Ու մենք հավերժ կապրենք ֆեյսբուքում,
Ուր մշտական գարուն է, անգամ ցուրտ դեկտեմբերին:
Մենք այստեղ ընդմիշտ լինելու ենք
Մեռած ու ամենուրեք,
Ահա ևս մեկ աստղ ծնվեց ֆեյսբուքում:
Ես ու դու կկանգնենք ամենաբարձր տանիքում
Սովորականից ավելի հպարտ, միայնակ,
Ուժեղ կփայլենք մենք բարձունքում,
Որպես վերջին հերոսներ ֆեյսբուքի
Ու անվերջ կնայենք ներքև գրողի ծոցը գնացած աշխարհին:
- Լենոր, լռիր: Գիտեմ, որ պակաս չեմ կռկռում, բայց երկու կռկռոցը իրար հետ չափից ավել է:
Նա գլուխը կախեց, ու ես վախեցա, թե չուզելով նրան հենց նոր վիրավորեցի: Մոտեցա ու կզակի սև փետուրները շոյեցի: Հանդարտվեց:
- Լենոր, կծխե՞ս:
Մահճակալիս խորքից հանեցի էժան ծխախոտիս տուփը, որ մորիցս էի թաքցնում ու վերցրի վերջին երկուսը: Վառեցի, շտապով դրեցի սև շուրթերիս արանքը, իսկ մյուսը մոտեցրի Լենորի կտուցին: Ամուր բռնեց:
- Լենոր, վերջապես սովորեցիր ծխախոտ բռնել, մնում է ծխես: Ի՞նչ լսենք, - Նրա վրա նիկոտին փչելով հարցրի:
Գլուխը կտրուկ թեքեց միգուցե ծխից, բայց ես հավատացի, որ հարցս է հասկացել:
- Ճիշտ ես, այսօր շատ կռկռացինք: Լենոր, ասա, սիրո՞ւմ ես ինձ:
Նա կռաց՝ ապացուցելու համար իր ողջ սերը, իսկ ես պառկեցի հատակին ու սկսեցի մտածել այն մեկի մասին, ով չի եղել ոչ մի գրքում, չի հագել սև վերնաշապիկ, չի երազել մինչև ուշ գիշեր փաբում, չի ծխել կարմիր Մալբորո տանիքում և անգամ չի լսել Մենսոն...
-Լենոր, նա պիտի իմ ամենամռայլ բանաստեղծությունը դառնա: Ինչ-որ գրել եմ մինչև այսօր՝ հիմարություն է, ինչպես դպրոցիս սիստեմը, հասկանո՞ւմ ես: Իսկ այսօր ո՞վ գիտի, միգուցե աշխարհի վերջը որոշի վերջապես գալ, ու ես չհասցնեմ նրան ստիխ դարձնել: Լենո՜ր...
Վերցրի օրագիրս, որ թաթախել էի սև ներկի մեջ ու դեռ չէր հասցրել ամբողջովին չորանալ, և նստեցի հայելու դիմաց:
- Ես աշխարհի այն միակ խրտվիլակն եմ, որից ագռավը չի փախչում: Բայց սա պոեմ չի դառնա:
Ես սարսափելի ամաչում էի Լենորի մոտ խոսել արտաքնիս մասին: Չէ՞, որ նա ինձ չի տեսնում այնպիսին, ինչպիսին տեսնում են մյուսները, կամ ես ինքս: Նրա համար երևի ես գեղեցկուհի եմ իր ճանաչած բոլոր ագռավուհիների կողքին: Վեր թռա նույն պահին, երբ ինձ բռնացրի դատարկաբանելիս: Իսկ որտե՞ղ եմ թաքցրել ածելիս: Եթե հին կեդերիս մեջ չէ, ուրեմն պիտի բջջայինիս փականի տակ լինի: Չկա:
- Լենոր, դու էլ չե՞ս հիշում ուր եմ պահել ածելիս:
Նա երկու անգամ կռաց: Նրան նայեցի հայելու միջով ու զգացի հայացքը ուղիղ վզիս:
-Ա՜հ, գրողը տանի: Արդեն քանի օր է վզիցս կախած ման եմ գալիս: Լենո՜ր, շնորհակալ եմ:
Հայելու առաջ ծնկներիս վրա նստեցի, բացեցի օրագրումս նոր էջ, և ածելին մոտեցրի ձեռքիս: Աչքերս որքան հնարավոր է ամուր սեղմեցի ու փոքր քերծվածք արեցի ճիշտ դաստակիս ներքևում:
- Լենոր, չկռա՛ս:
Արյան կաթիլները դանդաղ, մտածելով իրենց գցեցին մաքուր թղթին, ու սկսեցի արյունովս արագ գրի առնել ստիխը, քանի դեռ այն չէր հասցրել չորանալ:
- Չէ, այնքան չստացված է, որ անգամ քո մոտ չեմ ընթերցի: Մեզ ի՞նչ է մնում անել: Իհարկե, ինչպես միշտ:
Բացեցի գանձերիս տուփը, որտեղ տարբեր չափերի ու ձևերի քորոցներ էի պահում, ու այնտեղից լուցկի վերցրի: Նրա մասին բոլոր բառերը հպարտ վառվեցին ընդամենը երեք վայրկյանում՝ վերջում ձուլվելով պատից կախված ծխի հոտին:
- Լենոր, անցած կյանքում հաստատ վհուկ եմ եղել, ու ինձ խարույկ բարձրացնողը նա էր: Մենք սիրել ենք իրար մինչև այս մարմիններում վերածնվելը: Հիմա նա կողքիս չի, երևի նրանից, որ համարձակվեցի վերածնվել սխալ դարաշրջանում ու դառնալ սերնդի ամենից մեծ սխալմունքը: Ես էլ, դու էլ կործանված սերնդից ենք: Սիրելը մեր համար չէ: Քո ստամոքսում էլ են ցեցեր, գիտեմ, իսկ երակներում պիտի ամֆետամին հոսեր, բայց թանկ է: Ու առհասարակ անիմաստ է գրելս: Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը որոշել է պատժել մեզ, որ ոչ մի արվեստի գործ չծնենք: Գրողը տանի: Ծխեցրեց: Թարսի պես ոչ մի կաթիլ ծխախոտի դառնահամ: Համարձակվեց վերջանալ: Գնամ տանի՞ք, թե՞... թե՛:
- Մա՜մ, մա՜, ո՞ւր ես:
Նրան գտա խոհանոցում սոխ կտրատելիս:
- Մամ, դուրս գամ մաքուր օդի: Մի քիչ կքայլեմ ու շուտ կվերադառնամ: Հա՞:
Սոխից նրա աչքերը արցունքոտվել էին: Մի կերպ ստիպեց իրեն բացել աչքերը ու արագ հայացք գցեց վրաս: Շարունակեց փակ աչքերով սոխ կտրատել ու քամու համի ձայնով խոսեց.
- Այդ ի՞նչ է, այդպե՞ս ես պատրաստվում տանից դուրս գալ:
Այս հարցից ամեն անգամ ինձ գնդակահարության պատի տակ եմ զգում:
- Դե, մամ, ոնց ամեն օր: Ի՞նչ կա որ:
- Գոնե սև շրթներկը մաքրիր ու վզիդ ածելին հանիր վերջապես: Ի՞նչ կմտածեն հարևանները: Համ էլ չի սազում:
Ատում եմ, ատում բառերի այս շարանը: Սկսեցի վառվել ցանկությունից տասը ածելի կախելու ու ավելի մուգ շպարվելու: Ուզում եմ բոլոր այդ գրողի տարած հարևանները ինչ-որ հրաշքով սև փուչիկների վերածվեն ու նրանց թռցնեմ երկինք Լենորի ընկերների ոտքերից կախած:
- Մամ, հազար եմ ասել թքած ունեմ, թքած, թքած: Վե՞րջ: Հիմա ազա՞տ եմ: Գնացի:
- Միայն շրթներկն ու ածելին հանելուց հետո:
- Հոգնե՜լ եմ:
Խոհանոցի դուռը ուժեղ հարվածով փակեցի ու վազեցի սենյակ: Ստիպված եղա անել նրա ասածով քանի, որ մորս լավ եմ ճանաչում, իսկ դուրս գալ շատ էի ուզում:
- Լենոր, ե՞րբ են վերջապես նրանք ինձ ընդունելու այնպիսին ինչպիսին կամ: Իմ ներսում ագռավ է ապրում, ու ես փորձում եմ նրան ազատություն տալ, իսկ նրանք քաշում են նրա փետուրները, ու արյունը շիթերով սողում է վար, իսկ բանաստեղծություն ոչ մի կերպ չի ծնվում:
Լենորը տարօրինակ լռում էր: Նա ասես համաձայն չէր հետս:
- Լենոր, դու ի՞նչ է, նրա՞ն ես պաշտպանում: Անունդ փոխել է պետք: Դու ամենևին էլ կապ չունես Պոյի հետ: Ու գլուխդ էլ այդպես չկախես...
Մաքրեցի ու դուրս եկա տանից: Նստեցի վերելակ ու հայելու մեջ հասցրի ծածկել շուրթերս սևով, իսկ ածելին շալակել վզիս: Ականջակալներով կողպեցի ականջներս ու Սոպոր Էտերնո՜ւս: Սովոր եմ հագնել բոլորի մեռած հայելիների հայացքները, ծածկել դրանցով կոշիկներս, այնուհետև ուսերս, վիզս և անգամ եղունգներս: Նրանցից փախչելու տեղ չի հորինվել: Նրանք ինձ կամ կսպանեն կամ խելագարության կհասցնեն, և անգամ ականջակալները ինձ չեն փրկի: Նրանք շատ ժամանակ, անգամ խաչակնքվում են ինձ տեսնելիս: Ծիծաղելի է, չէ՞: Իրականում այնքան էլ չէ: Ասես վեց ֆուտ հողի տակ թաղված լինեմ չափերիցս ավելի նեղ արկղում, ու այս հայացքները մոխրագույն որդեր լինեն, որ ագահ խժռում են դեռ հոգեվարքի մեջ ընկած մարմինս: Հասա իմ ամենից սիրած վայրը: Քաղաքի հարավում փռված հին գերեզմանոցը, որտեղի մեռած օդը թոքերս քաշելիս՝ խաղաղվում եմ: Գերեզմանատան պահակը այսօր նոր վերնաշապիկ էր հագել ու դա այն միակ բանն էր ողջ շաբաթվա մեջ, որ ինձ ժպտացրեց:
- Բարև ձեզ, այդ նոր վերնաշապիկը ձեզ շատ է սազում:
- Ողջույն, ողջույն: Այս ո՞ւր էիր կորել, երեք օր է չես երևացել:
- Գրողի տարած դասեր: Ծխախոտ կճարվի՞:
Նա ասելուցս առաջ արդեն ձեռքը գրպանն էր տարել, որ ինձ համար ծխախոտ հանի: Դա նրա համար մեխանիկական գործողություն էր դարձել: Ինչպես միշտ Քեմլ: Դրեցի շուրթերիս, ու նա վառեց ծխախոտս:
- Այսօր քիչ մարդ կա ներսում, բախտդ բերեց, աղջիկ: Կարող ես երաժշտությունդ որքան հնարավոր է բարձր դնել, որ մինչև ինձ հասնի: Երեք օր է ոչինչ չեմ լսել:
- Ո՜ւխ. էլի Բա՞խ...
- Անպայման:
- Դե գնացի: Իսկ ՙՙԻմականներից՚՚ մարդ երևացե՞լ է այսօր:
-Չէ, Այսօր չէ:
-Հմ, լավ:
Ո՞ւմ կարելի է այսօր զգալ: Աղջի՞կ, թե՞ տղա: Տղա թող լինի այս անգամ: Իմ տարիքի կամ մի քիչ մեծ ու ցանկալի է հմայիչ: Ո՞ւր է, չկա: Դժվարանում եմ գտնել, իսկ մութը վրա է տալիս: Հայտնվի՛ր: Գիտեմ՝ կաս, գրողը տանի: Փակեցի աչքերս ու սկսեցի այդպես փնտրել: Ոտքս կպավ քարի ու վայր ընկա: Ծունկս վնասվեց: Թուհ, գրողի տարած: Միևնույն է պիտի գտնեմ նրան, ինձ ոչինչ չի կանգնեցնի: Մտքումս սկսեցի հաշվել ու ու զուգահեռ փնտրել: Լրանում է տասնյոթերորդ րոպեն և ոչինչ:
-Աաաա՜, գտա քեզ: Ճիշտ և ճիշտ իմ տարիքի ես ու քարիդ վրայի նկարից երևում է, որ բավականին հմայիչ ես: Դե հա, սանրվածքդ ահագին հնաոճ է, բայց դա հիմարություն է: Դու անգամ ինձ սիրածս ֆիլմի դերասանին ես հիշեցնում, գիտե՞ս: Հիմա հետևիր, թե ինչ կանեմ:
Հողի այն հատվածը, որի տակ նա պառկած էր՝ ամբողջովին կուլ էր գնացել մոլախոտերին: Բաց ձեռքերովս սկսեցի ագահորեն խորքից պոկրտել դրանք՝ պատկերացնելով, որ մոլախոտերը ավտոբուսի մարդիկ են, որոնց մեջ ասես դևեր են լցվում ինձ տեսնելիս: Մատներս վնասեցի, բայց կարևորը հիմա նրան չեն հետևի մոլախոտե հայացքներ: Պայուսակիցս հանեցի սիրածս կարմիր մոմերը, որ պահել էի հատուկ առիթի համար և շրջանաձև դասավորեցի՝ խրելով դրանք հողի ծերացած մարմնի մեջ: Արագ վառեցի ու ծալապատիկ նստեցի գրեթե իդեալական շրջանի մեջտեղում: Աչքերս սովորության համաձայն փակեցի, որ որքան հնարավոր է իրական զգամ:
- Ինչ ասեմ ետևիցս կկրկնես, լա՞վ:
Քամին խճճվեց մազերիս մեջ, ու ժպտացի այն խելագար մտքից, որ քամին համաձայնության նշանն է:
- Իսիս, Աստարտե, Դիանա, Հեկատա, Դեմետրա, Կալի, Ինանա:
Երեք անգամ կրկնելուց հետո կապույտ փշաքաղ նստեց ոսկորներիս, ու ասես արյունս սկսեց պայքարել ազատության համար: Ազատություն սիրողի համար երակները շատ են նեղ:
-Դեմ չե՞ս, եթե Մորգանան մեզ միանա: Չմտածես, թե քեզ հետ ձանձրալի է: Ամենևին: Ուղղակի... դե դու չես խոսում, իսկ ես հիմա դրա կարիքը ամենից շատն ունեմ:
Մոմերից մեկը հանգեց, ու ես հասկացա, որ սա ևս համաձայնության նշան էր:
- Ալո, Մորգանա՞: Երկու շիշ գարեջուր վերցրու ու քեզ, մեր սիրած վայրը, ինչպես միշտ: Սպասում եմ:
-Ըմ... հիմա չեմ կարող: Մեկ ժամից համերգը սկսվում է: Մերոնք բոլորն էնտեղ են, խմիչք էլ է լինելու: Չե՞ս միանա:
- Տրամադրություն չունեմ, դատարկ եմ: Ավելի քան երբևիցե խոսելու կարիք կա: Խնդրում եմ, թեկուզ մինչև համերգի սկսվելը... Արի՛:
- Թող մնա վաղը, հա՞: Միևնույն է չի ստացվի:
- Ոչ ոք չկա... Ինձ լավ չեմ զգում: Ասա ուր գամ՝ կգամ:
- Դեռ տանն եմ: Մինչև գաս՝ համերգը կսկսվի: Անիմաստ է:
-Գնա գրողի ծոցը:
Հենց նոր զգացի, թե ինչ բան է լինել աշխարհի երեսին ամենամիայնակ մարդը: Չէ, հավաքիր քեզ, այստեղ էլի մեկը կա:
- Մոռացանք ծանոթանալ: Ես մելանխոլիան եմ: Ագռավ ունեմ, անունը՝ Լենոր: Այստեղ հաճախ եմ գալիս: Ընկերներս քորոցներն են: Բախ եմ սիրում ու գրել մեկի մասին, ով չկա: ես մեկն եմ լուսնի երեխաներից: Մենք մոխրե թռչուններ ենք, մեր լույսը ձայնն է, որը ճանապարհ է բացում մոլորված հոգիների համար: Երբ արևը բարձրանում է, մենք մեռնում ենք: Այսպիսին է մեր կյանքը:
Զգացի, որ չեմ մտածում խոսելիս, ու արդյունքում անկապություն է ստացվում:
-Ճիշտ ես, լռեմ: Թող Բախը ապրի բոլորիս փոխարեն:
Որքան հնարավոր է բարձրացրի ձայնը: Բախ Ադաջիո: Չերկրային է:
-Մայրամուտը հարկավոր է միայն բախով տոնել: Արի ծխենք պահը: Երևի միայն այս րոպեյի համար արժեր ապրել: Գերեզմանատներում պահակները Բախ են լսում: Պատմվածք է, չէ՞: Իսկ ես ինձ զգում եմ աշխարհի ամենամիայնակ հոգին:
Չպիտի ասեի: Շատ խոսեցի: Ախր մենք գրեթե անծանոթ ենք:
- Կուզե՞ս պարեմ:
Կանգնեցի թևերս լայն բացած ու տրվեցի երաժշտությանը: Ես ալեկոծ ծովի ալիք եմ: Որքա՜ն թեթև է մարմինս, ես հրաժարվում եմ այն այլևս կառավարել: Թվում է՝ ձուլվում եմ կարծր հողին ու ոտքերս տիեզերքի անբաժան մասն են դառնում: Սկսում եմ այդ մտքից անմոռաց պտտվել՝ պատկերացնելով, որ ես թարմ լվացք եմ, ու հաճելի գլխապտույտը հասցնում է ընդամենը երեք վայրկյանում դակել ինձ սուր թանաքով, և ես թուլությունից գցում եմ ինձ գետնին ու սկսում ծիծաղել հենց այնպես:
- Պարի՛ր լուսնի տակ, քայլի՛ր գլխիվայր, երակներիդ բենզին տուր, միևնույն է չկա այն մեկը, ով գնալու պահին կմնա: Ու մենք շարունակում ենք փնտրել, համոզված լինելով, որ նրանից ինչ-որ տեղ կա, գրողը տանի: Միայնակ բոլորի հետ:
Զգացի, որ մի բան այն չէ: Պառկեցի նրա կողքին, բռերով հող լցրի մարմնովս մեկ ու աչքերս փակեցի:
- Այսպես դու քեզ անհարմար չես զգա: Տե՛ս, ես էլ եմ հողով օծված: Հիմա ո՞նց ես:
Գիշերները մենք գնում ենք մեր մութ աշխարհները,
Շաղ տալով սպիտակ մոխիր շիկացած մեր վերքերին:
Այս բոլոր անուրջների համար մեզ երկինքը պատժելու է,
Բայց բոլորը թքած ունեն, ոք ոչ չի տեսնի, ոչ էլ կհրամայի:
Դուք մեզ հարկավոր չեք, չենք սիրում մենք ոչ մեկի,
Երբեք չենք լինի այնպիսին, ինչպիսին բոլորդ եք,
Գրոշներով ծախել ենք մեր հոգիները ստվերներին,
Այնտեղ ուր փախչում ենք չկա ո՛չ ցավ, ո՛չ էլ վախ:
- Շատ կռկռացի, Լենորը վկա: Էլ չեմ երգի: Քեզ գաղտնիք բացե՞մ: Այն հրեշը, որից մարդկությունը սարսափում է, արդեն այստեղ է, նրանց մեջ: Նա հասցրել է բոլորի թոքերում խավարի սերմեր ցանել: Այդ հրեշը աշխարհին նայում է նրանց աչքերից, ու միգուցե նա հենց ես եմ, կամ դու:
Խոսելիս՝ վրաս հող ավելացրի ու դրա բաղադրության մեջ ասես մարդկանց ողջ չարությունը թաքնված լիներ:
- Գիտես, երբ նայում եմ մարդկանց քառակուսի հոսքին, միանգամից երազում եմ ատրճանակի մասին: ՙՙՓիղ՚՚ ֆիլմը նայե՞լ ես:
Քամի չխաղաց: Զգացի, որ պատասխանը բացասական է:
-Ֆիլմում մի տղա անում է այն, ինչ ես այդքան երազել եմ, բայց համարձակություն չեմ ունեցել անել: Նա հրացանով մտնում է դպրոց ու սկսում կրակել բոլոր այդ անիմաստ ու խղճահարված հայացքներին:
Նույն վայրկյանին ինձ թվաց, թե արդեն հավաքել եմ համարձակություն գնալու նույն քայլին: Բայց հրացան դժվար կլինի գտնել, հմ...
- Գիտես, ես ընտրեցի դառնալ ՙՙԼուսնի երեխա՚՚, որովհետև կարծում էի, որ այնտեղ կլինեն այնպիսինները, որ ամեն վայրկյան զգում են նույն երանգի ցավ, ինչ ներսիս ագռավը: Կարծում էի, թե նրանց աշխարհում լրիվ այլ է, որ մարդկանց իրականությունից ոչինչ չի կարող մտնել այդ աշխարհի դարպասներից ներս, գրողը տանի: Հասկանո՞ւմ ես, չգիտեմ ինչպես ապրել այս կյանքը:
Ափերովս ծածկեցի դեմքս, որովհետև արցունքները սկսեցին դուրս թափվել աչքերիցս, ու ես սարսափելի ամաչեցի: Ձեռքիս կիպ կապած կտորը արձակեցի, որը ասես մարմնիս մասն էր դարձել, ու վերջապես խորը շունչ քաշեցի:
- Ի՞նչ է, կյանքում սպիներ չե՞ս տեսել: Դրանք հասարակության արտացոլանքն են թևերիս: Չէ, ես սուիցիդնիկ չեմ: Շատ անգամներ եմ մեռել ու հիմա դրա հավեսը ամենաքիչը կա: Ու հետո, մահը տարվա հինգերորդ եղանակն է: Ես պարզ հիշում եմ բոլոր մահերս: Թե ինչպես եմ ցատկել տանիքից, թույն խմել, ածելիով թռչնիս ազատել... Բայց ամեն անգամ չի, որ ինքս եմ վերջ տվել կյանքիս: Շատ անգամներ եմ սպանվել: Ինձ վառել են, մարմինս կտրատել են մասերի ու թաղել պատի արանքներում, ինձ տվել են շներին կեր: Մեռնելու այդ բոլոր ձևերից հետո, ես ընտրել եմ ամենակեղտոտն ու դաժանը՝ կյանքը:
Այս բառերը օդ շպրտելուց հետո, երկուսս էլ զգացինք, թե որքան ենք մտերմացել, ու հիմա հեկեկում էի առանց ոչ մի կաթիլ կարմրելու:
- Ուզում եմ լինել ինչպես բոլորը, բայց իմ համար նրանց մեջ տեղ չկա: Դու քեզ ֆիզիկական ցավ ես պատճառում՝ փորձելով սպանել ինչ-որ բան հոգում: Երակները շատ խորն են, ածելին նրանց չի հասնում, ազոտական թթուն խժռում է մաշկը, թմրադեղերը ցնցումներ են ստեղծում, զենքը ապօրինի է, պարանը պոկվելու հատկություն ունի, գազի հոտը ուղղակի անտանելի է, ահա թե ինչու է պետք ապրել: Մենք խաղում ենք անեծքի հետ՝ հուսալով հավերժ մնալ երազներում:
Առանց երկար մտածելու կանգնեցի, կիսատ թափ տվեցի հողը ու ձեռքերս լայն բացելով բղավեցի.
- Ես ձեր համար քայլող ժանտախտ եմ, միգուցե նրանից, որ հոգով մի փոքր ավելի ուժեղ եմ ձեզնից, բայց ես նույն մաշկից ու արյունից ունեմ, նույն անդրաշխարհում եմ ապրում, ինչ դուք, բայց հանկարծ չհամարձակվեք լողալ իմ աստղերի գույնի մեջ: Ձեր հոգիները մեր համար հերթական բացված գրքերն են: Դուք փակել եք մեր ետևից նեղ բանտի դուռը ու ստիպել, որ լռենք: Բայց մենք ախր նույն դժոխքում ենք ապրում, ուղղակի տարբեր օդեր շնչում: Ինչո՞ւ ինձ սպանեցիք, հը՞... Համր գոռոց: Համր գոռոց:
Թվաց, թե շունչս շուտով կկտրվի, ու օփիումի սպեցիֆիկ հոտով հիստերիան փաթաթվեց աղիներիս: Թուհ, շատ ծխելուց է: Թքած:
- Ես ծերանում եմ, հասկանո՞ւմ ես: Ընդամենը ծերացած երիտասարդներ ենք, որ կայֆ ենք փնտրում ուր ասես: Ես կարիք ունեմ խոսելու ինչ-որ մեկի հետ: Չէ, ինչ-որ մեկի չէ... նրա: Այն մեկը, որ գրողի ծոցում է, որ կողքիս չի: Չկա: Ցնդել է, վերջացել: Երևի արդեն աշխարհի եզրին է հասել: Իսկ մենք որոշել էինք միասին փախչել այնտեղ: Նրա չգոյությունը ինձ տանում է ծայրահեղ ու խելառ քայլերի: Չէ, շատ եմ մեռած նույնը կրկնելու համար:
Սկսեցի ծիծաղել ու ինքս ինձնից վախեցա: Բայց այս ամենը ինձ սկսում է դուր գալ: Որքա՜ն ենք վարպետացել տառապանքի մեջ:
-Բոլորը կմեռնեն, իսկ ես կմնամ:
Մտքիցս թռել էր, որ սա մենախոսություն չէ, ու ինձ անհարմար զգացի պահվածքիս համար: Երևի բոլորի պես մտածում է, թե խրտվիլակ եմ:
- Ես խըրտ-վի-լակ եմ, լա-լա-լա, որն աշխարհի ամենամռայլ ագռավին ունի: Ու հա, Լենորը սենյակում ինձ է սպասում: Գնացի... Քեզ լավ նայիր:
Որոշեցի գերեզմանատան ետնամուտքից դուրս գալ, որովհետև խուսափում էի պահակին հանդիպելուց: Պատկերացնում եմ, եթե նա հանկարծ լսած լինի մեր զրույցը: Մեկ էլ հիշեմ տուն մտնելուց առաջ շրթներկս մաքրել:
Մարմինս գտան առավոտյան ժամը վեցն անց տասնհինգին, գերեզմանատնից քիչ ներքևում գտնվող անձուկ գետում: Ձեռքերիս սպիները տեսնելով, միանգամից եզրակացրին, որ ինքնասպանության դեպք է: Մայրս կողպվեց իր սենյակում, իսկ Լենորը սկսեց անվերջ կռկռալ: Դա ամենևին էլ ինքնասպանության դեպք չէր: Տուն վերադառնալու ճանապարհին ինձ սպանեցին մի խումբ հարբած դեռահասներ, որոնց ես կյանքում առաջին ու վերջին անգամ էի տեսնում: Ինձ թաղեցին տեղի գերեզմանատանը, այն տղայից ոչ շատ հեռու: Դագաղը մի քիչ նեղ էր ստացվել, իսկ նկարս անհաջող էր: Այն վաղուցվա էր, ու ես ինձ նման չէի: Պահակի խնդրանքով Բախ միացրին, ու դա այն միակ բանն էր, գրողը տանի, այդ ամբողջ արարողության մեջ, որ սրտովս էր: Բարեբախտաբար քահանա չեկավ: Նա միանգամից հրաժարվել էր գալ թաղմանս: Առհասարակ շատ քիչ մարդ էր ներկա: Ամբողջ ժամանակ նրան էի փնտրում ներկաների մեջ, բայց նա չէր եկել: Շատ անգամներ էի երևակայել այս օրը, բայց սա խիստ տարբերվում էր իմ բոլոր տեսակ պատկերացումներից:
Ու մենք հավերժ կապրենք ֆեյսբուքում,
Ուր մշտական գարուն է, անգամ ցուրտ դեկտեմբերին:
Մենք այստեղ ընդմիշտ լինելու ենք
Մեռած ու ամենուրեք,
Ահա ևս մեկ աստղ ծնվեց ֆեյսբուքում:
Ես ու դու կկանգնենք ամենաբարձր տանիքում
Սովորականից ավելի հպարտ, միայնակ,
Ուժեղ կփայլենք մենք բարձունքում,
Որպես վերջին հերոսներ ֆեյսբուքի
Ու անվերջ կնայենք ներքև գրողի ծոցը գնացած աշխարհին:
Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий