արդեն ձուլվում էր վախի ու տագնապի մշուշին։ ասես հրաբուխ դառնայիր։ Քեզ կապել էին ու բարձրացնում էին դեպի բուրգի գագաթը, բայց դու հայացքդ ոչ մի վայրկյան չէիր թեքում իմ կողմից։ ահա հայտարարում են կյանքդ արևին զոհաբերելու մասին։ Այժմ մեզ բաժանում է մի քանի աստիճան ու վախ, իսկ մի քանի վայրկյանից մեզ կբաժանի ընդամենը մեկ հարված ուղիղ սրտի մեջ։ Սիրտս թվում է ուրոր է կպայթի և ես ճեղքում եմ ամբոխի քամին ու մենք իրար դիմաց ենք ինչպես 10 տարի առաջ այս օրը։ Աշխարհում ոչինչ չի փոխվում։ Ես կզոհաբերվեմ աստծուն, որպեսզի էլի գտնեմ ճամփան դեպի քեզ։ Ինձ կապում են քո կողքին ու ամբոխը թնդում է։ Վեր եմ թռնում ռադիոյի բութ ձայնից, որ ինչ֊որ հիմար գովազդ է հայտարարում։ ձեռքս գցում եմ ծխախոտի տուփին` ամբողջովին մերկ ու դատարկ է։ նախկին գարեջրի հոտը ծեփվել է առաստաղին ու ճոճորվում է։թաց գլխապտույտը քամում է տոքսիկ աղտեղոտ թոքերս, ու ես անկառավարելի ցանկություն ունեմ փսխելու։ ինձ ստիպում եմ մի կերպ բարձրանալ ու ձեռքս եմ առնում հաբերը։ Ամեն հաբի հետ ավելի ու ավելի եմ մոտենում քեզ։ Այժմ մեզ բաժանում է ընդամենը մեկ հաբ, մեկ հաբ, որ գտնեմ ճամփան դեպի քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий