вторник, 12 июня 2018 г.

Մայրամուտին հինգ պակաս

***
Արևը երբեք չի մոռանում դանդաղ կուլ տալ հանդերը, հետո ինձ ու քեզ: Աշխատանքային օրվա վերջում դաշտը պարտադիր լղոզվում է մի տեսակ հոտով, որ ոչ ոք չգիտի, թե որտեղից է հայտնվում: Ես հավատում եմ, որ ողջ օրն արևի տակ աշխատողների խանձված մաշկահոտն է՝ այդ թվում նաև իմ: Չորացած խոտերի գույն կերած այդ հոտին միաձուլվում է կնոջս փնթփնթոցը, որ ինչպես միշտ հայհոյում է մեկ արևը, մեկ հանդերը, մեկ էլ իր անարդար կյանքը, որ քրտնաջան աշխատանքային օրվա ավարտին իրեն գիրացնում է մեկ կգ֊ով, այն ինչ պետք է ճիշտ հակառակը լիներ: Վերջին քսան տարիների ընթացքում ես նրան չեմ տեսել այլ հագուստով․ այդ սև ասեղնագործած լաթը, որի մեջ թաքցնում է իր նույնքան սև մազերը, և մուգ դարչնագույն, կարկատաններով խեղդված զգեստն ասես դարձել են նրա մարմնի կարևոր մասը: Տարիներ առաջ մի հասարակ առավոտ, երբ առաջին անգամ որոշել էր կյանքում մի բան փոխել ու այդ նույն սև լաթի երկնագույնն էր փաթաթել գլխին՝ ասացի, որ չի սազում և նրան այլևս երբեք չտեսա ուրիշ գույն գլխաշորով: Հանկարծ նկատեցի, որ նա ձեռքը բարձր թափահարում է՝ այդ կերպ փորձելով ինձ ինչ֊որ բան հիշեցնել․ ու քանի֊որ արևի ամենահաստ շողը մտել էր երակսիվեր՝ նրա պատկերը շատ աղոտ էի տեսնում ու դժվար էր կնոջս տարբերել միրաժից: Մի կերպ ստիպեցի ինձ աչքերս ուղղել երկինք ու տեսնելով, որ արևը հասնում է հորիզոնին՝ հասկացա, որ կինս իրոք ինձ իր մոտ էր կանչում: Տուն գնալու ճանապարհին հետևում էի նրա ձեռքերին, որոնց վրա թափանցում էր նրա այսքան տարվա աշխատանքի քարտեզը: Եվ ո՞վ կպատկերացներ, որ այս մաշված մատներով կինը մի ժամանակ դաշնամուր էր նվագում: Մենք սովորության համաձայն նախընտրեցինք լռել: Իսկ ի՞նչ կար խոսելու: Վերջին տասը տարիների ընթացքում մեր փոխանակած բառերի թիվն իրար գումարած հազիվ թե հասներ վաթսունի: Մենք սովորել էինք բառերը փոխարինել ամենատարբեր հայացքներով․ հերիք էր՝ նա մի ունքը փոքր֊ինչ վեր բարձրացներ, կամ ես ծռեի շրթունքս և ամեն բան ավելի քան հասկանալի էր դառնում: Մեր հնահոտ խրճիթի դիմաց մի սև, անշարժ կետ էր երևում: Մոտենալով՝ տեսանք, որ այն սևուկ շունն է, որ ամեն օր այս նույն ժամին մեզ տուն է դիմավորում և դրա փոխարեն ուտելիքի սպասում: Մինչ կինս շանը կերակրում էր, ես բացեցի օրացույցն ու սկսեցի հաշվարկները: Մենք այն դարձրել էինք մայրամուտի օրացույց: Բոլոր օրերը խզբզել ու դրանց փոխարեն գրել էինք, թե այդ օրը արևը ժամը քանիսին է մայրամտվում: Ժամանակ շատ քիչ էր մնացել: Բռնեցինք դաշտի՝ մեր ուրիշ անկյունը տանող  կածանն ու համարյա վազելով գնացինք դեպի խոտերի չորացած կույտերը: Շան հաչոցը, որ ճանապարհում էր մեզ՝ անհետանում էր արևի վերջացող կարմիրի արանքներում: Բարեբախտաբար ոչ ոք չկար: Չնայած այդ կողմերում հազվադեպ որևէ շարժ  կտեսնես: Իսկ չորացած խոտերի կույտերը ես ու կինս էինք բերել այստեղ: Պառկեցինք դրանց վրա կողք կողքի ու շունչներս պահած սկսեցինք հաշվել: Մեկ նայում էի կնոջս կիսափակ աչքերին, որ պայքարում էր արևի ծակող մատների դեմ, մեկ հայացքս հառում էի արնաթույր երկինք, որն ասես վիրավոր լիներ: Ժամանակն է: Կնոջս մի հայացքով նշան տվեցի, որ մայրամուտին հինգ է պակաս, ու նա խաղաղ փակեց աչքերը, և նրա կլորիկ դեմքն ինձ ծով հիշեցրեց (Չնայած, որ երբևէ ծով չեմ զգացել): Վերջին անգամ կլանեցի դեղահոտ հորիզոնի գույնն ու ծածկեցի աչքերս:

***
Ծովը սովորականի պես հանդարտ էր: Բաց մանուշակագույն ալիքները խաղում էին ավազի խոշոր հատիկների հետ: Իսկ ո՞ւր մնաց Նա: Որոշեցի ծովի եզրագծով վազել ու գտնել Նրան: Մեկումեջ ալիքները շոշափում էին ոտքերիս ծայրերն ու մթնաթույր մորթիս թրջվում էր, բայց այդ մի տեսակ զգացումն ինձ անգամ դուր էր գալիս: Սովորությանս համաձայն հայացքս երկինք հառած էի քայլում, որովհետև ամեն անգամ նրան փնտրելիս՝ թվում էր, որ երկնքում նա թողել է իր գտնվելու վայր հասնելու քարտեզը: Ինձ նյարդայնացրեց աստղերի դասավորության խիստ անհամաչափությունը, ու ես սկսեցի խաղալ ստվերիս հետ, որ փռվել էր ծովի մակերեսին: Հանկարծ նկատեցի, որ ալիքները նույնպես աստղերի անհամաչափությամբ վարակվեցին, ու թանաքաբույր հորիզոնն աղաղաղվեց: Կանգ առա՝ չհասկանալով, թե այդ ինչ տարօրինակ մշուշ բռնեց հորիզոնը: Ամեն ալիքի հետ այդ մշուշն էլ ավելի էր ընդլայնվում ու գրավում էր ծովը մինչև վերջին հևքը: Ալիքների պես մանուշակագույն լռությունը խլացրեց մի անհանգիստ աղմուկ, որ որոտի ձայն էր հիշեցնում․անհաշվելի թվով ձիեր էին ճերմակի, սևի ու շագանակագույնի ամենատարբեր երանգների: Նրանք հայտնվեցին ասես Ոչմիտեղից, բայց շտապում էին իրենց ափ գցել: Երբ այնքան էին մոտեցել, որ որոշ չափով կարողանում էի տարբերակել նրանց դիմագծերը՝ սկսեցի ձիերի ու նրանց քայլքից ծնված ծովի փրփուրի արանքում Նրան գտնել: Դժվար չէր Նրան տարբերակելը․ ճակատին ձյունէ, աստղ հիշեցնող նշան ուներ, որ ասես ինչ֊որ մարգարեական խորհուրդ էր կրում և կոպիտ կոնտրաստի մեջ էր իր շագանակագույն հարթ մորթու հետ: Հասնելով ափ՝ նրանք բաժանվեցին երկու մասի և ցրվեցին աջ֊ձախ: Գաղափար անգամ չունեի, թե նա որ կողմի մեջ էր, և առհասարակ այդ խմբի հետ էր, թե մնացել էր ծովի հակառակ ափերում: Երբ աչքերս թափառում էին ձախ կողմում վազվզող ձիերի մեջ, հանկարծ զգացի, թե ինչպես է վզիս կենտրոնը հաճելի տաքանում ու երկնքէ երանգի լույս թրթռաց: Առանց մտածելու պտտվեցի և ․․․ Նա էր: Ինձնից մի քանի մետր էր հեռու կանգնած: Ձյունէ նշանն ասես ավելի էր լուսավորվել, իսկ մութ աչքերը հառել էր ուղիղ ինձ: Դիմացի աջ ոտքը երեք անգամ խփեց խոնավ ավազի մարմնին: Նշան էր, որ հետևեմ իրեն: Ծովից մանուշակագույնի ավելի մուգ երանգի քամի բարձրացավ, և Նրա աչքերի պես սև մազերն ու պոչը սկսեցին կամաց օորորվել: Մենք բռնեցինք երկնագույն բարալիկ թփուտների արահետը, որը տանում էր մեր ամենաթաքուն անկյունը: Հրե ծառն իր տեղում էր և սովորականի պես վառվում էր՝ ծովի ալիքների ձայնին խառնելով իր անրջային բույրը: Նա մոտեցավ այդ ահռելի կրակէ ծառին ու երկարուկ աչքերը սեղմեց: Ամեն անգամ այստեղ գալուց երազանք էր պահում: Նույն երազանքը: Հետո հավատում, որ այդ ծառը՝ իրեն գտնողների երազանքներին պարտադիր իրականության թևեր է նվիրում: (Նա ինձ այդպես էլ չմատնեց իր այդ հատուկ երազանքը, որովհետև հավատում էր, որ դրանք երբեք չպետք է պատմվեն): Իսկ ես․․․ ես վաղուց ոչ մի գրամ երազանք չունեմ և ամեն անգամ ծառի առաջ կանգնելով՝ ամաչում եմ, որ կհիասթափեցնեմ նրան: Այս ծառի գույնն ապրելիս՝ ժամանակը սկսում է մեկ սեղմվել, մեկ էլ թուլանալ: Ասում են՝ նա սիրտ ունի: Նրա տակ թաղված է այս իրականության ամենից ըմբոստ ձիու սիրտը, որը բացահայտել է աշխարհի եզրը ու իմացել, թե ինչ կա հորիզոնից այն կողմ: Ձիու սիրտն անգամ նրա շնչել դադարելուց հետո շարունակում էր սովորականի պես թփթփալ: Մինչև այս պահն էլ հրե ծառին թեթև մոտենալուն պես՝ լսելի է սրտի համաչափ, բայց անհանգիստ մեղեդին, որ գիտի այն գաղտնիքը, որի մասին ոչ մի ձի երբևէ չի համարձակվել երազել: Հանկարծ ինձ այդ վերջ չունեցող թփթփթոցից, որ մեկ բղավում է, մեկ խորհրդավոր լռում՝ ծիրանահոտ վախ պատեց, ու նույն պահին Նրա ձյունէ նշանից կապույտ փշաքաղի համ զգացի: Մի քանի ոչ համարձակ քայլ դրեցի քարացած հողին ու հայտնվեցի Նրան շատ մոտ: Ապրելով Նրա եթերային շնչառությունը՝ խաղաղվեցի: Լուռ փոխանակվեցինք հայացքներով և հասկացա, որ Նա էլ է ուզում, որ հպվեմ Իրեն: Գլուխս դանդաղ մոտեցրի Նրա գլխին, ու ես գրեթե քսվում էի Նրա երկար մազերի ծայրին, երբ ․․․

***
Երբ աչքներս բացեցինք՝ բավականին մթնել էր: Քամին հասցրել էր ուժգնանալ և աշխույժ խաղում էր կնոջս շորի մաշված փեշերի հետ: Նա տասնվեց տարեկան աղջնակի պես կարմրում էր դրանից ու ամբողջ ուժով փորձում նույնքան մաշված ափերի մեջ պահել փեշերը: Քաղցած էի: Նրա աչքերից հասկացա, որ նա էլ ոչ պակաս: Մթության պատճառով դժվարանում էինք արագ անցնել խորթուբորդ կածանով: Տուն մտնելով՝ կինս միանգամից գործի անցավ: Շատ չանցած տան հնահոտին խառնվում էր նորածիլ, խաշած կարտոֆիլի բույրը: Աղի վերջին բաժինն էր մնացել: Ցանեցինք տաք կարտոֆիլի մաշկին և անհամբեր կծեցինք՝ այրելով բերաններս ոնց երեխա ժամանակ: Ամեն օր ընթրիքին խաշած կարտոֆիլ ուտելը վերածվել էր ծիսակարգի (իրականում, տանն ուղղակի ուրիշ ոչինչ չէր լինում ուտելու): Պառկեցի հատակի սառը դեմքին, որ ասես մշտապես փշաքաղված լիներ, իսկ կինս մտավ իր խոր ճռռացող անկողինը: Պատկերացում անգամ չունեմ, թե որքան վաղուց է, ինչ հատակն է դարձել անկողինս: Հիմա անգամ դաշտի մեր այն չորացած խոտերի կույտերի վրա եմ դժվարանում քնել՝ անհարմար է թվում: Կինս ինձնից շուտ վերջակետ դրեց օրվան․ իսկ ես դեռ երկար պիտի նայեի առաստաղին, որից դեռ կախ էր ընկել կարտոֆիլի հոտը: Պարբերաբար առաստաղից սպիտակ ծեփը թափվում էր ցած ու ձյուն հիշեցնում:

***
Անհարթ ճակատիցս քրտինքի կաթիլները հանդարտ գլորվում էին վայր, և ես պատկերացնում էի, որ դրանց մեջ կիլոգրամներս են թաքնված: Կոշտ ավազը տեղ֊տեղ մգանում էր աղէ կաթիլիկներից: Ամուսնուս կորցրի տեսադաշտիցս, խոր շունչ քաշելով՝ զգացի, որ  հոգնածությունից շուտով կխեղդվեմ: Ոտքերիս զգույշ մռմռացող մատները դող կուլ տվեցին, և մարմինս սկսեց մեկումեջ ցնցվել: Արևից անխնա շիկնած դաշտի գույնին խառնվեց այն սպեցիֆիկ հոտը, որ ոչ ոք չգիտի, թե որտեղից է: Ես կարծում եմ, որ բավականին երկար ժամանակ ձյուն չապրելուց է, դրա խիստ պակասից այսպիսի կոշտացած բույրով է արբում հորիզոնը: Այդ ամենից ներսս վարակվում է օրավերջյան սրտխառնոցով և գլուխս հայհոյանքների մեջ մոլորվում է: Դրանք հերթով կախվում են գույնը ժամանակի արանքում կորցրած շուրթերիցս ու մեղրի պես ծորում ներքև: Օդը մինչև վերջ կուլ է տալիս նրանց: Հանկարծ զգում եմ, որ մեջքիս հետևում արևը դանդաղ մեռնում է: Նրա կարմիր մեռելահոտը խաղաղություն է բերում հանդերին: Ամուսնուս ձեռքով նշան եմ տալիս, որ գնալու ժամանակն է: Նա հետևում է ինձ աչքերը կիսափակ, խանձված մաշկով, ու ես ամաչում եմ, որ ծերացել եմ՝ թողնելով, որ նա էլ ծերանա:Ինձ ամեն օր թաքցնում եմ նույն դարչնագույն զգեստի տակ, որ մարմնիս պես պատվել է լաքաներով ու անհամար կնճիռներով: Եվ ո՞վ կմտածեր, որ այս խիստ անհարթ դեմքով տղամարդը մի ժամանակ ինձ այս զգեստը նվիրեց իր հետ պարի հրավիրելու համար: Այն ժամանակ բոլորս էինք վայրի, ազատ ու երիտասարդ, անգամ այս զգեստը: Ու․․․ մեր բառերը: Ամբողջ ճանապարհին մինչև տուն չխոսեցինք: Ծերացած բառերն անհոտ են: Ճերմակ գուլպաներ հագած լռությունն արնոտվեց, երբ տան առաջ նստած շան հաչոցը կրակեց նրա ճակատի ուղիղ կենտրոնին ու չվիրպեց: Ամուսինս վազեց տան միակ սենյակը դեպի մեր մայրամուտի օրացույցը: Այդ հաշվարկներից ես գլուխ չէի հանում: Շան ամեն հաչոցը փաթաթփվում էր պարանոցիցս ու անտեսանելի բրդյա ծածկոցի վերածվում կորացած թիկունքիս համար: Մենք նրա հետ ամեն օր պարտադիր կիսում էինք մեր ընթրիքի ուղիղ կեսը: Ամուսինս շնչակտուր դուրս վազեց խրճիթից և հայացքով հասկացրեց, որ ուշանում ենք: Այնքան էինք անհանգստանում ժամանակին տեղ հասնելու համար, որ չզգացինք, թե ինչպես մեկ շնչով անցանք այդքան անհարթ թվացող կածանը: Խոտի չորացած կույտերը իրենց տեղում էին և արևի համից բժժած՝ երազում էին հյուսիսափայլերի մասին, որ երբևէ չեն ապրել: Արագ տեղափոխվեցինք դրանց վրա ու հետհաշվարկ անելով փակեցինք հոգնածությունից այտուցված մեր կոպերը:

***
Մանուշակագույն, խաղաղ ալիքներով խեղդված ծովի ուղիղ կենտրոնում ինչ֊որ բարակ, բուգ գիծ էր նշմարվում: Երբևէ այս կողմերում այդպիսի երևույթ չէի բռնել: Այն ինչ֊որ մոգական ձևով ձգում էր ինձ իր կողմը: Ճակատիս ձյունէ նշանը սկսեց թրթռալ և ես մինչև վերջ հիպնոսած շարժվեցի դեպի նա: Շուրջս ոչ մի ձի չկար: Հանկարծ հիշեցի Նրա մասին: Հաստատ, ինձ է փնտրում: Նայեցի մանուշակահոտ երկնքին ու աստղերի տարօրինակ դասավորությունն ինձ հուշեց, որ Նա ծովի հակառակ կողմում է, տեսել է այդ նույն չերկրային գիծն ու քայլում է դեպի նա: Մանուշակագույն ալիքները լիզում էին մորթիս ու ամեն քայլիս հետ էլ ավելի բարձրանում մարմնովս վեր: Պոչիցս մանուշակէ փշաքաղ կախվեց ու հասավ մինչև մութ թարթիչածայր: Այս ամենին զուգահեռ միտքս պատվում էր մեր հրե ծառի գույնով ու նրա սրտի անխաղաղ զարկերով: Հետո գլխումս հրե ծառը վերափոխվում էր Նրա սև մորթիով ու ինձ փնտրող խոշոր աչքերով: Ամեն անգամ, երբ շատ ենք մոտենում միմյանց ու հասունանում է այն ամենահատուկ պահը իրար հպվելու՝ հանկարծ ամեն բան ավարտվում է: Երբ դեռ երեխա էի, փոքրիկ մի ձի, մայրս ամեն գիշեր ինձ նույն լեգենդն էր պատմում․ Մի ուրիշ իրականության փոքրիկ քաղաքի մասին, որտեղ ամեն անգամ երբ ձյուն էր իջնում՝ ամեն բան ընկնում էր իր տեղը: Ես հավատում եմ, որ ձյունն ամենաիրական նշանն է նրա, որ ամեն բան փոխվելու է: Դեռ մանկուց ամեն աստղի ընկնելու հետ երազանք էի պահում ձյան մասին: Հիմա դադարել եմ աստղերին հավատալ: Հրե ծառին եմ տալիս երազանքս: Երբ ուշքի եկա սեփական մտքերիս տեղատարափից՝ նկատեցի, որ այդ անորոշ գիծն ամեն քայլի հետ նմանվում էր ուղղանկյան ու կապտասև գույն ստանում: Դուռ էր: Դուռ, որ կանգնած էր ահռելի ծովի ամենակենտրոնում ու տանում էր հակառակ ափը: Բայց ինչպե՞ս էր այն այստեղ հայտնվել և առհասարակ ինչի՞ համար, եթե առանց դրա էլ կարողանում էինք անցնել մի կողմից մյուսը: Զգացի, որ ծովը նահանջում է ու ամենավերջում խոնարհվում այդ դռան առաջ: Այժմ ես ասես կանգնած լինեի ոչ թե ծովի մեջ, այլ նրա անկնճիռ մարմնի վրա: Նրա ալիքները հազիվ էին հասնում ոտքերիս ու չափից դուրս դանդաղ էին շարժվում: Ասես այդ դռան մոտ ժամանակն ու տարածությունը հօդս էին ցնդում: Տպավորություն էր, որ երբևէ գոյություն չեն էլ ունեցել: Իջավ կատարյալ լռություն ու կերավ երկինքը, ծովն ու փշաքաղներս հատ֊հատ: Հանկարծ թվաց, թե շնչառություն եմ լսում դռան հակառակ կողմից: Հավատում էի, որ Նա է․ շունչս պահած մոտեցա դռանը, կոպերս խիստ սեղմեցի ու գլխով հրեցի դուռը: Աչքերս վախենալով բացեցի ու․․․ Նա էր: Քարացած նայում էր ուղիղ աչքերիս մեջ: Նրա սև մորթին շողում էր, աչքերն էլ: Երկուսս էլ չէինք համարձակվում անցնել այդ դռնով ու մի քանի րոպե հայացքներ էինք փոխանակում: Նա գլուխը դողալով մոտեցնում էր ոսկրոտ վզիս, ու ես այնքան էի վախենում, որ երբ գրեթե հպվի ինձ՝ ամեն բան էլի կվերջանա: Բայց այդ պահին երկինքն ու ծովն այնքան ուրիշ թվացին, որ ես էլ գլուխս մոտեցրի Նրան ու ․․․ հպվեցի: Այդ պահին էր, որ պիտի ապրեի տիեզերքների ամենակարմիր փշաքաղը: Նրա ջերմ հպումը հերիք էր բոլոր մյուս կյանքերում խաղաղ ապրվելու համար:

***
Աչքերներս բացեցինք սառցե մանր փաթիլներից, որ օրորվելով դանդաղ թափվում էին ցած ու հանգիստ նստում խանձված մաշկով հանդերի վրա: Շուրջն ամեն բան ճերմակով էր արբել, անգամ մեր մաշված արտևանունքը: Մենք այդ երեկո դանդաղ քայլեցինք կածանով ետ՝ դեպի մեր խրճիթ, որի կտուրը մեղմ քնել էր ձյան դեռ բարալիկ շերտի տակ․․․  



Annie-Mena





Комментариев нет:

Отправить комментарий