пятница, 26 января 2018 г.

Felix Culpa



-Իսկ դու ո՞նց հայտնվեցիր ստեղ:
-Ամեն ինչ շատ միանգամից ստացվեց: Ժամը 7 անց 13 էր: Եկա աշխատանքից տուն: Հանեցի ձախ կոշիկս ու հեռախոսը գոռաց: Վախենում էի վերցնել: Հասկանո՞ւմ ես: Գիտեի, որ էդ համարից էսօր ուրիշ ձենով են խոսալու: Բայց փախնելու տեղ չկա: Նենց չէի ուզում, որ իրա համարից երբևէ ուրիշ ձենով խոսեն, կամ ուրիշ ձենով լռեն: Վերցրի: Էդ ուրիշ ձենը ասեց. ՙՙՍաղ շատ վատ ա: Ծանր դեղեր ա խմել բռերով, վրից էլ գարեջուր: Ցավակցում եմ: Մնացածը կգաք տեղում կասենք:՚՚ Անջատեցի: Մի քանի րոպե նայեցի պատին: Հանեցի աջ կոշիկս: Դեմքիս մի հատ նենց ժպիտ հայտնվեց, ու սկսեցի անմոռաց պարել ոնց երբեք: Պարելու ընթացքում ծիծաղս քսվել էր գետնին, կախվել աթոռներից ու դաժը փոշու հատիկների երեսին էր փայլում: Շունչս կտրվում էր միառժամանակ պարելուց ու ծիծաղալուց: Հետո ուրիշ գույն գլխապտույտ եկավ ոտերիս մատերից ու խուտուտ տալով բարձրացավ մազերիս արանքը: Հենց սկսեցի սենյակով մեկ արագ պտտվել, շորիս փեշերը բարձրացան օդ ու առանց կոպերս հանգցնելու նայում էի, թե ոնց են իմ հետ սինխրոն պտտվում: Ու էդ վերջին պատկերն էր, որ երակներիս տվեցի: Աչքերս հենց բացեցի՝ զգացի, որ դրսում եմ պտտվում: Անծանոթ երկնքի տակ: Որտեղ ցուրտ չի դեկտեմբերին:
-Ստեղ ավելի տարօրինակ բաներ էլ հլը կտեսնես:
-Ո՞ւր ենք:
-Կասեմ: Լսի, դու հասկացե՞լ ես պատճառը պարելուդ:
-Էդ ինձնից անկախ ստացվեց: Ու ես ահավոր ամաչում եմ: Ինքս ինձնից: Ոչ մի կաթիլ արցունք: Հա, ես գիտեմ, որ էսօր սարսափելի մեծ ողբերգություն ա եղել: Ինքը չկա: Իրանից էլ ոչ մի փողոցում չի գտնվի: Իրա գույնը ցնդել ա մինչև վերջ: Ինքը իմ փրկվելիքն էր: Ես իրան ապրում էի: Մենք իրար կործանում էինք: Էս կործանել բառի տակ զգա ոնց եմ ասում ՙՙսիրել՚՚: Լսո՞ւմ ես: Էդ պահին ես ուղղակի բռնեցի վերջ բառի փշաքաղները: Տիեզերքը վառվել ա մեր գլխի վերևում: Ինքը իմ կոպերի տակ ա, բայց էդ ինձ երբեք հերիք չի լինի: Ու ես պարեցի իրա չլինելը: Պարեցի բոլոր անԻրա օրերի համար, որ պիտի մտնեին երակ:
-Բա ի՞նչ երաժշտություն էր էդ պահին ներսումդ: Դե, նկատի ունեմ ինչի՞ տակ էիր պարում:
-Ռախմանինով - Պրելյուդ op. 3 no. 2 Ցե մինորում:
-Փշաքաղվեցի: Բայց ստեղ կարաս չամաչես զգացածիդ ու արածիդ համար:
-Նկատի ունես ողբալու փոխարեն պարե՞լը:
-Հա, որովհետև... հասկանո՞ւմ ես ստեղ բոլորս ենք ամենադրամատիկ ու ահավոր պահերին պարել:
Աշխարհում գրպանային տիեզերքները շատ են: Դրանք սահմանափակ տարածքներ են, որ ի տարբերություն սովորական տիեզերքների ունեն սկիզբ ու վերջ: Բայց միևնույն ժամանակ չեն ճանաչում ժամանակ ու տարածություն: Այս գրպանային տիեզերքում հայտնվում են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ամենաողբերգական պահին սկսել են անմոռաց պարել:
-Ես էն սկզբից էլ գիտեի, որ էդ անխուսափելի ա: հույս չկա: հույս չկա: հույս չկա: Էդ ինչ ա, որ լինի: Մաման էն գլխից էլ լացում էր, որ ես ծնվեցի: Որովհետև էդ երկրում պետք ա տղերք չծնվեն: Ում տանը տղա էր ծնվում գիտեին՝ ինչ ա սպասվում ու անճարությունից լացում էին: Ես փոքր էի, չէի հասկանում: Ինձ ոչ ոք չէր կարում բացատրեր: Բայց էդ անտեր բառը ամեն անկյունում էր: Ամեն գիշեր աստղերը ոնց որ նենց դիրքով դուրս գային երկինք, որ կարդայինք էդ բերանում շուտ թթվող բառը՝ պատերազմ: Դաժը թաղի երեխեքով ծիծաղալու հանգեր էինք բռնում պատերազմ բառի հետ: Օրվա մեջ ամենաշատ ուտվող բառն էր, բայց մինչև դրա իմաստը բռնեցինք... Մի բան գիտեմ. Պատերազմը սեր, բաժանում կամ կարոտ չի, որ հաղթահարվի: Ներսիդ մարդուն ավելի շուտ կհաղթահարես, աստծուդ էլ: Կյանքիս սաղ ծնունդներին միշտ նույն երազանքն եմ պահել մոմը փչելուց: Իմացածս բոլոր աղոթքներն էլ նույն բանի համար են եղել: Նկատել էի, որ մեր երկրում մի տեսակ վախ կա, թե տենց մի զգացում խաղաղություն բառից փչող: Իմ բանակ գնալուց առաջ զինադադար էր հայտարարվել առաջին անգամ: Երկրումս նենց ուրախություն էր, որ բառերի մեջ չես տեղավորի: Թվում էր էդ  խաղաղությունը մի քանի հավերժություն կձգվի: Արդար չէր լինի, եթե մեռներ էդ թեթև վիճակը տենց շուտ: Գիշերները մենք սկսել էինք գունավոր երազներ տեսնել: Պատերազմի ժամանակ երազները հատկություն ունեն կործանվելու: Էդ գիշեր ես վեր թռա գրողի տարած պատերազմ բառից ու էլի հետ պառկեցի քնելու: Սաղ խառնվել էին իրար: Աղմուկից կարմիր հոտ էր փչում: Կարա՞ս պատկերացնես: Իսկ ես ուղղակի փորձում էի քնել, որ երազ տեսնեմ: Նենց տպավորություն էր, որ երկինքը ընկնում ա մեր վրա: Ինքն էլ կարա, չէ՞ հոգնի էդքան թռնելուց: Հենց քաոսի համը մտավ թոքերս՝ բարձով ճզմեցի գլուխս: Բայց բարձն էլ էր գոռում: Ստամոքսիս մի քանի շաբաթական թիթեռները քաոսի ու սպասվող արյան հոտից հարբել էին ու պարան էին ման գալիս կախվելու համար: Իրանց թևերի անկանոն թպրտոցը վերջին կետն էր: Սթափ կանգնեցի, քայլեցի խուճապի ամենակենտրոնը ու աչքերս փակ սկսեցի պարել: Պարեցի բոլոր էն սև թղթերի համար, որ գրվելու էին: Պարեցի պատերազմի մասին, որ երբեք չի ավարտվում: Էդ պահին ես վերացել էի մինչև վերջին թիթեռիս հևոցը: Պարելու ընթացքում մի պահ աչքերս բացեցի, բայց ոչ մի հայացք չբռնեցի վրես: Սաղ զբաղված էին խուճապ թքելով: Ես ավելի հավեսով սկսեցի պարել ոնց երբեք: Ուշքի եկա սառը քամուց ու ապակյա լռությունից, որ էնքան հանկարծակի լցվեցին ականջ: Ու տենց հայտնվեցի ստեղ:
-Իսկ պարելու պահին ի՞նչ երաժշտություն էիր ապրում:
-Philip Glass - The secret agent:
-Չեմ լսել:
-Ափսոս երգել չգիտեմ: Բայց հենց ստեղից դուրս գանք կհիշացնեմ, որ լսես: Չնայած ի՞նչ դուրս գալ: Մեռածի հաշիվ ենք: Էս երևի դրախտի ու դժոխքի արանքում մի տեղ ա:
-Կստածի: Էսքան ժամանակ, որ ստեղ էինք, զզացե՞լ ես, որ չենք ծերանում: Ստեղ ժամանակը ոնց որ ուրիշ ձև ա աշխատում: Կամ չի աշխատում: Տենաս մեր սաղ տնեցիք, ընկերներն ու մյուսները հիմա մեզնից մե՞ծ են: Պատկերացնո՞ւմ ես հանկարծ հետ գնանք ու ասենք ընկերուհիդ մի 15 տարով մեծ լինի քեզնից:
-Լսի, հետ չեմ ուզում: Ընդեղ հաստատ պատերազմ ա: Կապ չունի ինչքան ա անցել: Չեմ կարա ես: Վախում եմ, հա: Ատում եմ: Շատ եմ ատում:
Մինչ գրպանային տիեզերքներում մարդկանց ժամանակով տասնյակ տարիներ էին անցնում՝ սովորական տիեզերքներում ժամանակը կանգնած էր:
-Հետ եմ ուզում: աաաա՜ա: Չեմ ձգի առանց իրա: Ո՞ւր ա հիմա ինքը: Բա ես ո՞ր մի գրողի ծոցում եմ: Մեռե՞լ եմ: Բա ինչի՞ սաղ չի վերջացել: Ինքը ինչի՞ չի մեռել հետս: Խոստացել էր: Թե՞ ես դժոխքում եմ, ինքը դրախտ ա ընկել: Կգժվեմ: Չեմ ձգի առանց իրա:
-Առանց իրա, թե՞...
-Թե ի՞նչ:
(Լռություն)
-Ես քեզ կսպանեմ, կխեղդեմ, մասերի կբաժանեմ, հասկացա՞ր: Ախր ո՞նց կարար խելքիդ տենց բան փչեր: Էնքան անմարդկային ես, որ չե՞ս կարում հավատաս, որ իրոք իրա համար եմ ուզում հետ գնալ, հա, հենց իրա, որովհետև սարսափելի շատ սիրում եմ: Ու ես պատասխանատու եմ իրա համար մինչև ժամանակների շունչ փչելը: Չնայած՝ ինչի՞ եմ քեզ մեղադրում: Բայց խնդրում եմ հավատա ինձ: Էդ իմ համար շատ կարևոր ա հիմա: Խաբի դեմքիս, թե հավատում ես: Հա էդ անտերից էլ եմ ահավոր ուզում, բայց Իրան կարոտելու լոմկեն ավելի խորն ա: Համաձայն եմ, թող գա ստեղ ու մենք կհաղթահարենք միասին էդ անտեր կախվածությունը: Մեկ ա ոնց հասկացա ստեղ ոչ մի տիպի չկա դրանցից:
-Չկա: բայց ինքը մենակ պարելով կարա հայտնվի մոտդ:
-Ամեն պահի մտովի փարձում եմ իրան իմ գույներից ուղարկել, հուշել, որ պարի անընդհատ: Փորձում եմ իրա երազներ մտնել: Բա ինչի՞ իրան չեն հասնում իմ բառերը: Ինքը էդքան հեռո՞ւ ա ստեղից:
-Էլի փորձի, մարդ ես, կարող ա ստացվի: Որ մի բան շատ են ուզում անպայման լինում ա:
-Բայց ստեղի երկինքը լրիվ ուրիշ ա: Ոնց որ կլանի բոլորիս երազանքներն ու միլիարդավոր կապույտ կետերի վերածի: Նկատե՞լ ես, որ անգամ աստղ չի ընկնում: Իսկ մենակ ե՞ս եմ, որ երազներ չեմ տեսնում: Էդ է՞լ ա ստեղի օրենքներից: Կարա՞մ քեզ մի բան վստահեմ:
-Հա, հանգիստ եղի:
-Լեզուս չի պտտվում ասեմ: Բայց ես վախենում եմ, որ հետ կգնամ ու ինքը էլ չի լինի, հասկանո՞ւմ ես: Ես ինձ չեմ ների: չէ:
-Բայց դու ի՞նչ մեղք ունես: Համ էլ ինչի՞ պիտի չլինի: Երևի ինքն էլ ընկած քեզ ա փնտրում:
-Դժվար ի վիճակի լիներ: էդ անտեր իմ ստեղ հայտնվելու օրը մեր մոտ դրանցից ոչ մի գրամ չէր մնացել: Փողն էլ վաղուց մեր համար միֆ էր: Ու ո՞նց ասեմ: Տանը մի տեղ բենզին կար:
-Հը՞: Չասես... չասես:
-Դրանից հետո ես սկսեցի պարել ու շուրջս միլիոնավոր որդեր ու խավարասերներ էին: Ինչ տեսակի ասես: Ու իրանք բարձրանում էին վրովս: Ես չէի ուզում, որ դեմքիս հասնեն: Վախենում էի էն կպչուն մտքից, որ բերանս կլցվեն: Դրա համար առանց շունչ քաշելու պարում էի, թե չէ կորած էինք:
-Ո՞ր երգի տակ պարեցիր: Երգ կար ներսումդ, չէ՞:
-Наутилус Помпилиус - Крылья:
-Ինքը կա դեռ, մի մտածի: Ու քեզ ա սպասում:
-Չկա: Ինքը առանց ինձ չէր կարա: Առանց դրանց էլ: Բայց քանի դեռ մի քիչ գոնե հույս կա, ես պիտի գնամ հետ: Զգում եմ՝ ոնց են ատոմներս գոռալով մեռնում: Որովհետև իմ ատոմները միշտ իրա ատոմներին են սիրել: Տարկովսկին ասում էր, որ մարդիկները չեն ծնվում երջանիկ լինելու համար: Մենք բոլորս ծնվում ենք մի առաքելությամբ՝ սեր փնտրելու, բայց ոչ մի դեպքում չգտնելու: Իսկ ես գտել էի: Մենք գտել էինք: Դրա համար սաղ սենց ստացվե՞ց: Մենք երևի տիեզերական շատ հին ու կարևոր օրենք կոտրեցինք ու հիմա պիտի պատժվենք: Չէ, տարեք ինձ իրա մոտ, խնդրում եմ: Ես իմ բոլոր կյանքերում իրան եմ փնտրելու: Էս գրողի տարած երկինքը ծանր ա, շատ ծանր ա իմ վրա: Ավելի ծանր քան հողը կլիներ:
Գրպանային տիեզերքներում երազներ չեն հորինվել՝ չնայած, որ այստեղ հավերժական գիշեր է: Երազամոռացության ախտ կա բոլոր գրպանայիններում: Առաջին ախտանիշը սուր քորն է: Հիմնականում որովայնի և ձեռքի ափերի շրջանում: Բոլորն անխտիր վարակվում են: Տիեզերական օրենքներից է: Տարվա եղանակներ նույնպես չեն հորինվել: Այստեղ անընդհատ աշնան ու գարնան արանքում մի 5րդ եղանակ է: Գրպանային տիեզերքներում հատկապես դժվար է այն մարդկանց համար, ովքեր կախվածություն ունեն ալկոհոլից, նիկոտինից և այլնից:  Այստեղ հայտնվող ցանկացած մեկը ստիպված է դառնալ բուսակեր ու վարել առողջ ապրելակերպ: Հատկապես բարենպաստ պայմաններ են ստեղծագործ հոգիների համար:
-Էս ո՞նց ա չես վախում ինձ էսքան մոտ կանգնես:
-Բայց ինչի՞ պիտի վախենամ:
-Հա՜: Ուրեմն չգիտես՝ ոնց եմ ստեղ հայտնվել:
-Ո՞նց:
-Լավ, դու էլ իմացի ու թռի: Սովորել եմ էս իզգոյ վիճակներին: Դաժը սկսել ա դզել: Ես ընկերոջս եմ սպանել: Հենց տենց: բռնել ու սպանել եմ: Բան չունեմ ասելու շատ եմ փոշմանել: Բայց չեմ պատրաստվում արդարանալ: Սաղ թքած ունեն: Ես մարդասպան եմ: Ու փոքրուց գիտեի էդ: Հա, լուրջ: Երազներ էի տեսնում: Հավատո՞ւմ ես անցած կյանքերի գոյությանը: Երազներումս անցած կյանքերս էի տեսնում: Ու պատկերացնո՞ւմ ես դրանցից բոլորում ես մարդ եմ սպանել: Կարա՞ մարդու առաքելությունը լինի սպանելը: Հիշում եմ՝ ոնց եմ կյանքերիցս մեկում արքայի վերջը տվել: Կամ երբ կնոջ մարմնում էի ծնվել ու բոլոր սիրեկաններիս հատ-հատ թույնում էի: Ամենասարսափելի սպանություններիցս մեկը եղել ա մի հատ երեխու բարձրահարկից ներքև բրդելը: Ես երևի Կայենի սերունդից եմ: Արյունս կեղտոտ ա: Կամ էլ հենց ինքը Կայենն եմ, որ չի հոգնում վերածնվելուց: Ինչի՞ ա իմ նման չարիքը հա գալիս էս աշխարհ: Կործանելո՞ւ համար: Բայց ինչի՞ հենց ես պետք ա ընտրվեի որպես կործանող: Փրկել եմ ուզում: Փրկվել եմ ուզում: Երբ էդ անտեր դանակը ձեռս սկսեցի պարել ինձ թվաց, թե կմաքրվեմ, որ կարող ա փրկվեմ: Թվում էր եթե չպարեմ կսպանեմ:
-Իսկ երգ կա՞ր գլխումդ:
-Laura Marling - What he wrote:
-Հա՞հ:  Անսպասելի էր, չյոռտ:
-Ուղղակի իմաստը չեմ հասկանում իմ ստեղ հայտնվելու: Ես չեմ ուզում Կայենությունը մեջս ավելի խորանա: Չի՞ կարա էս սաղ պռոստը վերջանա: Բռնի ու սուիցիդ անի, թուհ, գրողի տարած:
Գրպանային տիեզերքներում երբեմն չգիտես ինչպես ամեն տեսակ օրենքներ կոտրելով հայտնվում են կենդանիներ: Այնպես, որ բոլորովին զարմանալի չէ գրպանայիններում կենդանիների ինչ-որ տեսակի հետ խաչվելը: Այս մեկում մարդկային ժամանակով արդեն մի քանի հազար տարի կլինի ինչ խոզեր են բնակվում, որոնք մարդկանց համար տարօրինակ կերպ են էվոլյուցիայի ենթարկվել:
-Էսօր քանի՞ հատ աստղ բռնեցիր լճից:
-7, բա դո՞ւ:
-Ես հաղթեցի, 9:
-Ո՞նց ես ամեն անգամ տենց հաջողացնում:
-Դե էն մեր իրականությունում ամիսը մի քանի անգամ ընկերներով հելնում էինք ձկնորսության: Էստեղ էլ աստղեր են էլի: Նույն պրինցիպով են բռնվում:
-Ձուկ կյանքում ձեռս չի գնացել բռնել: Մի տեսակ իմ համար իրանք շատ բիբլիական են: Սուրբ գնդիկներ ոնց որ լինեն մեջները: Անբացատրելի ա: Իրանց հայացքից միշտ մի տեսակ սպեցիֆիկ հոտ եմ առել, համ էլ երազներումս շատ են եկել փրկել: Իսկ աստղերին ինչի՞ չեմ խղճում: Ձկներով լիճը իմ համար միշտ էլ ավելի միստիկ կմնա, քան ներսը երկինք լիճը: Իմացա՞ր, որ էն Կայենի հետնորդը էսօր եկել լուսինն էր ուզում թռցներ լճից: Գրողի տարածը ի՞նչ էր մտածում: Ի՞նչ պիտի անենք առանց լուսին: Լույս որտեղի՞ց պիտի պեղեինք:
-Չգիտեի... Նեռվերիս ոնց ա ազդում: Ե՞րբ ենք ստեղից դուրս գալու: Լավ ա խոզ չի սպանել: Չնայած իրանից հեռու չի:
-Թե չէ ի՞նչ...
-Չգիտեմ: Եթե էս դրախտն ա, ուրեմն էդ խոզերը հաստատ ստեղի ՙՙարգելված պտուղն են՚՚: Եթե սպանենք...
-Կվռնդե՞ն մեզ ստեղից: Հա՜, ուրեմն եկեք սպանենք, որ հետ գնանք:
-Իսկ եթե շատ ավելի ահավո՞ր տեղ ընկնենք:
-Ասենք դժո՞խք:
-Եթե իհարկե էս չի դժոխքը: Երբ առաջին անգամ ստեղ էդ կապույտ խոզերին տեսա սիրտս վախից ոնց որ դուրս գար մեջքիցս: Ոնց որ ինչ-որ դիցաբանությունից փախած լինեն: Բայց շատ դիվային բան կա աչքերներում: Ու առհասարակ ի՞նչ բացատրություն ունես իրանց էդ գույն լինելու համար:
-99 տոկոսով համոզված եմ վարկածիս մեջ: Տես, մյուս իրականությունում, որտեղ ծնվել ենք՝ գիտնականները ապացուցել են, որ խոզերը չեն տեսնում երկինքը: Հասկանո՞ւմ ես: Իրանք չգիտեն ինչ գույն ունի էդ բառը: Դրա համար էլ ցեխերի մեջ են լողանում: Ով էլ երկինք տեսած չլիներ՝ ցեխ կսիրեր: Իսկ ստեղ չգիտեմ ոնց են հայտնվել, բայց հաստատ շատ վաղուցվա պատմություն ա: Էս ոչ սովորական լճում իրանք երկնքի հոտն են ճանաչել: Դադարել են խոզ լինել, որովհետև իրանք արդեն գիտեն, թե ինչ ա երկինքը: Ու տենց դանդաղ գույներն էլ փոխվել ա կապույտի երանգների:
-Դզեց... Իսկ ես մտածում էի, թե էդ խոզերը մեր նման մարդիկ են եղել ու ժամանակի ընթացքում վերափոխվել են խոզերի, այսինքն մենք ապագա խոզեր ենք:
-Դժվար... Շատ եմ խորացել: Դաժը պարզել եմ, թե ինչի ա իրանցից վարդի հոտ գալիս: Նկատել էիր, չէ՞:
-Փաստորեն իրոք իրանցից ա էդ վարդահոտը փչում: Չէի հավատում, որ հնարավոր բան ա: Բայց ո՞նց: Էդ էլ լճի հետ կապ ունի՞:
-Չէ, այսինքն՝ հա: Դե ամեն ինչ էլ մի բանի հետ կապ ունի: Երկինքը բացահայտելուց հետո իրանց էությունը լրիվ շրջվեց: Ու էդ ներքին սաղ քաոսը հաղթահարելուց հետո իրանք սկսել են մենակ վարդեր ուտել: Դե, որովհետև իրանք ուրիշ են: Իրանց մեջ երկինքն ա խոսել: Ու կամաց-կամաց գույնը փոխվելու հետ սկսել են էդքան վարդ ուտելուց՝ վարդահոտ շալակել հետները:
-Երբ ասեցիր, որ մեր իսկական իրականությունում խոզերը երբեք չեն տեսել երկինք, ես մտածեցի, որ ամենաշատ մեղքեր գործող ու դրանց համար չափսոսացող մարդիկ հաջորդ կյանքում խոզ են ծնվում: Որովհետև ավելի դաժան պատիժ չէր կարա հորինվեր, քան երկինք չճանաչելը: Առաջ վախ կար մեջս խոզերից, բայց հիմա խղճում եմ: Հուսամ էս փոքր բացահայտումս բոլոր հաջորդ կյանքերում կհիշեմ, որ հանկարծ նենց բան չանեմ, որ խոզ ծնվեմ: Սարսափելի ա:
-Բայց եթե տենց ա, ուրեմն էն մեր հետ ստեղ հայտնված Կայենականը ինչի՞ խոզ չի ծնվել:
-Երևի որովհետև թաքուն ափսոսում ա: Գիտե՞ս ինչի համար: Որ ինքը հենց ինքն ա:
-Ծխելս նենց եկավ: Թե ինչի՞ էի թարսի պես գրպանիցս հանել էդ սիգարետի տուփը:
-Եթե գրող լինեի նենց կդարձնեի էս սաղ բառեր: Բայց դե մենք էս գրողի տարած բացօթյա խցիկում ենք, ու ո՞ւմ ա պետք գիրք:
-Հենց ստեղից դուրս պրծնենք՝ կգրես:
-էլ չեմ ձգում ստեղ, ոնց որ ձանձրույթե մոլորակ ընկած լինենք: Մենակ մի հատ երկինք-լիճ ա, կապույտ խոզեր ու մենք: Նենց են զզվացրել: Պիտի մի բան մոգոնենք: Ի՞նչ տարբերակներ ունես:
-Դե, նայի պարելով փորձել ենք, բայց բան չի փոխվում, այսինքն նույն մեխանիզմը չի գործում հետ գնալու համար: Լճից դաժը էդ կոպիտ ու դառը աստղերից եմ կերել՝ մտածելով, թե սաղ կախարդությունն ու գաղտնիքները էդ լճի մեջ են: Բայց արդյունքում մի քանի օր իրար վրա սիրտս ա խառնել, ավել բան չէ: Խոզ ուտելը բացառվում ա, էդ սարսափելի բաների կհանգեցնի, հա: Մնում ա մի տարբերակ: Եթե իհարկե վերջում չպարզվի, որ էս սաղ երազ էր կամ մեկի հալյուցինացիան:
-Ի՞նչ տրբերակ:
-Դե... Գուշակի 3 անգամից:
-Գիտեմ: Մահը, չէ՞:
-Մհմ:
-Այսինքն առաջարկո՞ւմ ես մեկին սպանել:
-Հը՞, գժվար: Չէ: Պիտի ստեղ հայտնվածներից մեկը ինքնակամ մեռնի:
-Աբսուրդ: Ով՞ պիտի տենց գիտակցված գնա սուիցիդի: Ես հաստատ չէ: Դու էլ: Ինչքան էլ ուզում ենք ստեղից փախնել, բայց ապրելու ցանկությունը մեկ ա մնում ա ավեի մեծ:
-Ես գիտեմ՝ ով ա էդ մեկը:
-Ու ո՞վ ա:
-Մի աղջիկ կա, որ էնքան շատ ա սիրում իրա ընկերոջը, ով սարսափելի վիճակում մնացել ա մյուս իրականությունում, ու ինքը անգամ կասկածում ա էդ տղու ողջ լինելու մեջ: Հաստատ, իրա մտքին էլ կա էս: Ամեն ինչի պատրաստ ա էդ տղու համար, հասկանո՞ւմ ես: Դաժը մեռնել: Արի հելնենք մոտը:
Անխտիր բոլոր գրպանային տիեզերքներում հայտնված մարդիկ հաղթահարում են բոլոր այս մտքերը, գույները, ժամանակները, ճգնաժամերը: Աշխարհում երբեք ոչինչ չի փոխվում:
- Ուղղակի ես երբեք չեմ մահացել: Ու նենց տարօրինակ զգացում ա ներսս: Բայց հա, ես կանեմ էդ: Կամ հետ կգնամ իրա մոտ կամ կմեռնեմ իրա հետ: Երբ իմ փոխարեն դատարկություն լցվի, ինքը ինչքան էլ հեռու լինի իմ ստվերից, մեկ ա, միանգամից կզգա, որ աշխարհում իմ գույնը ցնդեց, ու հաստատ կգա հետևիցս: Իրարից առանձին կգտնվենք, հետո իրար կգտնվենք: Ստացվում ա, որ ես հիմա կսպանեմ իմ թշնամուն, ով ուզում ա ինձ սպանել: Ահահահահ:
-Եթե մտածում ես, որ ինքդ չես կարողանա էդ անել՝ կարող ենք էն մարդպասպանին խնդրել, հաստատ, իրա համար խնդիր չի լինի քեզ վերացնելը:
-Չէ, ես իմ ձեռներով եմ ուզում ինձ վերջնականապես կործանել: Լճում կխեղդվեմ: Ավելի տիեզերական մահ չէր կարող հորինվել: Ու էդ մահը մենակ իմը կլինի: Լիճը ինձ ու իրան միացնող կամուրջն ա: Երազումս եմ տեսել: Բայց մի բան ա պակաս: Երգ պիտի բարձր լղոզվեր ստեղ-ընդեղ, երբ ես քայեի լճի մեջ: Ու իրա հետ խեղդվեի: Meredith Monk - turtle dreams: Ներսումս երկինք կցվի, չէ՞: Պատրաստ եմ:
Նա հանեց կոշիկները, կանգնեց հողի սառած դիմագծերի մեջ ու աչքերը ծովագույն փակեց: Նա ասես արդեն կիսով չափ երկինք էր դարձել: Նրանից մանուշակագույն քաոսից ծնված խաղաղության հոտ էր փչում: Բարձրացավ թաթերի ծայրերին ու աչքերը սեղմած, թեթև քամու համը բերանում գնաց դեպի լիճը: Բոլորը հավասար կանգնել էին լճի եզրագծով ու լսում էին նրա ժպիտը, որ մի տեսակ շատ էր խորհրդվոր: Անգամ ոտքերը ջրում հայտնվելուց հետո նրանից փչող երգը չխլացավ: Ոչ ոք չէր համարձակվում շնչել: Բոլորն այդ ակնթարթը ապրելու էին հավերժ: Շուտով միայն նրա փակ աչքերն ու ճակատն էին մնացել լճից այս կողմ: Նա ամբողջովին տրվեց լճին: Բայց չգիտես ինչպես նրա ներսի երգը դեռ շարունակվում էր բղավել, և անգամ երկնքե լիճը չէր կարողանում սաստել նրան: Բոլորը վերջապես իրենց ծանրացած կոպերը ծածկեցին ու սկսեցին պարել: Մինչև վերջին ատոմը վերանալով ամեն տեսակ աշխարհներից, որ երբևէ կարող էին երազվել մեկի գլխում: Նրանք պարում էին իրենց ներսում արմատացած մարդուն, որ պիտի հաղթահարվեր: Բոլորը միանգամից սթափվեցին, երբ ասես ինչ-որ մեկը երաժշտությունը հանկարծակի կացնահարեց: Նա չէր խեղդվել: Ոչ էլ անհետացել էր: Ոչինչ տեղի չէր ունեցել: Նրանցից ոք չգիտեր, որ աշխարհում գործում է հնահոտ օրենք, ըստ որի բոլոր նրանք, ովքեր կհայտնվեն որևէ գրպանային տիեզերքում՝ դատապարտված կլինեն երբեք չլքել այն:


Էննի-Մէնա

Комментариев нет:

Отправить комментарий